воскресенье, 2 июня 2019 г.

ՄԻևնույն է՝ հարազատ էր վայրի կանաչը (596-րդը)


Առավոտյան արևն սկսեց շողալ, կարծես, անվերջ տեղացող անձրևներից հետո՝ կարոտած համբուրելով արթնացող բնությանը։
Գիշերվա ցրտից և առավոտվա արևի շողքերից տանիքները փայլում էին՝ արծաթագույն եղյամ հագած։ Հեռու՜ երկնքում մեկը մյուսի հետևից ինքնաթիռները ծխե շիթերով խզմզում էին կապույտ երկինքը։ Մի մենավոր թռչուն անվերջ ճախրում էր երկնքում՝ կարծես փնտրելով սիրելիին։ Հանգած ծխնելույզները խռովել էին գարնանից , այլևս նրանք չէին ձգտում դեպի երկինք։
Ճաշից առաջ դուրս եկա, քայլեցի գյուղամիջով։ Գուղը գեղեցիկ էր՝ մշակված ու բարեկարգ, բայց սլացող մեքենաներից բացի ոչ ոքի հնարավոր չէր հանդիպել։ Քայլելով նայում էի  հարևան բակերին՝ նույնպես խնամված էին, ծաղիկները վառվռում էին փայլող կանաչի միջից, սակայն մենակությունն ստիպում էր ինձ հասկանալ՝ մարդն է առաջին հարստությունն ու գյուղին կամ քաղաքին կենդանություն, համ ու հոտ տվողը, որքան էլ փողոցները խնամված լինեն։ Այդ գյուղը սառն էր ու դատարկ՝ առվազն ինձ համար։
Մի քանի պտույտ կատարելով՝ վերադարձա։ Բակում՝ անցած տարվա խոտն  անխնամ  փռվել էր։ Մի հայացք էլ գցեցի դիմացի խնամված բակին, տխուր ներս մտա, քանի որ իմ երկրում միայն մի քանի ամսով խոտհարքերում կարելի է կանաչ տեսնել, մնացած ժամանակներում անապատի ավազի գույն է ստանում, թե՛ բակ, թե՛ փողոց, ուստի չէի կարողանում հասկանալ, արդյոք ո՞րն է ավելի գեղեցիկ, վայրի փարթամ կանա՞չը, թե՞ խնամված կանաչը։ Լուսամուտից մեկ անգամ ևս նայեցի բակ՝ միևնույն է՝ հարազատ էր վայրի կանաչը։
Տոթն ինձ ստիպում էր հաճախ հիասթափվել, քանի որ ողջ ձմեռ ջեռուցում չունեցանք, սառեցինք, իսկ հիմա, երբ վերջանում է գարունը, տոթից սենյակում օդ չկա շնչելու։ Այնուհետև հերթական անգամ, երկար ժամանակ փորձում էի  յուրաքանչյուր կարգավորիչ իր տեղը դնել և ակամա գլխի էի ընկնում՝ նայելով հին ու ամուր կարգավորիչներին՝ կարգավորիչները պարզապես տեղադրված չեն եղել աշխատակիցների կողմից։ Գուցե մեր լեզվի չիմացությու՞նն էր առիթ տվել նրանց այդպես վարվելու, քանի որ նրանք համոզված էին՝ մենք  անզոր էինք  բողոքելու։ Գուցե։
Սոմալին վաղ էր արթնացել, նա հագել էր իր թրթռան շրջազգեստը և կարճ վերարկուն, սպասողական դուրս ու ներս էր անում։ Իսկ իմ միակ ընկերը մնում էր լուսամուտը, նա հավատարմորեն ինձ ցույց էր տալիս, թե ինչպես են թռչուններն աշխուժացած իրենց բույնը շինում՝ հաճախ վեր ճախրելով, կարծես այնտեղից հիացմունքով դիտում իրենց կատարած օրվա աշխատանքին։
Սոմալին դուրս եկավ՝ առանց հրաժեշտ տալու։ Ինձ մնում էր հերթով գամվել  լուսամուտներին, այս անգամ բոլոր կողմերից դիտելու իմ բաժին «աշխարհին»։

Комментариев нет:

Отправить комментарий