понедельник, 1 июля 2019 г.

Թուրք փաստաբանը (596-րդը)


Թուրք փաստաբանի գրասենյակը, հակառակ մեզ խոստացած, բայց խոսքը դրժած գերմանացի փաստաբանի գրասենյակի, գտնվում էր բազմահարկ  ու լուսավոր շենքում։ Այն պատկանում էր ժամանակի ոճին՝ ներքին ու արտաքին հարդարանքով։ Հայտնվելով բարձր հարկերից մեկում, մենք շարվեցինք միջանցքի նստարանին՝ սպասողական հայացքով ուղեկցելով բորոր անցնողներին և բոլորի մեջ էլ փնտրելով մեզ անծանոթ  փաստաբանին։
-          Բարև ձեզ,- վերջապես մեզ մոտեցավ քառասունին մոտ, սևահեր, թուխ մաշկով, կարմիր այտերով, կիսաճերմակած մի տղամարդ։ Նրա ներկայանալուց հետո մենք խորը շունչ քաշեցինք, երբ պարզվեց նա հենց մեր փնտրած թուրք փաստաբանն է։
-          Մենք առանց «տերմին» ենք եկել,- մեղավոր արտաբերեցՄանեն։
-          Ոչինչ, ես ձեզ կլսեմ,- առանց ժամանակ կորցնելու՝ արագ պատասխանեց նա և անհետացավ մոտակա դռներից մեկի հետևում՝ մեզ հրահանգելով, սպասել։ Նորից կարգապահ շարվեցինք նույն նստարանին։
Քանի որ, փաստաբանը պետք է մեզ արտահերթ սպասարկեր, ուստի երկար սպասեցինք։ Վերջապես դուռը բացվեց, դուրս եկավ փաստաբանը՝ արևելյան դիմագծերով երիտասարդ ամուսինների հետ։ Նրանց ճանապարհելուց հետո,  նորից մոտեցավ մեզ։
-          Համեցե՛ք ներս,- որպես մեկ անգամ մերժվածի, իսկ հաջորդ անգամ երկար սպասածի, շտապեցինք ներս մտնել։ Ինչպես ողջ շենքը, նույնպես էլ գրասենյակը լուսավոր էր, կահավորված ժամանակի վերջին ճիչով։ Որպես Ազուլ, երկար ամիսներ դատապարտված անհարմարությանը՝ ես ու Մանեն զմայլված երկար նայում էինք մեր  շուրջը, այնուհետ նստեցինք հարմարավետ աթոռներին։
Մանեն այլևս ոչինչ չպատմեց փաստաբանին, պարզապես փաստաթղթերը տվեց նրան։ Նա արագ աչքի տակով անցկացրեց, հայացքը սահեցրեց մեր վրայով։ Ես և Մանեն անհանգստացանք նորից մերժվելու վտանգից, իսկ Պետերը, որ այս անգամ մեզ հետ ներս էր մտել, հանգիստ սպասում էր փաստաբանի խոսքին։
-          Ձեր գործը կվերցնեմ,- հայտարարաեց նա, Մանեն հասկանալով ժպտաց, ես էլ ժպտացի՝ տեսնելով՝ Մանեն ժպտում է։ Փաստաբանը, երկար և շատ արագ սկսեց խոսել ու խոսել։ Ես և Մանեն պարզապես նստել էինք՝ հույսներս դնելով Պետերի վրա և չէինք սխալվել, երբ փաստաբանը լռեց, Պետերը դանդաղ գերմաներենով թարգմանեց նրա արագ գերմաներեն խոսքը։
-          Դուք պետք է վճարեք հազար եվրո իմ աշխատանքի դիմաց,- գործն իմացողի պես հայտարարեց փաստաբանը։
Մենք նայեցիքն իրար՝ ես՝ հույսով, իսկ մյուսներն՝ ինձանից պատասխան ակնկալելով։ Փաստաբանը թույլ տվեց մտածել մի քանի րոպե, որն իհարկե ոչնչով չէր կարող ազդել իմ որոշման վրա, որքան էլ իմ ամսեկան նպաստը կազմեր երեք հարյուր եվրո։
-          Այո՛, համաձայն եմ,- այս անգամ դողացող ձայնով պատասխանեցի, քանի որ հազար եվոր գումարած տոկոսը, պետք է խնայեի այդ երեք հարյուր եվրոից։
-          Բայց միանգամից չեմ կարող,- տարակուսած ավելացրի ես։
-          Ոչ հիմա և ոչ միանգամից, մի՛ մտահոգվեք, նրանք ձեզ փոստով կուղարկեն, թե երբ և որքան պետք է վճարեք առաջին անգամը,- բացատրեց Պետերը, որից սիրտս տեղն ընկավ, ես էլ հուսահատությունից չփլվեցի հատակին, այլ մնացի նստած գեղեցիկ ու հարմարավետ աթոռին։

Комментариев нет:

Отправить комментарий