воскресенье, 9 июня 2019 г.

Նա տարօրինա՞կ էր, թե՞ ուզում էր մենակ ապրել(596-րդը)


-          Արի միասին մի տեղ գնանք,- անսպասելի առաջարկեց նա, տեղից վեր կենալով և բացեց դրսի դուռը, դուրս եկավ, ստիպված հետևեցի նրան։ Նա բարձրացավ երրորդ հարկ, սեղմեց առաջին դռան զանգի կոճակը, այն բացեց նիհար, բարձրահասակ, երեսունն անց մի երիտասարդ։
-          Բարև,- ասաց Ռադան, ապա ցույց տվեց իմ կողմը,- Ահա՛, հայրենակցիդ բերել եմ քո տուն։
Իհարկե զարմանքն ինձ ստիպեց մե՛կ նայել անծանոթ երիտասարդին, մե՛կ ինձ անակնկալի բերած կնոջը։
-          Համեցե՛ք,- վերջապես կողմորոշվեց երիտասարդը, իսկ ես ստիպված էի ներս մտնել։ Ռադան  արագ վերադարձավ՝ ինձ թողնելով շվարած, կանգնած անծանոթ բնակարանում, անծանոթ երիտասարդի դիմաց։
-          Անունս Դավիթ է։ Ձե՞զ են բերել երկրորդ հարկ,- հարցրեց երիտասարդը։
-          Այո՛, բայց չգիտեմ, թե ինչու՞ այդ կինն ինձ բերեց այստեղ։
-          Նա տարօրինակ է, զգու՛յշ եղեք, դեռ շատ անակնկալների կհանդիպեք։
-          Ինչպե՞ս թե տարօրինակ է,- լսածից զգաստացա,- Անկանխատեսելի է, ուստի նրա ընտանիքը պարզապես փախել է՝ ազատվելու նրանից, անգամ ոստիկանությունն է ընտանիքի կողմից։
Ոչինչ չէի կարողանում ասել, միայն լսում էի և հոգուս խորքում հազար անգամ ափսոսում Վիտլիխի սոցիալի փոխվելու համար, որ լսել էր իմ գանգատը՝ այդ պահից գերադասելով նախկին՝ իմ կողմը չնայող սոցիալին։
-          Այդ ամենը սոցիալը գիտի՞։
-          Ինչպե՞ս չգիտի։
-          Իսկ ինչու՞ ինձ բերեցին նրա մոտ, թող ասեին տեղ չկա և վերջ։
-          Շուլցի համար ինչ, կամ էլ մտածում էր՝ գուցե հարմարվեք։ Եթե սկսի խոսել, չպատասխանեք, այլապես նա կարող է ափերից դուրս գալ։
-          Փաստորեն, ջրից պրծա, ընկա կրակը,- մրմնջացի ես, անխոս դուրս եկա այդ բավականին բարեկարգ ու մաքուր բնակարանից, որը ըստ կոսովոցու նախատեսված էր եղել ինձ համար։
Իհարկե իմ իմացածից ոչ մի լավ ակնկալիք չունենալով՝ կոտրված ու հուսահատ վերադարձա։ Ռադան պառկած հեռուստացույց էր դիտում, առաջացա, նստեցի հաջորդ բազմոցին։
-          Ինչու՞ եկար։
-          Այսինքն,- հնչած հարցից քարացա, նստածս տեղից դանդաղ վեր կացա։
-          Այսինքն մնայիր հայրենակցիդ մոտ, դու ինձ խանգարում ես։
-          Ինչո՞վ։
-          Նոր ես եկել, ամեն ինչ իրար ես խառնել, իբր մաքրություն ես անում, գնա քո սենյակը, մնա այնտեղ, դուրս մի արի, չեմ ուզում քեզ տեսնել, հասկացա՞ր։
-          Հասկացա, բայց այս տունը, որքանով քոնն է, նույնքան և իմն է։
-          Թվում է՝ հենց հիմա ոստիկանություն կկանչեմ, դու ո՞վ ես նման կերպով քեզ պահես,- այս նախադասությամբ նա սկսեց գոռալ ու խոսել, խոսել ու գոռալ՝ ամեն ինչ շպրտելով ու խառնելով իրար։ Նրա ձայնը լսելով եկավ Դավիթը։
-          Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա, առաջ անցավ, կանգնեց Ռադայի դիմաց,- Ձենդ կամաց հանիր, էլի սկսեցիր քեզ ցու՞յց տալ։
-          Նա անդադար խոսում է ու խոսում, ես բառ անգամ չեմ ասում նրան, բայց նա խոսում է ու գոռում,- սկսեցի լաց լինել ու դողալ՝ նյարդերս տեղի էին տվել։ Դավիթը շարունակեց նախատել նրան, բայց կարծես նա չէր լսում, շարունակ խոսում էր ու խոսում։ Վերջապես, հուսահատված, թե հոգնած հայրենակիցս դուրս եկավ, ես մնացի նստած աթոռին, իսկ սեղանին դրված էր իմ համակարգիչն ու տետրը։ Նա տետրը շպրտեց հատակին, իսկ համակարգիչը պարզապես փակեց՝ այս դեպքում բախտս բերեց։
-          Գրումա, գրումա, ի՞նչա գրում, ոչ ոք չի հասկանում,- շարունակեց նա բղավելով։
Ինքնազսպվածութնունը լքեց ինձ, լացս պոռթկաց, կարծես այն ցրիվ եկավ տնով մեկ։ Լացելով ու դողալով՝ դուրս եկա բակ։ Գնացի սոցիալ։ Տիկին Շուլցը փոքրիկ երեխայի հետ բակում զբոսնում էր, տեսնելով մոտեցա։
-          Այդ կինը գիժ է, ինչու՞ եք ինձ բերել այստեղ, ես չեմ դիմանում, նա խոսում է ու խոսում, գոռում է ու գոռում,-բարձրաձայն լացելով՝ բողոքում էի, իսկ տիկին  Շուլցը կանգ առավ, բազմանշանակ նայեց շենքի կողմը, ապա հանգիստ պատասխանեց, կարծես այդպես էլ պետք է լիներ։
-          Վաղը՝ այսօր աշխատանքային ժամն ավարտվել է։

Комментариев нет:

Отправить комментарий