пятница, 21 июня 2019 г.

Վերջապես սովորեցի մուկ որսալ (596-րդը)


Իմ դասագիրքը երկար ժամանակ միակն էր դասարանում, ուստի օգտվում էին ում հասանելի էր այն։ Ամեն դասի օր, մասնակիցները հերթով հեռախոսով նկարում էին միակ գիրքը, գնելու նպատակով, այնքան ժամանակ, մինչև վերջացան դասերը։ Մնացած բոլոր օրերը իրար նման էին՝ բացառությամբ բացակաների առումով։ Արդյունքում, որպես «ակտիվ» աշակերտներ, դասերին հաճախում էինք մի քանի հոգի։ Երբեմն դասարանում  հայտնվում էին նոր դեմքեր։ Այդ մարդկանց ընդհանրապես առաջին անգամ էի տեսնում, նրանք, ինչպես հայտնվում էին, նույնկերպ անհետանում։ Հիմնականում դասին ներկա էինք լինում երեք հոգի՝ աֆղան ամուսինները և ես, իսկ երբեմ էլ փոքրամարմին մի աֆղան երիտասարդ՝ նրանց անունները ոչ մի կերպ մտապահել չէի կարողանում։
Մանդերշայդն՝ իր շրջակա բնակավայրերով, լեցուն էր ազուլներով, սակայն դասին ներկայանալ ոչ ոք չէր ցանկանում։ Երևի նրանք էլ ինձ պես չէին սիրել դպրոցը և երեխաների միջև խտրականություն դնող ուսուցիչներին, ուստի չէի զարմանում, պարզապես նախանձում էի, քանի որ նրանց բացակայությունը չէր նկատում սոցիալը։
Անցան օրեր, եկավ ինձ համար անծանոթ տոներից մեկը։ Դասատուն հայտարարեց՝ երկու շաբաթ դաս չի լինելու, ինչն ինձ համար, իհարկե ուրախալի էր։ Տուն մտնելով, պատրաստվեցի հաջորդ օրը մեկնելու Մանեի մոտ։ Երբ այդ մասին հայտնեցի նրան, նա խորհուրդ տվեց գումարն ստանալ, հետո մեկնել, խուսափելու ավելնորդ խնդիրներից։
Քանի որ գումարն ստանում էի բանկի աշխատակցի միջոցով, ինձ մնում էր սպասել, մինչև հաջորդ աշխատանքային օրը։ Որքան էլ իմ օգտին լիներ տված խորհուրդը, տխրեցի, քանի որ հույս ունեի՝ ճանաապարհ դուրս գալով, մեկ օր առաջ բավարար շնչելու հնարավորություն կունենամ:
Հաջորդ առավոտյան, նորից գնացի բանկ և  համբերատար աշխատակցուհին տվեց իմ հասանելի գումարը՝ պահում անելով տաս եվրո քարտի համար, այն ինչ իմ բանկային քարտն արժեր ընդամենը չորս եվրո և հիսուն ցենտ։ Իմ իմացած լեզվով լուռ նայեցի աշխատակցի դեմքին, իսկ նա իր հերթին բարեհամբուր ժպտաց ինձ։ Գուցե հասկացա՞վ իմ բողոքը։ Գուցե։ Բայց նրա հասկանալը չվերադարձրեց ավել գանձաված գումարը։ Իհարկե փաստն ազդել էր տրամադրությանս վրա՝ ոչ այնքան գումարի պակասը, որքան իմ բողոքելու անկարողությունը։
Տուն մտնելիս, այս անգամ  մուկ չընկավ գլխիս, ուստի այն համարեցի մեծ առաջընթաց օրվա պահով։ Հաջողված համարելով ներքնահարկ իջնելս՝ հանկարծ երկրորդ հարկի դուռը բացվեց, և իմ դեմ ելավ տան տիրուհին՝ ձեռքին շոկոլադի դատարկ տուփը։ Նա բավականին ջղայնացած այն ցույց տվեց ինձ։
-          Այն մեծ աղբամանը թղթի համար է,- վանկարկելով բացատրեց նա։ Իհարկե գիտեի, բայց քանի որ հիմնական աղբաման չունեի, ուստի ու՞ր գցեի աղբը, որքան էլ հասկացողի տպավորություն թողնեի կամ հակառակը։ Քանի որ տինին Շուլցին հեշտ էր ինձ հասկացնելը, ուստի իրենից գոհ ներս գնաց, մեծ գամփռն էլ հետևից, որից շան պես վախենում էի։
Առավոտյան, որպես կանոն, այցելեցի սոցիալին, հետո վերցրի ճամպրուկս ու քայլեցի դեպի կանգառ։ Որքան անցել եմ սոցիալի շենքի մոտով, երբեք չի պատահել, որպեսզի նա դուրս նայեր լուսամուտից, սակայն այս անգամ տեսավ, երբ ճամպրուկով էի՝ ես մնացի  պարտված, բայց ետ դառնալ չուզեցի։ Նստեցի ավտոբուսը, գնացի Վիտլիխ։ Երեկոյան նորից վերադարձա, որպեսզի տիկին Շուլց-սոցիալը ինձ չպատժեր հերթական անգամ։
Գիշերը մնացի  անքուն, քանի որ ներս մտնելիս, ինձ հետ մի ճարպիկ մկնիկ ներս վազեց։ Մնացած ողջ օրը զբաղվեցի այդ մկանը որսալով և պատկերացնու՞մ եք՝ հաջողվեց, թեկուզ արդեն կեսգիշեր էր։ Բավականին երջանկացած քուն մտա։

Комментариев нет:

Отправить комментарий