воскресенье, 9 июня 2019 г.

Ոստիկանները (596-րդը)


Մնացի փողոցի մեջ կանգնած՝ շվարած մարդու ստեղծած դրվածքից, մոլորված նույն մարդու անտարբերությունից։ Ամռան կեսին աշխարհը ցրտեց ինձ համար, դարձավ սառցե մի բեկոր, և որբացած մնացի աշխարհի այդ օտար անյունում՝ կանգնած թևաթափ, իսկ ափսոսանքը խեղդում էր կոկորդս՝ վերածելով այն արտասաունքի, թրջում էր դեմքս։ Ինձ մնում էր լացելը և լաց լինելով վերադարձա սենյակ, բանալին պտտեցի բացելու սենյակի դուռը,այն մնաց կողպեքի մեջ, ես էլ մնացի դռանը կանգնած։ Ռադան խոսելով, բղավելով հագնվեց դուրս եկավ, իսկ ես շարունակում էի փորձել՝ բացելու դուռը, բայց ոչինչ չէր ստացվում։ Ստիպված էի օգնություն կանչել հայրենակից Դավթին՝ միակ ծանոթին նոր միջավայրում։
-          Խնդրում եմ, օգնի՛ր բացել դուռը։
-          Ի՞նչ է պատահել։ Նա դեռ խոսու՞մ է։
-          Այո՛, բայց հիմա էլ ուրիշ խնդիր է՝ բանալին մնաց կողպեքի մեջ, երբ ուզում էի դուռը բացել։
-          Հիմա կգամ,- առանց ցանկության ասաց նա, ինձ հետ իջավ երկրորդ հարկ։ Երկար չարչարվելուց հետո, ավելի շուտ միայն կողպեքը քանդել և նորից տեղադրելուց հետո, նա կարողացավ բանալին հանել։  
Վերադարձավ Ռադան։ Տեսնելով Դավթին, կարծես կրակի վրա յուղ լցնեին, սկսեց բղավելով խոսել, այդ պահից նրա խնդիրը ոչ թե ես էի, այլ Դավիթը։ Նրանք սկսեցին գոռգոռալ, ոչ այն էր ռուսերեն, ոչ այն էր գերմաներեն, բայց զարմանալիորեն հասկանալով,  իրար պատասխանում էին։ Ինձ մնում էր քաշվել սենյակում և սպասել հաջորդ օրվա սոցիալի վճիռին, սակայն նրանց վեճը բորբոքվեց, և Ռադան ի վերջո զանգահարեց ոստիկանություն, իսկ Դավթի համբերությունը հատվեց և նա թքեց Ռադայի երեսին, դուրս գնաց։ Մնացի սենյակում փակված։
Արևահար դեմքերով, երկար տարիների փորձ ունեցող երկու ոստիկաններ ներս մտան, երբ Դավիթն արդեն բարձրացել էր իր բնակարանը, իսկ Ռադան շարունակում էր բղավել ու բղավել։
-          Հալլօ, ի՞նչ է պատահել,- ներս մտնելով հարցրեց ոստիկաններից մեկը։ Ռադան սկսեց ավելի բարձր գոռալ և բողոքել ինձանից։
-          Նա ոչինչ չի հասկանում։ Նա գերմաներեն չգիտի։ Նա ի՞նչ կարող է բացատրել ձեզ։ Ուրիշ տղամարդ է բերել իմ տուն։ Ես բողոքում եմ։ Նա իմ հանգիստը խանգարում է, տարեք նրան իմ տնից։
Սենյակից դուրս եկա, երբ հասկացա՝ նրանք ուզում են բարձրանալ երրորդ հարկ՝ Դավթի հետևից, իսկ Ռադան շարունակ բղավում էր։
-          Այդ Դավիթը գող է, ինչու՞ էր մտել իմ տուն։
-          Հանգիստ, քեզ հանգիստ պահիր, այս տունը որքանով քոնն է, նույնքան և նրանն է,- բացատրեց ոստիկանը՝ Ռադային դեպի ներս տանելով․․․
-          Ո՛չ, նա այստեղ չի մնալու,- նորից բղավեց կինը, ոստիկանը ետ եկավ, ինձ տեսնելով կանգ առավ։
-          Ո՛չ, նա ստում է, այդ երիտասարդը ինձ օգնեց իմ խնդրանքով, երբ բանալին մնացել էր կողպեքի մեջ, ահա՛,- բացատրեցի նրանց՝ ցույց տալով կողպեքն ու բանալին։
Ոստիկաններն ինձ տեսնելով՝ նայեցին իրար, մեկը մյուսին շշնջաց․
-          Նորմալ մարդ է։
-          Օգնե՛ք ինձ խնդրում եմ,- արտաբերեցի հազիվ լացս զսպելով և այլևս լռեցի։
-          Մտե՛ք սենյակ և դու՛րս չգաք, մինչև մեր որոշումը,- հրահանգեց ավելի տարիքով ոստիկանը, այնուհետև փաստաթղթերս նայելով, նորից վերադարձավ ընդհանուր սենյակ։
-          Որքան դու իրավունք ունես, նույնքան էլ նա,այնպես որ քեզ հանգիստ պահիր,- ավելի կոպիտ կրկնեց նա։
-          Ո՛չ, նա ինձ խանգարում է, թույլ չի տալիս հանգիստ հեռուստացույց դիտել, իսկ դրանից իմ գլուխն ահավոր ցավում է։
-          Ասացի քեզ՝ հանգիստ պահիր,- նորից կրկնեց ոստիկանը, երբ Ռադան փորձեց մտնել ինձ հատկացված սենյակը։
Երբ գնչուհի Ռադայի բառերը վերածվեցին պարզապես աղմուկ-աղաղակի, ոստիկանները դիմեցին դեպի դուռը՝ պարզապես չուզենալով այդ կնոջ հետ գլուխ դնել, նորից հիշեցնելով ինձ, որպեսզի սենյակից դուրս չգամ, ուստի նրանց գնալուց հետո, կողպեցի դուռը և մնացի ոչ հաճելի առարկաներով շրջապատված, մինչև հաջորդ օրը։

Комментариев нет:

Отправить комментарий