среда, 5 июня 2019 г.

Կուզեյի, որպեսզի լավ մարդիկ միշտ ներկա լինեին իմ կյանքում (596-րդը)


Հաջորդ օրը պետք է դուրս գայի հիվանդանոցից, եկավ Լիլիթը։
-          Ոչ մի կերպ ժամանակ չեմ գտնում ձեզ այցելելու, ինչպե՞ս եք,- ասաց նա՝ քաղցրավենիքի տուփը մեկնելով ինձ,- Սա ձեզ համար եմ բերել։
-          Շնորհակալ եմ, բավականաին լավացել է ինքնազգացողությունս բժշկի շնորհիվ, բայց ախտորոշումը այնքան էլ հաճելի չէր։
-          Եվ ի՞նչ էր ախտորոշումը,- հոնքերը խոժոռեց Լիլիթը։
-          Պարզվեց ասթմա ունեմ։
-          Ձեզ նույնպե՞ս այդպես ասացին,- քմծիծաղեց նա,- Մի քանի ամիս էլ ինձ զննեցին և վերջում ասացին՝ ասթմա ունեմ, նրանք դեղեր նշանակեցին, բայց չեմ օգտագործում։ Եթե նեղություն չի տալիս, դուք էլ մի օգտագործեք,- վերջում խորհուրդ տվեց նա։
-          Կփորձեմ, բայց համոզված չեմ։
-          Ո՞վ ախտորոշեց, Անդրե՞յը։
-          Ո՞վ է Անդրեյը։
-          Ձեզ բուժող բժիշկն է։
-          Ա՜խ, այո, ցրված եմ բավականին կատարվածից, անգամ լավ մարդկանց անունն եմ մոռանում, բայց ոչ միայն նա, այլ մի ուրիշ բժիշկ, նա նույնպես գերմանացի չէր։
-          Հիմա հազվադեպ են գերմանացի բժիշկները, ձեր ասած բժիշկն արաբ է, այս հիվանդանոցի գլխավորն է։
-          Գերմանիայում գերմանացի չկա՞,- արդարացիորեն զարմացա ես։
-          Կա, երևի ավելի խոշոր քաղաքներում են,- պատասխանեց նա, ապա ծիծաղելով ավելացրեց,- Գիտե՞ք՝ ի՞նչն է հետաքրքիր։
-          Ի՞նչը։
-          Մի ժամանակ բժիշկները հիվանդներին չէին հասկանում, իսկ հիմա հիվանդները  բժիշկներին չեն հասկանում։
-          Այո՜, պարզվում է ամենուր է արտագաղթն արդիական։
-          Ե՞րբ եք դուրս գալիս այստեղից,- հետաքրքրվեց նա։
-          Ըստ բժշկի՝ վաղը, ստույգ չգիտեմ։
-          Ուրեմն էլի կգամ,- ասաց նա և հրաժեշտ տվեց՝ վերցնելով իմ ձեռքի համարը, խոստանալով զանգահարել, բայց այդպես էլ նա  չեկավ և չզանգահարեց, որքան էլ սպասեի, ինչպես շատերին էի սպասում։
Օրը վաղուց կիսվել էր, երբ եկավ բժիշկը։ Սկզբից նա մոտեցավ հիվանդներից մեկին, երկար ժամանակ զրուցեց նրա հետ, որից կինը նկատելիորեն տխրեց, սկսեց լաց լինել և հավաքել իրերը։ Քիչ անց եկավ նրա ամուսինը, նա նորից սկսեց լաց լինել։ Որքան էլ գերմաներեն չհասկանայի, այդ դեպքում հասկացա՝ կնոջ մոտ լուրջ առողջական խնդիր էր և փառք տվեցի Աստծուն իմ ախտորոշման համար։ Այս անգամ սկսեցի անհանգստանալ իմ տեղափոխության համար։
Լաց լինող կինը գնաց ամուսնու հետ, իսկ թափուր անկողնուն բերեցին նոր հիվանդ։ Ինչպես նորեկը, մյուս բոլոր հիվանդներն էլ բավականին տարիքն առած կանայք էին։ Ավելի երիտասարդ հիվանդները հիմնականում ազուլներ էին՝ այդ թվում նաև ես։
Այն, ինչ փողով չի գնվում, չի գնահատվում ըստ արժանավույն, մինչ այն պահը, երբ գալիս է պահը վճարելու նաև այդ չգնված արժեքի համար։ Պարզվում է՝ այն կա՛մ շատ թանկ է արժենում, կա՛մ անգին է, և դա վերուստ տրված կյանքն է, որի համար պայքարելն այդ շենքում, տարիք չի հարցնում։
Իմ հայրենիքում կյանքն ու հետաքրքրությունն ավարտվում է, երբ մարդն անցնում է կենսաթոշակի, իսկ հաճախ շատ ավելի վաղ։ Անհերքելի ճշմարտություն է՝ ծերը հիվանդանոց չի հասնում, իսկ եթե հասնում է, մնում է անտեսված բուժաշխատողների կողմից՝ որպես կյանքն ապրած։ Եվ ահա, այս երկրում ես տեսնում եմ անգամ իննսունն անց ծերերի, որոնց սրտացավորեն են վերաբերվում բուժաշխատողները, անգամ, եթե նրանք գոյատևում  են արհեստական շնչառությամբ։ Եվ այդ ուժասպառ ու անդամալույծ ծերերը խնամվում էին անտես մի ձեռքի օգնությամբ՝ չզգալով որևէ մեկի կարիքը, որքան էլ հարազատները գիշերեին նրանց մահճի մոտ։
Նման մտորումներից ինձ ետ բերեց ծանոթ ձայնը։
-          Այսօր, ես ձեզ տուն կուղարկեմ,- հայտնեց բժիշկը, որից ոչ ուրախ էի, ոչ էլ տխուր,  միտքս ցիր էր, հոգիս խռոված բովանդ աշխարհից։ Օրերը ցուրտ էին, որքան էլ դրսում այրեր արևը։
-          Շնորհակալ եմ, դուք ավելին արեցիք ինձ համար, քան կարելի էր։
-          Դա իմ պարտքն է,- համեստորեն պատասխանեց նա, և ես հասկացա՝ երբեմն են գեղեցիկները տգեղ հոգի ունենում,- Ձեր ճնշումը բավականին ցածր եմ պահել այս օրերին, ինչպե՞ս էիք զգում ձեզ։
-          Կասեի՝ բավականին լավ։
-          Նույն հաբերը կընդունեք նաև տանը։
Իհարկե, դեղերի առկայությունը չէր կարող ուրախացնել ինձ, բայց լինում են վատից վատ պահեր, ուստի հարմարվեցի նոր իրականության հետ։
-          Շնորհակալ եմ, իհարկե։
Բժիշկը դուրս գնաց, մի քանի ժամից վերադարձավ՝ ծրարը ձեռքին։
-          Ահա՛, այս նամակը կտաք ձեր տնային բժշկին, նա նշանակումները կանի։
-          Նորից շնորհակալ եմ,- պատասխանեցի նրան, այնուհետև նա ձեռքով բարևեց ինձ։
-          Ձեզ լա՛վ նայեք, առողջություն եմ մաղթում,- ասաց նա, և այս անգամ հրաժեշտը տխրեցրեց ինձ, քանի որ շատ կցանկանայի, որպեսզի բոլոր լավ մարդիկ միշտ ներկա լինեին իմ կյանքում, գուցե ամենալավ հաբը նման մարդկանց ներկայությու՞նն է։ Գուցե։ Բայց նա, դուրս գալով հիվանդասենյակի դռնից, դուրս եկավ նաև իմ կյանքից, և ես մտամոլոր հավաքվեցի՝ սպասելով պատվիրված տաքսուն։ Բավականին ուշացած՝ մոտեցավ գլխաշորով մի տղամարդ։
-          Բարև ձեզ, դու՞ք եք տաքսի պատվիրել։
-          Այո՛։
-          Եկե՛ք,- ասաց նա և վերցրեց իմ պայուսակը։ Նրա օգնելն ինձ ստիպեց ներել նրան, երկար ժամեր սպասելուս համար։
-          Ինձ այստեղ իջեցրեք, պետք չէ հասնել գյուղ,- ասացի ես, երբ հասանք քաղաքի կենտրոն, վարորդն իհարկե ժպտաց, ապա խորամանկ հայցքով նայեց ինձ։
-          Հինգ եվրո տվեք,- իհարկե, տեղյակ էի նախօրոք տաքսու վճարված լինելու մասին, բայց այս դեպքում իրավունքը վեր էր օրենքից, և լուռ նրան տվեցի պահանջած գումարը։

Комментариев нет:

Отправить комментарий