суббота, 15 июня 2019 г.

Գերմանացին սովորեցրեց ժպտալ բոլորին անկախ ամեն ինչից (596-րդը)


Գուցե Գերմանիայի մարդասիրությունն առաջին հայացքից անսահման էր թվում։ Գուցե դա՞ էր պատճառը՝ այդ երկրի հովանու տակ էին հավաքվել հարյուր հազարավորներ՝ տարբեր հավատի և գույնի, և բոլորին կառավարում էր մի անտեսանելի ուժ, և այդ ուժը այդ հոծ բազմությանը ստիպում է ենթարկվել  մարդասիրության նորմերին։ Այն ավելի ակնհայտ էր դառնում, երբ գալիս էր գումար ստանալու օրը։ Հիմնականում, բոլորը կարգապահորեն ստանում էին իրենց հասանելիքը, և ոչ ոք սոված չէր մնում։ Ահա մարդասիրության չափանիշը։
Գնացքներում, ավտոբուսներում՝ ամենուր հոգնած ու կիսաքուն ազուլներ էին և դպրոցականներ։
 Որպես այդ մարդասիրական օրենքին ենթակա և օգտվող, պետք է ժամանակին վերադառնայի, և հիմնականում տեղում լինեի, որպեսզի չխախտեի սահմանված  կարգ ու կանոնը։ Ուստի մի քանի օր հետո վերադարձա Մանդերշայդ։ Տեղ հասնելուն պես, որքան էլ հոգնած լինեի, առաջին հերթին պետք է մտնեի սոցիալին տեսնելու կամ հակառակը՝ սոցիալն ինձ տեսներ։ Փողոցում պատահաբար հանդիպեցի Դավիթին։
-          Բարև ձեզ, էս ու՞ր եք կորել, չկաք,- տեսնելով ինձ՝ սկսեց նա։
-          Ինչպես միշտ այն բնակարանում եմ, ինչու՞։
-          Հեչ, էն օրը եկանք, ես և Մուսլիմն էինք՝ դուռը ծեծեցինք, չբացեցիք։
-           Բնակարանը ներքնահարկ է, պետք է հեռախոսով զանգահարել, այնուհետև գալ, այլապես որքան էլ դուռը ծեծեք, միևնույն է չեմ լսի։
-          Հիմա ու՞ր եք գնում։
-          Ուզում եմ մտնել սոցիալի մոտ, իսկ ի՞նչ կա որ։
-          Ոչինչ, օգնելու կարիք կա՞։
-          Առայժմ ոչ, շնորհակալ եմ։
-          Եկեք մեր տուն, ինտերնետից օգտվեք։
-          Շնորհակալ եմ, կգամ,իսկապես ինտերնետի կարիք ունեմ- պատասխանեցի նրան, ապա մտա սոցիալ։
Դուռը ծեծեցի, Շուլցի թույլտվությամբ ներս մտա։ Բարևից բացի՝ իմ անելիքը նաև սոցիալի աշխատակցին նայելն էր, մինչև նա ինձ կասեր «ցտեսություն»։ Արարողությունը բարեհաջող ավարտելով՝ դուրս եկա, քայլեցի մի քանի հարյուրամյա պատմություն ունեցող քաղաքով։ Փողոցները թեք էին՝ զառիվեր ու վար։ Թվում էր՝ ժամանակին հարթել էին հսկա սարի գագաթը՝ կառուցելու այդ փոքրիկ քաղաքը, և հետաքրքիրն այն էր՝ ժամանակի ընթացքում քաղաքը չէր տարածվել ու մեծացել, այլ մնացել էր հիմնականում հին շինություններով, որպես հիշողություն անցյալից։ Քաղաքի փեշերը վերջանում էին շրջապատված անտառով։
Հաճախ բնակավայրերը գեղեցիկ են բնության շռայլությամբ, սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ այդ քաղաքն էլ բնության հրաշագործություննեից էր։ Սոսկ քաղաքը չուներ գեցեցիկ շինություններ, այն բնակավայր էր մինչև չորս հարկանի սովորական տներով, պարզապես բնությունն այդ գողտրիկ անկյունին երես էր տվել իր փարթամությամբ և հավերժական կանաչով, ինչպես Գերմանիայի շատ տեղերում։
Արենիր գյուղում ապրելու ժամանակ անհնար էր ծանոթանալ մարդկանց նիստուկացին, քանի որ իմ միակ դիտարանը մնում էր լուսամուտը, իսկ մարդը համարյա միշտ սլանում էր մեքենայով։
Մանդերշայդը մարդաշատ էր դառնում տարվա չորս եղանակներից միայն ամռանը՝ տուրիստների ներհոսքով, մոտոցիկլների հռնդյունով, երկհարկանի ավտոբուսների առկայությամբ, դպրոցականների աղմուկով ու հեծանվորդների երթով։ Տարվա երեք եղանակներին Մանդերշայդի փողոցները նույնպես դատարկ էին։ Ներքնահարկից փախչելու և բավարար շնչելու համար, ինձ մնում էր քայլել ու քայլել, ուստի ակամա ականատեսն էի դառնում քաղաքի նիստ ու կացին։
Հիմնականում քաղաքի հետիոտներն ազուլներն էին։ Գերմանացին, ինչպես ամենուր, մեքենայով էր։ Նա հետիոտն էր դառնում, երբ խոր ծերությունը թույլ չէր տալիս մեքենա վարելու, լավագույն դեպքում, գերմանացին դուրս էր գալիս հատուկ քայլելու համար կամ շանը տանում էր զբոսանքի, ինչու չէ նաև զուգարան։
Արդյոք քաղա՞քն էր փոքր, թե՞ ազգային հատկանիշ էր՝ բոլորը բարևում էին իրար, անգամ ազուլներիս։ Հետևաբար այն ինձ սովորեցնում էր ժպտալ բոլորին՝ անկախ ամեն ինչից։

Комментариев нет:

Отправить комментарий