вторник, 4 июня 2019 г.

Լիլիթը խոսում էր հայերեն, Անդրեյը ռուսերեն (596-րդը)


Ընդունող բժիշկն ադրբեջանցի էր։ Իմանալով՝ սկզբից ուրախացա՝ հուսալով առնվազն նա կխոսեր ռուսերեն, բայց այդպես չեղավ, քանի որ նա տիրապեում էր միայն գերմաներենին, ուստի ինձ հիվանդանոց ընդունելուց հետո այլևս ադրբեջանցուն չտեսա։ Հաջորդ առավոտյան մնացել էի շվարած, նստած անկողնուն, երբ ներս մտավ հերթապահ բժիշկը։
-          Բարև ձեզ,- ընդհանուր բարևելուց հետո, մոտեցավ ինձ,- Բարև ձեզ,- այս անգամ բարևեց ռուսերեն,- Անունս Անդրեյ է։
-          Բարև ձեզ,- ուրախացած պատասխանեցի, կարծես հարազատ մարդու հանդիպած լինեի։
-          Ինչի՞ց եք բողոքում,- Մինչ այդ, որ չգիտեի ինչից սկսել գանգատս, ուստի նրա հարցն օգնեց կողմնորոշվելու, և գանգատվեցի, ինչպես կարողացա։- Ես կլինեմ ձեր բժիշկը, քանի որ դուք գերմաներեն չեք խոսում,- վերջում ավելացրեց նա և այն ամենաուրախալին էր իմ կարգավիճակում գտնվողի համար։ Հոգիս խաղաղվեց։
Բժիշկին տեսնում էի միայն առավոտները, իսկ օրվա մնացած մասը մյուսների համար մնում էի չհասկացված կամ պարզապես ամբողջ օրը լռում  էի։ Ամենօրյա զննումները ոչ մի արդյունք չէին տալիս, և մնում էի սպասելով հաջորդ օրվա, հաջորդ փորձությանը։
Մի անգամ պառկած էի,  հիվանդասենյակ մտավ մուգ կարմիր համազգեստով, հիսունի մոտ մի կին, մոտեցավ ինձ։
-          Բարև ձեզ։
-          Բարև,- ուրախացած պատասխանեցի նրա ռուսերենով հնչած բարևին։
-          Անունս Լիլիթ է, այստեղ եմ աշխատում, եթե օգնության կարիք ունենաք, կարող եմ օգնել։
-          Շնորհակալ եմ, արդեն չգիտեմ՝ ինքնուրույն որևէ բան կարո՞ղ եմ անել, բոլոր դեպքում էլ օգնության կարիք ունեմ, լեզվի չիմացությունն ինձ դարձրել է անճարակ։
-          Այո՛, դժվար է, ուստի առաջարկում եմ իմ օգնությունը, կարող եմ անգամ հայերեն խոսել,- վերջին նախադասությունը նա արտասանեց պարզ հայերենով։
-          Որտեղի՞ց գիտեք այդքան լավ հայերեն,- զարմացա ես։
-          Երկար տարիներ Երևանում եմ ապրել, հայրս հայ է, մայրս է ռուս։
-          Կիսով հայ եք։
-          Այո, այնքանով, որ կարոտում եմ Երևանին։
-          Երևանու՞մ եք ծնվել։
-          Ո՛չ, տասներկու տարի եմ այնտեղ ապրել, ծնվել եմ ՌԴ-ում, այնուհետև հայրս ցանկացավ վերադառնալ հայրենիք, կարծում եմ՝ դուք էլ գիտեք՝ ուրիշ տեղ ապրած մարդը չի կարող համակերպվել Հայաստանի իրականության հետ։
-          Այո՛, ցավոք, բայց դե այդպես է։
-          Վաղու՞ց եք Գերմանիայնում։
-          Դեռ տարի չկա։
-          Որտեղի՞ց իմանաք գերմաներենը,- զարմացավ նա,- Այն բարդ լեզու է։
-          Այո, բայց մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում, երբ չեմ կարողանում մարդկանց հարցերին պատասխանել։
-          Ես կօգնեմ, մի վհատվեք, ձեզ բուժող բժիշկն էլ է լավը, նա ռուս է, այս հարկի ընդհանուր բժիշկն է, մի քանի տարի առաջ է եկել Գերմանիա։
-          Անկեղծ ասած, նրան տեսնելով՝ ուրախացա, երբ ռուսերենով դիմեց ինձ։
-          Օտարությունում, հաճախ պարզվում է՝  նախկին ՍՍՀՄ-ի ժողովուրդները, որտեղ էլ հանդիպեն, կարծես հարազատներ լինեն միմիյանց։
Հիվանդասենյակ մտավ  քույրը, ինձ առաջարկեց հետևել իրեն։
-          Ես կգամ ձեզ հետ, մի տխրեք,- ասաց Լիլիթը, և այն բավականին ուրախալի էր ինձ համար։
Մի քանի հարկ իջնելուց հետո, հայտնվեցինք մեծ սրահում, որտեղ մեզ դիմավորեցին  երեք բուժաշխատողներ։
-          Հանվե՛ք,- հրահանգեց առաջին քույրը, այնուհետև խոսեց Լիլիթի հետ, Լիլիթը նայեց ինձ։
-          Ինչու՞ եք այդպես նայում,- վախեցած հարցրի նրան։
-          Նա ասում է՝ դուք չեք ուզում գերմաներեն խոսել սովորել։
-          Կոպիտ լինելու պատճառը դա՞ է։
-          Այո՛, իսկ ես բացատրեցի, դուք ընդամենը մի քանի ամիս է, ինչ Գերմանիայում եք։
-          Շնորհակալ եմ, հուսով եմ՝ դա կփոխի նրանց կարծիքը։
-          Արդեն փոխեց,- ասաց Լիլիթը, երբ քույրը ժպտաց՝ նայելով ինձ։
Եկավ թուխ մաշկով, խիտ ու սև մազերով բժիշկը։ Նա երկար ժամանակ զննեց իմ թոքերը, այնուհետև, Լիլիթի ուղեկցությամբ, վերադարձա հիվանդասենյակ՝ մի տեսակ տրտմած։
-          Ես էլի կգամ, իսկ հիմա գնամ, պետք է աշխատեմ,- ինձ տեղ հասցնելով՝ ասաց Լիլիթն ու հրաժեշտ տվեց։

Комментариев нет:

Отправить комментарий