понедельник, 10 июня 2019 г.

Գնչուհին հաղթեց և ես հայտնվեցի դրսում (596-րդը)


Առավոտյան սենյակից դուրս չեկա։ Լուսամուտից նայեցի դուրս՝ սպասելով տիկին Շուլցին իր որոշման հետ։ Բակում,  լուսամուտի դիմաց կանգնած նա ծխում էր, հաճախ նայում գլխավոր ճանապարհի կողմը, ինձ տեսնելով՝ հասկացրեց՝ շուտով ոստիկանները կժամանեն և միասին կբարձրանան վեր։ Իհարկե ես անհամբեր էի, քանի որ եկած օրից համարյա ոչինչ չէի կերել, իսկ առավոտյան բոլոր նորմալ մարդիկ ննջարանից դուրս գալու կարիք ունեն։
Քիչ անց ժամանած ոստիկանները և Շուլցը մտան բնակարան։ Միայն այդ ժամանակ դուրս եկա սենյակից։ Ռադան, երեկվանից ավելի բարձր  ու նյարդային խաղով սկսեց բողոքել ինձանից։
-          Որտեղի՞ց բերեցիք նրան, ոչ մի կերպ թույլ չի տալիս գլուխս բարձին դնել, խոսում ու խոսում է, գրում ու գրում է, թե ի՞նչ է գրում ամբողջ ժամանակ չեմ կարողանում հասկանալ,- վերջին խոսքերի վրա բոլորը ծիծաղեցին, իսկ Ռադան ավելի  ոգևորվեց,- Տղամարդ է բերում տունս, դեռ երեկ է եկել։
Ինձ մնում էր լուռ լսել նրա հերհյուրանքն ու սպասել սոցիալի որոշմանը։
Երեկվա, արևահար դեմքով ոստիկանի գրավոր վճռով, նա, ով ինձ հրահանգել էր սենյակից դուրս չգալ՝ այսօր սոցիալը պետք է տեղափոխեր ուրիշ բնակարան, ուստի ոստիկանների ներկայությունը պարտադիր էր։ Երկու ոստիկանները, որքան էլ ջանացին գեթ մի պահ լռեցնել այդ կնոջը, ոչինչ չստացվեց։ Նրանք թողեցին գնացին, իսկ տիկին Շուլցի երկար հեռախոսազրույցից հետո, իմ իրերով նորից հայտնվեցի սոցիալի  մեքենայի մեջ՝ այդ սենյակում թողնելով  միայն անկողնային պարագաները տիկին Շուլցի կարգադրությամբ, իսկ  նա առայժմ  չգիտեր, թե ուր տաներ ինձ։ Մի պահ մենք պարզապես մանևրում էինք քաղաքի զառիվեր ու վար փողոցներով։
-          Դուք մի շաբաթ կապրեք հյուրանոցում, մինչև նոր բնակարան գտնելը,- ասաց տիկին Շուլցը։  Ավելի տխրեցի և լուռ գլխով արեցի, քանի որ ինձ համար արդեն միևնույն էր, թե հետո որտեղ կհայտնվեմ, իսկ գուցե այնքա՞ն էլ միևնույն չէր։ Գուցե։ Իմ հյուծված նյարդերը լռություն ու խաղաղություն էին աղերսում բոլորից, անգամ ինձանից։ Իմ իրերի հետ հայտնվեցի քաղաքի հյուրանոցներից մեկի բակում։
Դեռ բակում կանգնած էի, երբ զանգեց Մանեն՝ պատմեցի, թե բողոքեցի նրան, իմ գլխին եկածը, ապա ինչպես միշտ, տվեցի իմ ավանդական հարցը․ «Ի՞նչ անեմ»։
-          Գոնե հիվանդանոցի բժշկի նամակը կարողանայիր տալ «Հաուզ բժշկին»,- հուշեց Մանեն, այնուհետև հեռախոսը փոխանցեցի տիկին Շուլցին, որպեսզի Մանեն բացատրեր իրողությունը։ Խոսելուց հետո, նա հրահանգեց հետևել իրեն՝ հրահանգեց, քանի որ ամեն ինչ կատարում էր պարտականության պես և մենք հայտնվեցինք ճանապարհի հակառակ կողմում գտնվող փոքր պոլիկլինիկայում, որտեղ հաճախորդները բացառապես գերմանացիներ էին։ Միակ ազուլը ես էի։  Այնտեղ լեզվի խնդիր չունեի, քանի որ տիկին Շուլցը հոգաց էլ էր, որպեսզի ընդունեին ինձ, ես էլ իմ հերթին ուրախացած, ձեռքս տարա պայուսակիս մեջ և առաջին պատահած ծրարը տվեցի բժշկին։
Բժիշկը գերմանացի էր։ Առույգ և արագաշարժ։ Նշանակումներ անելուց հետո, դուրս եկա։ Շուլցն արդեն գնացել էր իր գործին։ Բացի մեծ ճամպրուկից, մնացած իրերը միայնակ քարշ տվեցի հյուրանոցի երրորդ հարկ, նեղ ու անհարմար աստիճաններով։ Ինձ տրամադրել էին երկտեղանոց, փոքրիկ, հարմարավետ հյուրանոցային մի  համար, որտեղ չկային անմիտ լացող ու աղմկող կանայք։ Թվաց՝ այդ պահից աշխարհը եկավ իր նախկին տեղը՝ լռեց ոչ միայն Ռադան, այլ մարդկությունը և այդ հարկի տակ, անհանգիստ ու անքուն օրերից հետո, մի քանի օր շունչ առա։
Հյուրանոցի ռեստորանը գտնվում էր առաջին հարկում։ Տերը ժպտերես, բարեհամբույր մի գերմանուհի էր։ Նա ուշադիր էր իմ նկատմամբ, բայց որքան էլ փորձեի երախտապարտ լինել  այդ բարի կնոջը, ոչ միշտ էր հաջողվում։ Հաճախ ձեռք չէի տալիս  ուտելիքին, քանի որ տեսականիների մեծ մասն ինձ  համար անծանոթ էին։
Ամեն երեկո և առավոտ տարբեր հյուրերի ընկերակցությամբ ընթրելով և նախաճաշելով՝ անցավ մեկ շաբաթը։ Ինձ մնում էր պատրաստվել և սպասել տիկին Շուլցին՝ նոր բնակարան տեղափոխվելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий