пятница, 7 июня 2019 г.

Նոր բնակարանը (596-րդը)


Նրա խոսակցական լեզուն հիշեցնում էր ուկրաիներենը, ուստի ինձանից մեծ ջանք չէր պահանջվում հասկանալու համար։ Անկեղծորեն խղճացի այդ կնոջը, բայց նա անսպասելի անցավ, պառկեց բազմոցին, միացրեց հեռուստացույցը, ես էլ արդեն, որպես դրկից, մոտեցա, նստեցի մյուս բազմոցին՝ նույն տան տիրոջ իրավունքով հեռուստացույց դիտելու։ Ռադան այլևս իմ կողմը չնայեց, նա նյարդային շարժումներ էր անում, հաճախ խորը հոգոց հանելով։ Ստիպված քաշվեցի իմ սենյակը, որքան էլ անհնար լիներ այնտեղ երկար մնալը, առավել ևս ապրելը, ամեն անգամ մարդու միտքն ակամա վատ կանխազգացման հանգեցնող պարագաները տեսնելով, ուստի ինձ մնում էր մի բանով զբաղվել։ Սկսեցի մաքրություն անել։
Իհարկե դժվար էր մաքրել արդեն սև ճարպի վերածված կեղտը, ինչն առակա էր ամենուր՝ լվացարանի կողքերը, խոհանոցի պատերը, իսկ, երբ շարժեցի սառնարանը, նրա տակից դուրս հորդաց միջատների բանակը։ Ակամա ճչալով ետ փախա, բայց այն ոչ միայն իմ բնակվելու տեղն էր, այլ նաև ուտելիք պատրաստելու, ուստի մնում էր տոկալ ու շարունակել։
-          Վաղու՞ց ես այս բնակարանում,- հարցրի Ռադային, երբ զարմացած ինձ էր նայում։
-          Ո՛չ, ընդամենը երկու շաբաթ է։ Այստեղ մայր ու որդի էին ապրում, մայրը հիվանդ էր՝ մահացավ, նրա սենյակում հիմա դու ես, իսկ որդին, լսելով քո գալու մասին, որ պետք է գայիր ինձ հետ ապրելու վերևի հարկում, նա արագ տեղափոխվեց այնտեղ, իսկ տիկին Շուլցն ինձ իջեցրեց նրանց բնակարանը։
-          Ի՞նչ ազգ էին նրանք,- հետաքրքրվեցի ես։
-          Քո հայրենակիցներն են, հիմա նա մեր վերևի հարկում է։
Իհարկե լսածից ակամա կուչ եկա՝ այդ օրը մնացի գիշերերելու բազմոցին։
Առավոտյան Ռադան դուրս եկավ, իսկ ես շարունակեցի մաքրություն անելը։
-          Հալլօ,- դուռն առանց իմ օգնության բացվեց, և ներս մտավ տիկին Շուլցը,- Ինչպե՞ս եք։
-          Լավ եմ, բայց խնդրում եմ իմ սենյակին կողպեք դրեք, նաև մի քանի մաքրման պարագաներ են հարկավոր,- մի կերպ հասկացրի՝ ավելի շատ ցույց տալով բնակարանի անմխիթար վիճակը։
-          Այո՛, այսօր,- պատասխանեց նա՝ միաժամանակ շուրջը նայելով, ժպտաց, այնուհետև, ինչպես հանկարծակի եկել էր, նույն կերպ էլ դուրս եկավ։ Սոցիալի  գնալուց մեկ ժամ հետո եկավ մասնագետը և մի քանի րոպեում տեղադրեց երկու դռներին կողպեքներ, մի բանալի տվեց ինձ, իսկ մեկը կախեց Ռադայի սենյակի դռնից։
Հաջորդ առավոտյան, երկու աշխատողները բերեցին նոր, մեծ սառնարան՝ տանելով հինը։
-          Արդեն երկու տարի է, խնդրում եմ մի կաթսա չէր տալիս ինձ տիկին Շուլցը՝ դու եկար, և ահա, անգամ նման սառնարան բերեց,- վիրավորված ու վրդովված սկսեց Ռադան, որ  մինչ այդ պառկած հեռուստացույց էր դիտում։
-          Երևի պարզապես մեծը բերեցին, որպեսզի մեր երկուսի մթերքները տեղավորվեն։
-          Ո՛չ, պարզապես նրանք անարդար են, խտրականություն են դնում ազգերի և մարդկանց միջև։
-          Գուցե։

Комментариев нет:

Отправить комментарий