суббота, 22 июня 2019 г.

Դեպի Թրիր (596-րդը)


Վաղ լուսաբացին, Մանեն պետք է ինձ հասցներ Թրիր հարցազրույցի, սակայն երեխաների համար մտահոգ էինք, որքան էլ Մաքսիմը խնամեր նրանց, ուստի այդ հարցում երեխաների, թե մեր բախտը ժպտաց, երբ նրանց ընտանիքի բարեկամը՝ գերմանացի Պետերը համաձայնվեց մեզ հասցնել Կոբլենց, իհարկե Մանեն բավականին ժամանակ կշահեր և կեսօրից հետո արդեն տանը կլիներ։
Ավտոբուսով երեք ժամվա ճանապարհը մենք անցանք միայն երեսուն րոպեում, այնուհետև Կոբլենցից նստեցինք Թրիր գնացող գնացքը։ Գնացքով առաջին անգամ էի Թրիր մեկնում, եթե մոռանանք առաջին օրվա անմիտ ուղևորությունը, ուստի երբ տեղ հասանք, քաղաքը նույնքան անծանոթ էր, որքան առաջին անգամը։
Օրը ցուրտ էր, անձրևը թափվում էր հեղեղի պես, աշխատում էինք արագ հատել ճանապարհը, որպեսզի գոնե մեր ոսկորները չթրջվեին։
-          Մեր ժամանակ այս անցակետը չկար, ով ուզում էր մտնում դուրս էր գալիս ճամբար,- նկատեց Մանեն, երբ մոտեցանք ճամբարին։
-          Բարև ձեզ, ու՞ր,- դիմեց աֆրիկացու արտաքինով հերթապահը։
-          Վաղը հարցազրույց ունենք, ահա՛ նամակը,- պատասխանեց Մանեն՝ նրան մեկնելով Թրիրից ստացած իմ նամակը։ Նա աչքի տակով անցկացրեց այն, հարցրեց․
-          Միասի՞ն եք։
-          Այո՛, մայրս է, ես ուղեկցում եմ նրան։
Աշխատողը վերադարձրեց նամակը՝ մեզ տալով նաև փոքրիկ թղթի կտոր։
-          Ուղիղ գնացեք, որպեսզի անձրևից շատ չթրջվեք,- անսպասելի մեզ համար՝ ռուսերենով ասաց մյուս՝ սլավոնական արտաքինով հերթապահը՝ ցույց տալով ավելի կարճ ճամփան։ Մոռացած ցրտի և անձրևի մասին՝ շոյվեցի նրա ռուսերենով, սակայն որքան էլ շոյված զգայի ինձ, մինչև շենքի մուտքը համարյա լրիվ թրջվեցինք։
-          Այստեղ ամեն ինչ փոխվել է,- նկատեց Մանեն՝ շուրջը նայելով։
-          Այո՛, համարյա մարդ չկա, բակը մաքրվել է,- իսկապես մինչև մուտքի մոտ մաքուր էր ու փոխված ամբողջ բակի տարածքը։ Ներս մտանք, մուտքին մոտիկ, նույն փոքրիկ փեղկը բաց էր, այնտեղից մեզ էին նայում նոր, անծանոթ դեմքեր։ Մանեն աշխատողներից մեկին տվեց նամակն ու թղթի կտորը։ Կարդալուց հետո նա մեզ կարգադրեց սպասել։ Տևական ժամանակ հետո,  արևելյան արտաքինով պահակը վերադարձրեց նամակը՝ նորից հրահանգելով սպասել։ Քիչ հետո նա վերադարձավ մեկ հոգու համար անկողնային պարագաներով, և մենք նրա կարգադրությամբ հայտնվեցինք առաջին հարկի 14-րդ սենյակում։ Հեղեղվող անձրևին համահունչ էր գարնանային եղանակը, և որքան էլ մրսած ու թրջված լինեինք, ներս մտնելով՝ մեր դեմքին փչեց սենյակի հեղձուցիչ, տաք օդը, որից ես  վատ զգացի, ակամա  շտապեցի բացել լուսամուտը՝ արժանանալով աֆրիկացի կենվորի թարս նայվացքին։ Նա վերարկույով և գլխաշորով նստած էր մահճակալին, բարձր խոսում էր հեռախոսով, այդ պահին, իհարկե հիշեցի իմ Սոմալեցի բարեկամին։
-          Քեզ այսօրվա համար ճաշի կտրոն են տվել, գնամ հերթ կանգնեմ, որպեսզի սոված չմնաս,- ասաց Մանեն, դուրս եկավ, ես էլ հետևեցի նրան։
Սենյակից քիչ հեռու երևաց երկու արագաշարժ ձեռքերը, որից հետո, կարծես սկիզբ էր առնում հերթը, բայց այն ինձ ոչինչ չհուշեց անցյալից, կարծես առաջին անգամ էի այդ շենքում։ Գուցե շե՞նքն էր վերանորոգված։ Գուցե։ Ներսի մաքրությունը կարծես փոխել էր նաև շենքի նախկին նախագիծը։ Ամենուր փայլում էր։ Այդ օրը բակն ու դուռը մաքրում էր օրվա հերթապահ ազուլը։
Մանեն, ճաշն ստանալով, շտապեցինք ճաշել, որպեսզի նա կարողանար հասնել գնացքին։ Ճաշը բաղկացած էր լոբով սոուսից, ևս մի քանի ուտելիքներից։ Ինչպես միշտ, ես ախորժակ չունեի, ուստի սոուսը բաժին հասավ Մանեին: Ճաշելուց հետո, նա հրաժեշտ տվեց, գնաց։ Առանց անձրևանոցի, հորդառատ անձրևը թափվում էր, իսկ նա  պետք է  հասներ կայարան։

Комментариев нет:

Отправить комментарий