суббота, 15 июня 2019 г.

Համայնապատկեր (596-րդը)


Օր-օրի, որքան երկար էի քայլում, նույնքան ինձ համար մեծանում էր ոչ թե քաղաքը, այլ նրա շրջակա կանաչ տարածքը, որի միջով անցնում էին հետիոտի համար նախատեսված ճամփաները, և նրանցից մեկն ինքնաբերաբար ինձ  տանում էր  դեպի իսկական անտառը։ Ճամփից երևում էր խոր ձորը, որտեղ կանգնած էին մի քանի հին շենքեր, նրանց արանքով հոսում էր փոքրիկ գետակը, իսկ քիչ հեռվում, ավելի բարձր բլրի վրա կանգնած էր հին դարերից ժամանակի մարդուն հասած կիսաավեր, բազմագմբեթ աշտարակը, իսկ միագմբեթը գտնվում էր նրանից քիչ վերև։ Այն սրբագրվելով սրբությամբ պահպանվում էր պետության կողմից, ինչու չէ՝ նաև քաղաքացիների։ Ահա՛, գաղտնիքներից մեկը այդ սովորական քաղաքում զբոսաշրջիկների այցելության։
Առավոտից երեկո հռնդյունով անցնում էին իրար հետևից մի քանի տասնյակ մոտոցիկլներ։ Նրանք իրենց հագուկապով մնում էին անհայտ, և երբեք չէի կարողանում տարբերել կնոջն ու տղամարդուն։ Ամենուր մեքենաներ և մոտոցիկլներ, ահա՛, հիմնականում գերմանացի քաղաքացին, իսկ հետիոտի դերը մնում էր ազուլին և նա պարտաճանաչ  կատարում էր այդ դերը, մինչև ինքն էլ մեքենա կունենար։
Քաղաքից դուրս, իրար կողքի գտնվում էին երկու առևտրի կետերը։ Հարյուրավոր ազուլներ այդ խանութներից տքնաջան՝ իրենց ուսերի վրա մթերք էին տանում՝ հաճախ ճամփեքին համբերությամբ հանգիստ առնելով, այնուհետև, կարծես հոգնելով, անհետանում էին փողոցներից այնքան ժամանակ, մինչև վերջանում էր գնված մթերքը։ Թվում էր՝ նրանց նպատակը մշտապես կուշտ լինելն էր։
Ապրում էի քաղաքի միակ դպրոցի հարևանությամբ։ Դպրոցը մեծ էր: Այն սովորական շենք էր, կարելի է ասել՝ որևէ ճարտարապետական արժեք չէր ներկայացնում։ Առավոտից երեկո ավտոբուսները հարևան բնակավայրերից բերում էին երեխաներին և մնում կանգառներում  այնքան, մինչև երեխաներն ավարտում էին օրվա դասերը և նորից հռնդալով սլանում էին ելևեջներով, զառիվայրերով՝ երեխաներին ետ տանելով իրենց տները մինչև հաջորդ օրը։ Հոգնությունից երեխաները պարզապես ընկնում էին նստարաններին՝ ննջելով տեղ էին հասնում, իսկ հաճախ կիսանինջ ու գունատ իջնում էին կանգառում և մինչև գյուղ նորից մի քանի կիլոմետր քայլում։
Արևելքն իր շունչն էր սփռել Գերմանիայի ամեն անկյունում։ Կարծես նրանք փախել էին իսլամական աշխարհի նոր տերերից, բայց նոր աշխարհում էլ հավատարիմ էին մնում իրենց ազգային մշակույթին՝ հետևելով տոներին, որ ուղեկցվում էին մոլեռանդ նամազով։
Հիմնականում, մարդ-արարածը շատ լավ է խաղում մոլորվածության դերը, իսկ շատ հաճախ մոլորությունը դառնում է նրա ստվերը։
Եթե այն գյուղում իմ մենությունը ցրում էր Ֆաթիմայի նամազը, լացն ու հեռախոսազրույցները, ապա նոր քաղաքի, նոր բնակարանում դատապարտված էի լուռ մենակությանը։ Հաճախ միայն անձրևն էր թակում իմ լուսամուտը, իսկ քամին շշնջում էր անտառային հեքիաթը ծառերի լեզվով, որից լսվում էր բնության շրշյունը։

Комментариев нет:

Отправить комментарий