суббота, 1 июня 2019 г.

«Եկեղեցու Փողոցը» (596-րդը)


Դիմացի հարևանը շանը դուրս էր հանել, և այդ խեղճ ձեռնածու կենդանին դռանը սպասում էր տիրոջը, որպեսզի  տերը մի պահ նրան ման տար դրսում։
Արենիր գյուղն այդպես էլ մնում էր ինձ համար անծանոթ, քանի որ փողոցով չէ, որ պետք է ծանոթանալ բնակատեղին, այլ մարդկանցով ու նրանց նիստուկացով, բայց, ցավոք, մեքենաներից բացի ոչ ոքի հնարավոր չէր հանդիպել, ուստի քայլեցի փողոցներով վեր ու վար։ Քիչ ներքևում գրված էր, եթե թարգմանենք, ստացվում է «Եկեղեցու փողոց»։ Նորից քայլեցի, դարձյալ ոչ ոքի չհանդիպեցի, միայն անցնող մեքենաների աղմուկը խախտում էր այդ գյուղի տևական լռությունը։ Բարձրացա եկեղեցու բակը։ Գրությունը կարդալով հասկացա՝ այն Կաթոլիկ էր։ Դռները փակ էին, իսկ բակում տեղադրված էր Մարիամ Աստվածածնի արձանը՝ միակ որդուն գրկած, խաչելությունից հետո։ Երկա՜ր նայեցի, տխրեցի մարդկային դաժանության համար։ Աղոթք մրմնջացի։ Մի քանի անգամ պտտվեցի եկեղեցու շուրջը։ Հերթական անգամ երկա՜ր հնչեց եկեղեցու զանգը, այն բաց երկնքի տակ նմանվում  էր երկնային երաժշտության։
Վերադարձա։ Տիրոջն սպասող շանն արդեն ներս էին տարել։ Դիմացի մյուս հարևանը, ինչպես Ֆաթիման էր անվանում նրան՝ Ալու կինը, որպես աշխատանք, երեխաներ էր խնամում։ Մի փոքրիկ, շիկահեր այդ օրը երկար լաց էր լինում, սակայն ոչ ոք չէր շտապում հանգստացնելու նրան։ Խնամակալն անտարբեր սպասում էր, որպեսզի երեխան ինքնուրույն հանգտանար։ Այդ պահին, պատմությունից ակամա հիշեցի Սպարտայի դպրոցը, որտեղ գոյատևում էին միայն ուժեղները և գլխահակ ներս մտա՝ երեխայի սրտակեղեք լացի ձայնն ականջներիս մեջ։
Չնայած գարունն իր հոգավարքն էր ապրում, բայց այդպես էլ գարնանային  տաք օրերը չեկան, եթե անտեսենք մշտապես ջեռուցվող հարկի տոթը։
Պարզկա գիշեր էր, ամպի փեշով սահում էր լուսինը և թվում էր՝ ես էլ հասել եմ մոլորակի փեշին՝ մոռանալով, որ ժամանակին ասել են, թե աշխարհը կլոր է, և դա ասել են այն ժամանակներում, երբ ասողին խարույկ են հանել՝ որպես հերետիկոսի։
Որքան էլ մենակ լինելի, Ֆաթիմայի վերադառնալը չէր ուրախացնում ինձ։ Նրա  վերադարձով ակամա դառնում էի ունկնդիրը մարդկանին ողբի, և այն կարող էր մարդուն հասցնել ինքնասպանության, և, ահա՛, Սոմալիի հեռախոսազրույցից և նրա անվերջ լացից ինքնազգացողությունս օրեցօր վատանում էր։ Օդը բավարար չէր լինում շնչելու համար։ Ձեռքերս սկսում էին թմրել։
Փրկությունը մնում էր գլուխս մտցնել բարձի տակ և այդպես մնալ երկար ժամանակ։
Վաղ  առավոտյան նորից հնչեց դռան զանգը, եկողն անծաոթ երիտասարդ էր։
-          Հալլո,- բարևեց նա, ուղիղ նայեց ինձ, Հեռուստացույց։
-          Ա՜,- ծոր տվեցի ես՝ ուղեկցելով նրան  հեռուստացույցի մոտ։ Կարճ ժամանակում նա փոխեց սարքը, որը բերել էր իր հետ՝ ըստ երևույթին սոցիալի հրահանգով, ապա միացրեց, այն սկսեց աշխատել, երիտասարդը լուռ ժպտաց և հեռացավ։ Նրա գնալուց հետո երկու մեծ ճամպրուկներով սենյակից դուրս եկան էրիթրեացիները։
-          Ու՞ր,- հարց տվեց Սոմալին՝ զարմանքով հետևելով նրանց մինչև դուռը։
-          Գնում ենք ուրիշ երկիր,- ինքնավստահ պատասխանեց երիտասարդը, և բոլորն արագ տեղավորվեցին արդեն բակում սպասող տաքսու մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий