среда, 5 июня 2019 г.

Նա իմ թարգմանիչն ու բուժողն էր (596-րդը)


Լիլիթն այլևս չեկավ ինձ մոտ։ Ամենուր ինձ ուղեկցում է բժիշկը՝ և՛ որպես թարգմանիչ, և՛ որպես բուժող։ Հոգիս խաղաղ էր, քանի որ լեզվի խնդիր չունեի, իսկ իմ թարգմանիչը գեղեցիկ ու հաճելի տղամարդկանց դասին էր պատկանում։ Խնդիրը մնում էր իմ հիվանդությունը, ինչը ոչ մի կերպ չէր ախտորոշվում։ Օրեցօր այն ինձ ավելի էր անհանգստացնում, քանի որ հայրս մահացել էր կրցքավանդակի քաղցկեղից, իսկ մայրս կաթվածահար էր եղել արյան բարձր ճնշման պատճառով, այնուհետև պարզվել էր նրա թոքերում ջրի առկայությունը, ուստի հիմնավոր պատճառ ունեի անհանգստանալու։ Այդ մասին հակիրճ պատմել էի բժշկին։ Նա էլ հետևողականորեն զննում էր ինձ։
-          Դուք ասթմա ունեք,- ահա՛, մի առավոտ հայտնեց նա, երբ նախորդ օրը անցել էի նաև շոկոթերապիան։ Ֆիզոթերապիան անհնար եղավ, քանի որ ընթացքում ճնշումս անցավ երկու հարյուրի սահմանը։
Հիվանդությունն ինձ համար անծանոթ էր, ուստի մի պահ կլորացած աչքերով նայեցի բժշկին․
-          Իսկ դա լա՞վ է, թե՞ վատ։
-          Լավը՝ առողջ լինելն է, իսկ ձեր դեպքում վատ չէ, քանի որ դուք ավելի վատ կանխազգացում  ունեիք։
Այդ պահին քույրը բերեց օրվա բաժին դեղահաբերը։
-          Մնացած ողջ կյանքում պետք է այս հաբերո՞վ ապրեմ,- տրտմած նայեցի բաժակի հաբերի քանակին։
-          Այո,- բժշկի պատասխանն իհարկե տխրեցրեց ինձ, ակամա գլուխս կախեցի,- Սարսափելի ոչինչ չկա,-  շարունակեց նա,- հայրս տասնմեկ տարեկանից ասթմա ունի և ոչինչ, մինչև հիմա ապրում է։
Նրա խոսքերն իհարկե շատ աննշան քաջալերեցին ինձ, բայց իրականությունն այլևս փոխել անհնար էր։ Երկար ամիսների նստակյաց կյանքն ու անդադար նյարդային վիճակն ինձ նոր հիվանդություն էր պարգևել, նոր երկրում։
-          Արդեն պետք է դու՞րս գամ այստեղից,- հետաքրքրվեցի, և քանի որ ինձ թվում էր, եթե այնտեղից դուրս գամ, ապա իմ բաժին շնչելու օդը մնալու է այնտեղ, ուստի ակամա անհանգստանում էի։ Ավելի ստույգ, ես սարսափած էի։
-          Առայժմ ոչ, պետք է ավարտենք առաջին բուժման կուրսը։
-          Իսկ այն երկա՞ր է տևելու,- հիշելով սոցիալի խոստացած տեղափոխությունը, հետաքրքրվեցի, քանի որ կարծում էի, եթե ուշ դուրս գամ հիվանդանոցից, նորից պետք է մնամ այն մթնտած հարկը և ամեն Աստծո օր պարտադրված ունկնդրեմ երկու կանանց հեռախոսազրույցն ու մոլեռանդ «Ալահ ակբարը»։
-          Հինգ օրից,- բժշկի պատասխանից տխուր նայեցի իմ անջատված հեռախոսին, որի լիցքավորման լարը մոռացել էի տանը, իսկ հիվանդանոցում այն վերալիցքավորելն անհնար էր , քանի որ հեռախոսը շատ հին էր՝ արտադրությունից վաղուց դուրս մնացած։
-          Իսկ ինչի՞ց է առաջանում այդ հիվանդությունը։
-          Միջավայրից, օդից, նյարդերից, ամեն բացասական երևույթից։
Բժշկի պատասխանն ինձ ավելի տխրեցրեց՝ հիշելով իմ ապրելու տեղն ու գիշերուզօր բարձրաձայն նամազ անող ու լացող Ֆաթիմային և Սոմալիին։
Բժշկի գնալուց հետո, երկար ժամանակ մնացի լուսամուտից նայելով, որտեղից երևում էին անվերջ շարված մեքենաները, իսկ բակի գազոնը առավոտից հնձում էր մի երիտասարդ՝ հաճախ նաև ձեռքով քաղելով աթոռների կամ ցուցատախտակների տակ մնացած խոտերը։ Մարդիկ փոքր էին երևում, և հասկացա՝ ես բավականին բարձր հարկերից մեկում էի։

Комментариев нет:

Отправить комментарий