вторник, 4 июня 2019 г.

Մանֆրեդը նեղացել էր ինձանից (596-րդը)


Նեղ հաշվարկով երկու շաբաթվա մթերք գնեցի, մինչև տեղափոխվելս։ Օրը վաղուց կիսվել էր, երբ հասա գյուղ։ Օրվա հոգնածությունը նման չէր ամեն անգամվան։ Կրծքավանդակս թրթռում էր թիթեռի պես, շունչս կտրվում էր, միայն հազալուց հետո, մի պահ կարողանում էի հանգստանալ։ Սենյակ մտնելուն պես, ընկա անկողնուն, այդպես մնացի մինչև հաջորդ առավոտ, իսկ գնված մթերքը  տոպրակներով մնաց հատակին։
Որքան էլ Սոմալին ու Ֆաթիման շարունակեին աղմկելով խոսել ու աղոթել, այլևս խլացել էի, ոչինչ չէի զգում, աչքերս ակամա փակվում էին, իսկ միտքս տագնապում։
Վաղ առավոտյան հնչեց դռան զանգը։ Մի կերպ տեղից վեր կացա, դուրս եկա միջանցք, դուռն արդեն բացել էր Ֆաթիման։ Ներս մտավ առաջին օրվանից մեզ ծանոթ ֆիրմայի աշխատակից գերմանացի Մանֆրեդը՝ նույն «սպեցիալիստի» հետ։ Ծանոթ գերմանացին այս անգամ իմ կողմը չնայեց, անգամ բարև չտվեց, խոժոռ դեմքով հետևում էր «սպեցիալիստին», իսկ նա նույն արագությամբ տեղադրում էր նոր կարգավորիչները։ Երբ աշխատանքն ավարտեցին, նույն լռությամբ նրանք հեռացան՝ առանց հրաժեշտ տալու։ Գուցե գերմանացին նեղացե՞լ էր իմ հասկանալու համար։ Գուցե։
Աստիճանաբար սենյակի օդը կարգավորվում էր, բայց ոչ միայն զգացողությունս էր շարունակվում մնալ նույնը, այլ նաև սկսել էի անդադար հազալ, որին գումարվեց սրտխառնոցն ու գլխապտույտը։ Մի քանի օր պառկեցի, բայց օրեցօր հազն ուժեղանում էր, իսկ օդը չէր բավարարում, ուստի ստիպված էի գանգատվել, երբ զանգահարեց Մանեն։ Նրա հետ խոսելուց հետո, մեկ ժամ անց հնչեց դռան զանգը։ Մարկն էր՝ կարմիր խաչի ուսապարկով և համազգեստով, պարզվեց՝ նա այնտեղ էր աշխատում։ Առաջին հերթին Մարկը չափեց իմ ճնշումը, այն անցել էր երկու հարյուրի սանդղակը, ուստի ստիպված էր շտապ օգնություն կանչել։
Հերթական անգամ հայտնվեցի հիվանդանոցում։

Комментариев нет:

Отправить комментарий