среда, 19 июня 2019 г.

Կարծես աշխարհի միակ հետիոտն էի (596-րդը)


Օրն արևոտ էր։ Մանեի և երեխաների հետ դուրս եկանք զբոսնելու։ Ինչպես միշտ, քաղաքի հրապարակը մարդաշատ էր՝ սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար։ Թոշակառուները վայելում էին իրենց աշխատանքի պտուղները՝ սրճելով և զրուցելով։ Բանկի մոտով անցնելիս, Մանեի օգնությամբ ուզեցի գումարն ստանալ, բայց պարզվեց քարտը դատարկ էր։ Տխուր վերադարձանք տուն։ Հաջորդ առավոտյան, Մանեն զանգահարեց սոցիալին՝ պարզելու, թե ինչու՞ իմ հաշվին գումար չկա։ Խոսելուց հետո, նա տարակուսած նայեց ինձ,- Սոցիալն ասում է, դու երբեք Մանդերշայդում չես ապրում, դրա համար քեզ զրկել է գումարից։
-          Ինչպե՞ս, իսկ որտե՞ղ եմ ապրում,- զարմանքից աչքերս կլորացան։
-          Ասում է՝ միշտ այստեղ ես լինում, այսինքն մեզ մոտ։
-          Իսկ դու չբացատրեցի՞ր, որ ես միշտ այն ներքնահարկում եմ,- վրդովվեցի ես։
-          Բացատրեցի, բայց նա չհավատաց։ Մնում է վաղ առավոտյան վերադառնաս։ Պետք չէ խնդիրներ ունենալ չեղած տեղը,- տխուր բացատրեց Մանեն, և մենք վերադարձանք տուն՝ մոռանալով, ինչի համար էինք դուրս եկել։
Հաջորդ օրը, վաղ առավոտյան դուրս եկա, սակայն որքան էլ շտապեի, միևնույն է մինչև ժամը երեքը պետք է մնայի Վիտլիխի կայարանում, որտեղ ամռանն էլ կարծես նույն ձմռան ցուրտն էր, քանի որ այն մշտապես անշուք էր ու աղբաշատ։ Կանգառում բոլոր սպասողներին տանում էին սպասոող հարազատներն իրենց մեքենաներով, իսկ ես, կարծես, աշխարհի միակ հետիոտն էի։
Որքան ծանր է, երբ անտանելի հոգնածությանը ընկեր է դառնում ոտքի վրա սպասելը, այդ դեպքում անգամ անօգուտ է դառնում մի ոտքից մյուսին փոխվելը։ Ժամեր հետո եկավ ավտոբուսը։ Մինչև բարձրանալը, որպես մշտական սխալվող և այդ սխալից մոլորվող, հարցրի վարորդին, որքան էլ արդեն կարողանայի կարդալ։
-          Դեպի Վիտլի՞խ։
-          Այո, ի՞նչ է, մեծ տառերով գրվածը չի՞ երևում,- վարորդի կոպիտ պատասխանն ինձ վրա չազդեց, քանի որ հոգնությունից անզգայացել էր նաև վիրավորվելու զգայարանը, ուստի պարզապես ընկա նստարանին և աչալուրջ սկսեցի հետևել ճանապարհին, որպեսզի վարորդն ուրիշ ուղղությամբ չգնար։ Հետո ի՞նչ, որ հարցրել էի։ Ահա, թե որքան վախեցած էի սխալվելուց, իսկ գուցե վախենում էի մարդկային անտարբերությունի՞ց։ Գուցե։
Կտրուկ, վերուվար նեղ ճանապարհներով արհեստավարժ վարորդը քիչ չէ վարում էր երկար ավտոբուսը, դեռ սեզոնը բացվելու հետ էլ, ավտոբուսի հետևից կցված էր հեծանիվների համար հատուկ սայլակը։ Հետաքրքիրն այն էր՝ վարորդը նյարդայնացավ իմ տված հարցից, սակայն այնքան մեծ համբերությամբ էր ամրացնում յուրաքանչյուր հեծանիվն այդ սայլակին և նույն համբերությամբ դանդաղ ընթանում էր սարեր-ձորերով, մինչև հասնում էր բարձր սարին թիկնած փոքրիկ Մանդերշայդը, իսկ գուցե պարտադրված համբերությու՞նն էր նյարդացնում նրան։ Գուցե։ Բայց այս միտքը միայն ինքը՝ վարորդը կարող էր հաստատել։

Комментариев нет:

Отправить комментарий