вторник, 25 июня 2019 г.

Թվում էր՝ իմ կյանքը թողել եմ հետևում և գնում եմ դեպի անորոշություն(596-րդը)


Նստեցի դեպի կայարան մեկնող ավտոբուսը, բայց, դեռ տեղ չհասած, անծանոթ մի փողոցում վարորդը հայտարարեց կանգառի վերջը։
Իմ վատ կողմնորոշումով մի պահ մնացի շվարած նստած։ Ակնթարթորեն այն փոխվեց հուսահատության և արդեն մտովի փողոցում տեղ էի փնտրում գիշերելու, երբ վարորդը մոտեցավ ինձ․
-          Ու՞ր եք գնում։
-          Կայարան։
-          Անծանո՞թ եք։
-          Այո։
-          Ահա, այս անկյունի վրա է կայարանը, մի քանի մետր ոտքով քայլեք և այն կտեսնեք,- բացատրեց համբերատար վարորդն, ինչպես ընդունված է գերմանացու մոտ։ Սրտապնդված իջա ավտոբուսից։ Ոչ այնքան հասկացա նրա բացատրածը, որքան շոյվեցի վերաբերմունքից և այդ պահից անգամ, եթե մնացած կյանքս մոլորված մնայի այդ քաղաքում, հոգ չէր։
Իսկապես, անմիջապես անկյունից երևաց ծանոթ կայարանը։ Ուրախացած արագացրի քայլերս։ Այդ պահին, այնքան ինքնավստահ էի, անգամ սովածությունս մեղմելու համար փորձեցի մի բան գնել ուտելու, բայց իհարկե չկարողացա, քանի որ բոլոր ուտելիքներն անծանոթ էին, իսկ երբ պատահում էր գնում էի, ստիպված դեն էի շպրտում, համտես անելուց հետո։
Նստեցի Կոբլենց մեկնող գնացքը, այդ պահից ինձ զգում էի պաշտպանված անծանոթ աշխարհից, որտեղ ամեն վայրկյան մոլորվում էի և համարյա ամբողջ ճանապարհին ճանապարհ փնտրում։ Իհարկե դրանով չավարտվեց իմ անհանգստությունը։ Այս անգամ ուշադիր հետևում էի յուրաքանչյուր կանգառի։  Վերջապես հասա Կոբլենց՝ այն վերջին կանգառն էր, և բարեբախտաբար սխալվելն անհնար էր։ Կայարանն արդեն հարազատ էր ինձ համար, որքան էլ մենակ լինեի, քանի որ միշտ այդ կայարանից էի մեկնում Մանեի տուն և հակառակը։
Անչափ դժվար էր ինձ համար երթևեկել Գերմանիայով՝ առաջին հերթին անծանոթ էի, իսկ մյուս դեպքում, ինչպես արդեն նշել եմ այն թանկ հաճույք էր ինձպեսների համար։ Հերթական անգամ սպասեցի ավտոբուսին՝ շարունակելու ճանապարհը դեպի Հախենբուրգ, որտեղից պետք է վերցնեի անձնական իրերս՝ ետ գնալու Մանդերշայդ։ Մոլորված ու անկոչ հյուրի զգացումով ճամփորդում էի՝ գիտակցելով իմ ով լինելը  անսահման ու կանոնակարգված մի երկրում, որտեղ ամեն անգամ աշխատում էի չխախտել կարգը և, ակամա, իմ պահվածքն ինձ ավելի էր նսեմացնում։ Իմ գլխում միշտ հնչում էր նախատինքը, որը կարծես ամեն վայրկյան թելադրում էր իմ բաժին  իրավունքը։
Նման  դեպքում, մարդու ձեռքով գրված օրենքը վեր էր մարդուց, ինքս էլ ենթակա այդ նույն օրենքին, սլանում էի  անսահման ոլորաններով, որ անցնում էին սարերի, ձորերի, անտառների և որքան էլ զարմանալի է՝ գետերի միջով՝ ամուր կպած ավտոբուսի նստարանին։ Այդ ամբողջ ընթացքում մի միտք հանգիստ չէր տալիս ինձ․ «Մարդը որքա՞ն պետք է սիրի իր երկիրը, որպեսզի կարողանա նման կերպ շենացնել ու ծաղկեցնել այն, բայց հետո համոզվում էի՝ այս դեպքում ոչ այնքան մարդն է, որքան բնությունը՝ հզոր բնությունն է զարդարում մարդու շրջապատը՝  հաճախ անձրևի տեսքով՝ ջրելով դրախտ հիշեցնող կանաչը, բայց չէի մոռանում նաև հետևություն անել՝ առանց հայրենասեր ժողովրդի, թեկուզ ոսկե անձրև մաղեր ամեն առավոտ և  նորից ճզմվում էի  նստարանին՝ հիշելով իմ հայրենիքում  ագահ տերերի կողմից անապատի վերածվող բնությունը, ուր անխնա հատվում էին արհեստական աճեցված նվազ անտառները։
Միտքս ոչնչով հնարավոր չէր հանդարտեցնել։ Անվերջանալի ճանապարհներն իմ միակ մխիթարությունն էին, իսկ երջանկությունը պահի թրթիռով հայտնվում էր իմ դեմ, երբ ճանապարհի բանուկ մասում երեևում էին վայրի կենդանիներրը։ Վարորդը համբերատար արգելակում էր մեծ ավտոբուսը և առանց ազդանշանի սպասում այնքան, մինչև քմահաճ կենդանին անհետանում էր անտառի խորքում, իսկ իմ հայրենիքում այն կհամարվեր հաջողված որս։
Հոգուս խորքում անվերջանալի քաոս էր, այն խանգարում էր տեսնելու, լսելու իրականությունը։ Անգամ չգիտեի՝ Թրիրում ինձ տված նոր թղթերի մասին, մինչև Մանեն այն հանեց պայուսակից։
-          Ա՜, սա հարցազրույցն է, միանգամից տվել են քեզ, այլևս նամակի պետք չէ սպասել,- բացատրեց նա՝ ծանոթանալով բովանդակությանը։
-          Ի՞նչ կասես,- անհանգստացած հետաքրքրվեցի, քանի որ նրա կարծիքը կարևոր էր ինձ համար։
-          Դու քո մասին համարյա շատ քիչ բան ես պատմել։
-          Չէի կարողանում ազատ խոսել, ինձ ճնշված ու ոչնչացված էի զգում։
-          Ինչու՞։
-          Չգիտեմ, բայց ինչպես դու ասում էիր՝ նրանք սովորական ու հասարակ մարդիկ  էին՝ այնքան էլ այդպես չէր։
-          Ինչու՞ ես այդպես խոսում,- զարմացավ Մանեն։
-          Այն, ինչ այն պատերի ներսում զգում էի, բառերով անկարող եմ բացատրել։ Միայն կարող եմ ասել՝  որքան էլ հանդուրժեին ինձ, նրանց համար չորրորդ կարգի մարդ էի, և դա ակնհայտ էր։
-          Միայն դու՞,- փորձեց կատակել Մանեն։
-          Ավելի՞ ստույգ՝ ինձ պեսները։
-          Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր,- հուսադրեց Մանեն, երբ ավարտեց աչքի տակով անցկացնել թղթերը։
-          Ինչ էլ լինի, այլևս ոչինչ փոխել չեմ կարող,- հետևություն անելուց հետո, իհարկե ավելի տխրեցի։
-          Մի տխրիր, դեռ ոչինչ հայտնի չէ,- հուսադրեց Մանեն։
Գիտեի՝ Մանեն այդպես էր ասում՝ որպես հարազատի՝ աշխատելով  ինձ հանգստացնելու, թե հուսադրելու, բայց և իսկապես ոչինչ փոխել չէի կարող, ուստի հարմարվեցի եղածի հետ և, իրերս հավաքելով, հաջորդ օրը ճանապարհ դուրս եկա՝ ավելի վհատված։ Թվում էր՝ իմ կյաքը թողել եմ հետևում և գնում եմ դեպի անորոշություն, որտեղ ինձ համար չէր կարող լինել  պարզ ու շիտակ՝ առավելևս դրական  մի պատասխան։

Комментариев нет:

Отправить комментарий