суббота, 15 июня 2019 г.

Մուսին (596-րդը)


Շուտով գնացի դասի։ Ինչպես Արենիրում, այնպես էլ Մանդերշայդում՝ առաջին օրը շատ ազուլներ էին եկել։ Քսաներեքամյա, երիտասարդ ու անփորձ Հանսը այնքան էլ ջանք չէր գործադրում  բացատրել դասը, և շատ տեղին, քանի որ մեր գիտելիքները հեռու էին հասկանալու գերմաներենն առանց թարգմանչի, ուստի նա էկրանին նկարում էր գրքի էջերից մեկը, և մենք արտագրում էինք այն՝ հիմնականում առանց հասկանալու բառերի իմաստը։
Աշակերտների մեջ միայն ես և դասատուն էինք քրիստոնյա, սակայն նրա կրոնական պատկանելությունը ոչնչով չէր կարող ինձ օգտակար լինել՝ հեշտ իրացնելու լեզուն։ Ինձ մնում էր հաճախ անհասկանալի հարցերով դիմել նրան, իսկ նա, իր հերթին, անզորությունից երկար նայում էր ինձ կամ փորձում էր հասկանալ։ Ցավոք, ոչ միշտ էր հաջողվում։
-          Դուք առաջին անգա՞մ եք դասերին մասնակցում,-  անակնկալի բերեց վերջին շարքում նստած կանաչ աչքերով, փարթամ միրուքով երիտասարդը, երբ ինձ դիմեց ռուսերենով։
-          Համարյա այո, իսկ դուք ո՞վ եք,- շփոթված հարցրի նրան,- Այսինքն որտեղի՞ց եք։
-          Չեչենիայից, անունս Մուսի է, ընտանիքիս հետ եմ։
-          Ուրախ եմ, իսկ վաղու՞ց եք այստեղ։
-          Շուտով երեք տարին կլրանա։
Այդ պահին դասատուն փոխեց գրատախտակի նկարը, և մենք, ավելի ստույգ ես սկսեցի արտանկարել այն։
Դասերից հետո մենք իջանք առաջին հարկ, սոցիալ Շուլցը, մեզ միասին տեսնելով, կանչեց ներս, սկսեց խոսել Մուսիի հետ։
-          Նա ասում է՝ մենք պետք է քարտ ունենանք գումար ստանալու համար, այլևս ինքը իրավասու չէ գումար տալու մեզ։
-          Ոչինչ չեմ հասկանում,- տարակուսեցի լսածից,- Չէ՞ որ քարտ ունեի, նա ասաց պետք չէ, ես այն ոչնչացրի, հիմա ասում է՝ պետք է,- նյարդայնացած դուրս եկա  Մուսիի հետ,- Իսկ դուք քարտ ունե՞ք,- դիմեցի նոր ծանոթիս։
-          Այո, վաղուց արդեն բանկից եմ ստանում գումարը։
Նրա պատասխանն ինձ ավելի տխրեցրեց, քանի որ չէի ուզում նորից բանկի հետ քաշքշուկի մեջ ընկնել։
-           Թարգմանության հարցում կօգնեմ ձեզ, մի՛ հուսահատվեք,- ինձ համար անսպասելի էր նրա առաջարկը, որից իհարկե ուրախացա։ Զրուցելով միասին հասանք «Մաղմուզեումի» մոտ։
-          Իսկ դուք գո՞հ եք ձեր տեղից, քանի որ Դավիթն ասում էր՝ ներքնահարկում եք ապրում։
-          Այո, ճիշտ է ասել, այն դպրոցի մոտ է գտնվում։
-          Գիտեմ։ Մի անգամ Դավիթի հետ եկանք, տանը չէիք։
-          Եթե անգամ տանն էլ լինեի, հազիվ թե լսեի, այն իսկապես ներքնահարկ է, պետք է գալուց առաջ զանգահարել։
-          Մի անգամ ձեզ տեսել եմ երիտասարդ մի կնոջ ու երեխաների հետ, ո՞վ է նա։
-          Այստեղ ոչ ոք չունեմ, գուցե իմ դստեր հե՞տ եք տեսել, մի անգամ նա եկել էր ինձ տեսության, բայց ընդամենը երկու օրով, քանի որ բնակարանս անհարմար էր,  ցուրտ ու շատ փոքր։
-          Ձեր աղջի՞կն է,- զարմացավ նա։
-          Այո։
-          Գիտե՞ք՝ մենք միասին ենք եղել ճամբարում։ Անգամ նորածինը գրկին՝ նա մեզ շատ էր օգնում թարգմանության հարցում։
-          Պարզվում է՝ շատերն են ճանաչում Մանեին։
-          Այո՛, քանի որ նա ճամբարում ոչ ոքի չէր մերժում, բոլորին օգնում էր, թեկուզ նրա համար անչափ դժվար էր։
-          Ինչ արած, մենակ է եղել, օգնող չի ունեցել, ծանր օրեր շատ է տեսել ճամբարում։
-          Ամեն ինչում Աստծո կամքն է, կարևորը հետոն լավ լինի,- հետևություն արեց Մուսին։
Սկսեց բարակ անձրև մաղել, Մուսին նայեց երկնքին։
-          Անձրևը շուտով կուժեղանա։ Երբ պետք է համեցեք, պատրաստ եմ օգնել, ահա՛, այս շենքի երկրորդ հարկում եմ ապրում՝ ընտանիքիս հետ,- ասաց նա՝ ցույց տալով բարեկարգ ու մեծ լուսամուտներով հարկը, իսկ ես երազկոտ նայեցի լուսավոր, սպիտակ շենքին։

Комментариев нет:

Отправить комментарий