пятница, 7 июня 2019 г.

Երկրորդ տեղափոխությունը (596-րդը)


Անձրևը մեզ ստիպեց նստել մեքենան, իհարկե իրերը տեղավորելուց հետո, իսկ Ֆաթիման մնաց աստիճաններին։ Նա իմ կողմը չէր նայում, անգամ չպատասխանեց, երբ հրաժեշտ տվեցի։ Այդ պահին նա այնքա՜ն անզոր էր և մխիթարվելու այնքա՜ն կարիք ուներ, անգամ ինձ թվում էր՝ անարդարացիորեն լքում էի նրան։
Հորդառատ անձրևն աղավաղում էր տեսադաշտը, մեքենայից միայն նկատելի էր ճանապարհի ոլորանները և ճամփեզրի անտառը, և այն ուղեկցում էր մեզ հետևում մնացող յուրաքանչյուր բնակավայրից հետո։
-          Հեռու է նոր տեղը Վիտլիխից,- նկատելով, ասացի սոցիալին։
-          Ոչ այնքան՝ քսանչորս կմ է, բայց այն քաղաք է և այնտեղ իմ կոլեգան է, նա կօգնի, եթե խնդիրներ ունենաք։ Ես նրան կասեմ։
Իհարկե, սոցիալի պատասխանը ոգևորիչ չէր, քանի որ նման հեռավորությունը հազիվ թե տասնհինգ րոպե ճանապարհ լիներ, առավել ևս ավտոբուսով և նման ոլորաններով,  բայց, եթե ոչ մենակ, ապա գոնե քրիստոնիայի հետ ապրելը հուսադրում էր ինձ, ուստի, անգամ մի պահ պատկերացրի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում՝ հաճելի ու բարի մի կնոջ հարևանությամբ։ Չեմ կարող ասել, թե որքան, բայց բավականին ժամանակ տևեց, մինչև  վերջապես հասանք սոցիալի խոստացած քաղաքը։ Անձրևը դեռ շարունակում էր առուներ դառնալ ու հոսել։  Անհնար էր, նման եղանակի առկայությամբ, կարծիք կազմել նոր բնակավայրի մասին։ Մեքենան կանգ առավ սպիտակ, երկհարկանի շենքի թեք բակում։ Պատուհաններին դրված էին կարմիր ծաղիկներով մեծ ու երկար ծաղկամանները։ Շենքի ներսում մարդաշատ չէր, միայն երիտասարդ մի կին նստած էր բարձր սեղանի այն կողմը, մեզ տեսնելով՝ ընդառաջ եկավ, ավելի ստույգ սոցիալի աշխատողին, քանի որ, եթե իմ կողմը չէր նահում, ապա հազիվ թե ինձ նկատեր։ Երկու սոցիալները երկար խոսեցին, իսկ ողջ այդ ընթացքում, ես լուռ սպասում էի միջանցքի նստարանին։ Իրականությունն  ստիպեց նորից տխրել։ Այդ պահին ինձ զգում էի ավելի միայնակ ու լքված, քան մնացած բոլոր օրերերին՝ ճամբարի հետ միասին։
-          Բնակարանն այստեղից մոտիկ է։ Քայլելով կուղեկցեմ, դուք մեքենայով հետևեք ինձ,- անձրևանոցը վերցնելով՝ ասաց կինը, քայլեց մեքենայի առջևից։
Նոր սոցիալի աշխատակցուհին բարձրահասակ էր, չնայած երիտասարդ տարիքին, նկատելի առաջ թեքված։ Նա քայլում էր խոշոր քայլերով։
Մի քանի րոպե հետո, մեքենան կանգ առավ քառահարկ, սպիտակ շենքի բակում։ Այդ պահին կատարված համարեցի իմ բաղձալի երեզանքներից մեկը՝ տեսնելով լուսավոր ու բարձրահարկ շենքը։ Իրերը մեքենայից դատարկելուց հետո, Վիտլիխի սոցիալի աշխատակիցը հրաժեշտ տվեց ու գնաց։  Անձրևի տակ կանգնած, ոչինչ չէի զգում՝ ու՞ր էի ընկել և ամենակարևորը՝ ինչու՞։ Այդ պահին անգամ այն սոցիալի օտար տղամարդն ինձ հարազատ թվաց, իսկ նա ընդամենն ինձ տեղափոխողն էր, իսկ գուցե իմ խուլ մենությունը բարեկա՞մ էր փնտրում՝ չխելագարվելու։ Գուցե, բայց նա անտարբեր հեռացավ։

Комментариев нет:

Отправить комментарий