вторник, 11 июня 2019 г.

...և ինչի՞ է ձգտում մարդը․․․(596-րդը)


Որպես քանակ՝ կացարանը հարմար էր, բայց որպես մարդ՝ այն ներքնահարկ էր՝ իր սառնությամբ և կրծողների առատությամբ։ Ինչևէ, վերադարձա լուսավոր ու հարմարավետ առանձնատունը։ Այդ պահից վերացավ բազմոցի բարձերի տհաճ հոտը և երանությամբ երկա՜ր նայեցի այդ բնակարանին, որին հրաժեշտ տվեցի հաջորդ օրը։
Ինչպես խոստացել էր տիկին Շուլցը, նոր բնակարանն արդեն պատրաստ էր։ Նա սոցիալին հատկացված մեքենայով առավոտյան ինձ տարավ այնտեղ՝ այս անգամ մշտական ապելու։ Առաստաղը կախած էր, խոհանոցային պարագաները տեղադրված, մի քանի վաղ ժամանակներից ինձ հասած սպասքը շարված էր պահարանում։
Ննջարանում տեղադրված էր վաղուց արտադրությունից դուրս մնացած, երկաթյա ճաղերով, սև գույնի մեծ մահճակալը, այն հարդարված էր ավելի  հնամաշ  անկողնային պարագաներով, քան մահճակալն էր։ Անկողնուց և ընդհանրապես հարկից փչում էր տարօրինակ խոնավության հոտը։ Այն մի տեսակ խեղդող էր, եթե հաշվի առնենք նաև իմ շնչառական խնդիրները։
Ամենուր սառն էր՝ պատերը, հատակը, անկողինը, խոհանոցը, դուրսը, ներսը՝ սառն էր ու թաց։
Տան տիրուհին նույնպես տիկին Շուլց էր։ Նա համարյա սոցիալ Շուլցի տարիքին էր ՝ Նրանք վաղուց հատել էին երեսունհինգի սահմանը։ Իսկ գուցե նրանք ազգականնե՞ր էին, ո՞վ գիտե։ Գու՞ցե։ Տան տիրուհին իր ընկերոջ հետ զբաղեցնում էր ողջ տունը, իսկ ներքնահարկը սոցիալի միջոցով վարձակալության էր տվել, որպես եկամուտի աղբույր։ Նրանք  ներքնահարկում էին, երբ սոցիալ Շուլցն ինձ տարավ այնտեղ։ Երբ ներս մտանք, տան տիրուհու  ընկերը մեծ ջանք էր թափում, կարգի բերելու քսաներորդ դարից ինձ հասած հեռուստացույցը, իսկ գուցե տասնի՞նը․․․ Քիչ անց, համարելով գործն ավարտված, սոցիալի հետ հրաժեշտ տվեցին ինձ։
Նոր քաղաքում անձրևը թափվում էր օրերով։ Դուրս գալն անհնար էր, նստելն անհնար էր, պառկելն անհնար էր, անհնար էր պարզապես այդ բնակարանում ապրելն ու չխելագարվելը, ուստի որպեսզի կարողանայի, բացի քայլելուց նաև նստել ու պառկել, փորձեցի մաքրել ներքնահարկը։ Երկու օր պահանջվեց, որպեսզի կարողանայի մաքրել տարիների կուտակված կեղտը։ Ամենադժվարը աստիճանների մամուռը լվանալն էր, այն մեծ ջանք էր պահանջում նաև համբերություն, քանի որ պետք է մաքրեի նաև դռան վերևից հատակին ընկած ու  սատկած կամ կիսակենդան մկները։
Եվ ինչի՞ է ձգտում մարդը։ Մի՞թե մենության։ Գուցե։ Սակայն այն խաղաղություն չի կարող բերել փնտրողին, այն բերում է միայն հուշեր, հուշեր, իսկ այդ արթնացող հուշերն իսկապես կարող են սպանել անմիտ փնտրողին։ Գուցե մարդը մարդուն տանել չի կարողանում, բայց կարո՞ղ է արդյոք այդ նույն մարդն ապրել առանց իր նմանակի։ Ո՛չ և հազար անգամ ո՛չ։

Комментариев нет:

Отправить комментарий