четверг, 20 июня 2019 г.

Պարտադրված զբոսանքն այնքան էլ առողջարար չէ (596-րդը)


Դեռ աշխատանքային ժամը չէր ավարտվել, օրվա երկրորդ կեսին նորից գնացի բանկ՝ դարձյալ գումար չկար, ետ դառնալիս ուզեցի մտնել սոցիալ, բայց այն արդեն փակ էր, այսպիսով, որպես նպաստի հույսին գոյատևող, օրեր շարունակ նստում էի սոցիալի դռան առջև և լեզվի չիմացության պատճառով, որպես բողոք, երկար նայում էի տիկին Շուլցին, իսկ իմ հայացքի իմաստը հետևյալն էր՝ եթե բոլորը դասի չեն գալիս, ապա ինչու՞ պատժվում եմ միայն ես։
Գումարը կարողացա ստանալ միայն երկու շաբաթվա քաշքշուկից հետո։ Ինչևէ, ուրախացած վերադարձա, քանի որ այլևս խնդիր չունեի սոցիալի հետ։
Մանեն փոխանցեց տիկին Շուլցի խոսքերն առ այն, որ դասի չեմ ներկայացել և ահա գումարն ուշացնելը նաև այդ պատճառով էր։
Լեզու չիմանալն ու միշտ բոլորի մեջ թարգմանիչ տեսնելը և՛ նվաստացուցիչ էր, և՛ դժվար, ուստի, Մանեի օգնությամբ, հայտարարություն գրեցի՝ փորձելով գտնել կամավոր մեկին, որի հետ շփվելով՝ հնարավորինս կիրացնեի խոսակցական գերմաներենը։ Պարզվեց այն ավելի դժվար է, քան տիկին Շուլցի մոտ վստահությունը ետ բերելը։
Արձագանքելն արձագանքում էին, բայց ոչ ոք նշված օրին և ժամին չէր գալիս  և երկար ու լուռ սպասելուց հետո վերադառնում էի թևաթափ ու տխուր։
Որպես դաստիարակչական աշխատանք, սկսեցի հաճախ անցնել սոցիալի շենքի մոտով, որքան էլ քայլելն անմիտ լիներ, բայց աշխատում էի իմաստավորել, այն վերագրելով զբոսանքի՝ այս դեպքում պարտադրված զբոսանքի։ Գումարի հարցը լուծելուց հետո, որպես «ուղղիչ աշխատանք», սկսեցի նորից հետաքրքրվել դասերի համար։
-          Դաս չկա,- հայտարարեց տիկին Շուլցը, երբ մի անգամ դիմեցի նրան։
-          Ինչու՞։
-          Շենքը վաճառված է, այլևս տեղ չկա դասավանդելու, եթե ուզում եք՝ գնացեք մեծ քաղաք։
-          Իսկ ճանապարհածախսն ի՞նքս պետք է հոգամ։
-          Այո։
Իհարկե նման պատասխանը հուսադրող չէր, քանի որ, որքան էլ անմեղ մեղավոր լինեի, տիկին Շուլցի մոտ կորցրել էի վստահությունը, և միայն դասի գնալը կարող էր որոշակիորեն ետ բերել այն կամ փոխել։  Արդեն գիտեի նոր սոցիալի շենքի տեղը, ուստի դասերն այնքան էլ կարևոր չէին, պարզապես այցելում էի տիկին Շուլցին՝ ամեն անգամ աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակ խնդրելով, այն խնամքով դասավորում գազօջախի մեջ, որն այդպես էլ մնաց այնտեղ, այնքան շատ էի բերել ։
-          Հաջորդ շաբաթ դաս է լինելու,- մի անգամ հայտարարեց տիկին Շուլցը։
Իհարկե լսածից այնքան էլ չոգևորվեցի, որքան էլ  փորձեի ենթարկվել կանոններին, քանի որ մանկությունից չեմ սիրել դպրոցը։
Ամեն օր, գոնե մեկ անգամ կարելի էր ինձ տեսնել այդ փողոցով քայլելիս, անգամ, եթե ուշ էր լինում կամ վարար անձրև։ Ընթացքում տիկին Շուլցին երբեմն տեսնում էի, որպես անցորդ և ոգևորված բարևում էի՝ որպես փաստ, թե միշտ տեղում եմ, բայց նա ինձ վանում էր իր սառնությամբ, երբեմն միայն գլխի թեթև շարժումով պատասխանելով բարևիս։ Իմ մեջ կարծրանում էր այն կարծիքը, որ ես նրա աշխատանքն եմ և վերջ, իսկ ժպիտը քարանում էր դեմքիս։

Комментариев нет:

Отправить комментарий