пятница, 1 марта 2019 г.

հատված՝ 596-րդը վեպից

Երկար ժամանակ այդպես թևաթափ մնացի նստած՝ թուղթը ձեռքիս։ Միջանցքի ժխորը խլացավ, մարդիկ քայլում էին մշուշի միջով, նրանց դեմքերը երկարում էին ու լայնանում։ Աչքերս փակեցի, հենվեցի պատին։
-          Բարև ձեզ,- իմ մայր լեզվով հնչած բառերը ստիպեցին բացել աչքերս և, ահա, աղմուկը վերակենդանացավ, մարդիկ դարձան առաջվանը։
-          Ձեզ վա՞տ եք զգում,- հարցրեց Նաիրին, նստեց արդեն հարազատ դարձած իմ նստարանին։
-          Բարև, ու՞ր էիր,- հարցրի, նրան մի պահ նայելուց հետո։
-          Ճաշի հերթ էի կանգնել,- պատասխանեց  նա, ցանցը դրեց ծնկներին, սկսեց ճաշել։
Այդ երիտասարդն այնպիսի ախորժակով էր ուտում իր բաժին հացն ու երշիկը, անգամ մի պահ մտքում ինձ մեղադրեցի երշիկից ետ սովորելու համար։
Աստիճանների բազերիքի բարձր ճռռոցը խառնվեց աղմուկին․ տասնյակի մոտ երիտասարդներ աղմկելով վերևի հարկերից իջան, շարվեցին խոհանոցի դռանը, որն անմիջապես նստարանի կողքին էր։ Ինձ այդ երկար հերթից բաժանում էր աղբով հագեցած աղբամանը։
Հերթի մեջ ոմանք թավաներով էին՝ կտրտած կարտոֆիլով, մյուսները՝ կաթսաներով կամ խոհանոցային այլ պարագաներով և այդ բազմազան ազգերից յուրաքանչյուրն ակամա ներկայացնում էր իր երկրի նիստուկացը՝ հիմնականում աղմուկով և ախորժակով։ Իհարկե, այդ պահին ես էլ չէի հրաժարվի տապակած կարտոֆիլից, քանի որ երեկվանից ոչինչ չէի կերել։
Հերթում և ամենուր հիմնականում աֆրիկացիներ էին և արաբներ։ Այնտեղ գերիշխում էին գլխաշորով կանայք։ Նրանց հագ ու կապին նայելով՝ իմ մեջ զարմանում էի, թե ինչպե՞ս են կարողանում դիմանալ այդ օգոստոսյան շոգին, բայց շատ հետո պարզվեց՝ չեն դիմանում, պարզապես ենթարկվում են։
Աֆրիկացիները բարձր  խոսում էին և ինքնամոռաց ավելի բարձր ծիծաղում։
-          Բարև ձեզ,- մեզ մոտեցավ միջանցքում վազվզող երեխաներից մեկը, բարևեց  հայերեն։
-          Բարև,- պատասխանեցինք ես ու Նաիրին՝ միաժամանակ չթաքցնելով մեր զարմանքը։
-          Անունս Նանե է, մենք այստեղ ենք ապրում, եկե՛ք գնանք մեր սենյակ,- ուրախացած առաջարկեց նա։ Ես ու Նաիրին շարունակեցինք իրար նայել։
-          Դուք գնացեք, ես ճամպրուկներին կնայեմ, առաջարկեց նա։
Աղջնակի հետևից բարձրացա երկրորդ, ապա երրորդ հարկ։ Հարկերի միջանցքները, ծայրից ծայր, երկարությամբ շարված էին երկհարկանի երկաթյա մահճակալներ՝ բոլորն առանձին-առանձին  սավանապատած էին, իսկ մահճակալների շուրջն անկարգ թափթփված էին ամեն տեսակի սպիտակեղեն, կոշիկ, հագուստ տոպրակներ, սննդի մնացուկներ։ Միայն մի բարակ ճանապարհ էր, որով մարդիկ ներս ու դուրս էին անում՝ իհարկե, պատերին քսվելով։ Թվում էր, եթե դիպչեմ պատերին կամ բազերիքին, էլ երբեք չեմ մաքրվի․ այնքան աղտոտ ու կեղտից սևացած էր ամենուր

Комментариев нет:

Отправить комментарий