воскресенье, 24 марта 2019 г.

Հրաժեշտ (595-րդը)


Վաղ ծեգին, երբ դեռ մութը ստվերում էր լուսաբացին, հիվանդասենյակ մտավ քույրը սայլակով՝ իր հետ տանելով դեռ կիսաքուն գերմանուհուն․․․ Վերան անհանգստացած նայեց ինձ․
-          Ի՞նչ կա,- հետաքրքրվեցի ես․․․
-          Այսօր նրան դուրս պետք է գրեին, բայց ու՞ր տարան,- տարակուսանքով պատասխանեց նա՝ աչքը դռնից չկտրելով։ Բնականաբար, ես էլ նրա հետ տխրեցի։
-          Այսօր ես տուն եմ գնում, զանգահարել եմ ամուսնուս, որպեսզի իմ հետևից գա,- ասաց Վերան, սկսեց հավաքել իրերը։
-          Ձեր ամուսինը նույնպե՞ս ռուս է,- հետաքրքրվեցի ես։
-          Ո՛չ, հույն է։
-          Իսկ դուք հունարեն խոսու՞մ եք։
-          Այո՛, երկար ժամանակ ապրել եմ Հունստանում, բայց այս վերջին ծանր շրջանում՝ այդ երկրի համար, ստիպված էինք վերադառնալ Ռուսաստան, իսկ երբ այնտեղ էլ  ռուբլին արժեզրկվեց, ահա, չորրորդ տարին է, ինչ այստեղ ենք ապրում։
-          Աշխատու՞մ եք։
-          Ես՝ ոչ, միայն ամուսինս է աշխատում։
-          Ձեր ընտանիքը մե՞ծ է։
-          Չէի ասի։ Աղջիկս մեծն է, արդեն երեք երեխա ունի, իսկ որդիս դեռ չի ամուսնացել, բայց հանդիպում է հույնի հետ,- նա մի պահ լռեց, ապա շարունակեց,- շատ կուզենայի իմ հարսը ռուս լիներ։
-          Հետաքրքրիր է՝ ձեր ընտանիքում ի՞նչ լեզվով եք խոսում։
-          Հիմնականում ռուսերեն, լինում է նաև հունարեն։
-          Իսկ գերմաներե՞ն․․․
-          Գերմաներեն խոսում են երեխաներս, իսկ այ ես ոչ մի կերպ սովորել չկարողացա, քանի որ տանից դուրս չեմ գալիս։ Իմ հեռու տեղը խանութն է։ Մի անգամ փողոցում թոռանս հետ ռուսերեն էինք խոսում,- շարունակեց կինը՝ նկատելի տխրելով,- մեզ մոտեցավ մի անչափահաս գերմանացի տղա, հանդիմանեց, ասելով․ «Դրսում ռուսերեն մի՛ խոսեք, սա Գերմանիան է», և ես համրացած երկար ժամանակ նայում էի այդ տղայի հետևից․․․
Նրա հեռախոսի զանգը մեր զրույցը կիսատ թողեց, պատասխանելուց հետո Վերայի դեմքը պայծառացավ։
-          Ամուսինս է, արդեն գալիս է իմ հետևից։
-          Դե լավ է, կգնաք տանը կհանգստանաք։
-          Չէ՜, պիտի հարսիս հետ գնամ ուրիշ քաղաք հետազոտվելու, այստեղ նրանք ինձ չբուժեցին։ Հենց այնպես հարյուր տասը եվրոն մուծեցի,- դժգոհեց Վերան։
Ներս մտավ խոշոր գլխով, խոշոր դիմագծերով, թուխ մաշկով, խիտ գանգուրներով, նեղ ճակատով, միջին հասակի մի տղամարդ։ Նրա դեմքը ոչ թե կնճռոտ էր, այլ խոշոր ծալքերով, ինչևէ, այդ պահից հույների մասին իմ պատկերացումը փոխվեց, և ես համոզվեցի՝  բոլորը Դեմիս Ռուսոսի արտաքինը չեն կարող ունենալ, ինչում մի ժամանակ այնքան համոզված էի։ Ավելի համոզվեցի իմ կարծիքի փոփոխության մեջ, երբ Վերան ինձ  ներկայացրեց ամուսնուն, իսկ նա անգամ  ինձ մի հայացքի չարժանացրեց։ Վերան հրաժեշտ տվեց և դուրս եկավ ամուսնու հետևից՝ ընդմիշտ հեռանալով իմ կյանքից։
Հիվանդասենյակում մնացի մենակ։ Անսպասելի ներս մտավ հնդկուհին և ձեռքի շարժումով հասկացրեց, որպեսզի հետևեմ իրեն, այդպես էլ արեցի։ Նրա ուղեկցությամբ հայտնվեցի առաջին հարկում, որտեղ տևական ժամանակ քայլեցինք երկար միջանցքներով, մինչև կանգնեցինք մեծ ու փակ դռների առջև։
-          Քրիստոնյա՞ ես,- հարցրեց նա։
-          Այո՛։
-          Կաթոլի՞կ ես։
Այդ պահին լռեցի՝ չիմանալով ինչ պատասխանել, չնայած ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում և, ըստ պատմաբանների, աշխարհում առաջինն իմ ազգն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց ոչ ոք ինձ չի սովորեցրել եկեղեցի այցելել՝ աղոթել առավել ևս։ Ես ծնվել եմ մի ժամանակաշրջանում, երբ իմ երկրում թևածում էր աթեիզմը և ծաղրանքի էր արժանանում հավատքով մարդը։ Ահա, այսպես մնացի համրացած, ավելի ճիշտ հիմարացած հնդկուհու տված հարցից։ Միայն խաչակնքվեցի և գուցե նա բավարարվեց, իսկ գուցե պարզապես գլուխ չդրեց ինձ հետ, ուստի լուռ բացեց ծանր ու մեծ դռները, նրա հետ հայտնվեցի կիսամութ եկեղեցում։ Այն ինձ համար խորհրդավոր թվաց, երբ հնդկուհին մատը թրջեց պատին ամրացված քարե սանդի մեջ և խաչակնքվեց։ Այդ պահից իմ էությունը փլուզվեց՝ տարալուծվելով անհայտության մեջ․․․
Անցնելով մութ սրահներով՝ մենք հայտնվեցինք փոքրիկ սենյակում, որտեղ միայն պահարաններ էին՝ տարբեր տեսակի, հնամաշ ու նոր հագուստներով լեցուն։
Պատահական դարակներից նա ինձ տվեց մի քանի հագուստ, որոնք հիմնականում նախատեսված էին ոչ թե ծեր, այլ շատ ծեր մարդկանց համար, ուստի բոլոր հագուստները տեղավորեցի տոպրակի մեջ՝ պարզապես անկարող նրան մերժելու, լուռ և տխուր վերադարձա հիվանդասենյակ։
Գերմանուհին դեռ չկար։ Մեծ ու լուսավոր պատուհանից մի հայացք գցեցի հեռուն, որտեղից ամեն երեկո մինչ լուսաբաց թեք սարալանջին թինկ տված սաղարթախիտ անտառի ամենաբարձր կետում էլեկտրական լույսերով վառվում էր մեծ խաչը։ Ցերեկն այն չերեվաց, պարզապես  կարողացա մի պահ էլ հիանալ վայրի փարթամ կանաչով։
-          Դուք պատրա՞ստ եք, տաքսին ձեզ է սպասում,- անակնկալի բերեց ռուսախոս քույրը՝ ինձ տալով մի ծրար,- սա կտաք ձեր բժշկին։
-          Շնորհակալ եմ,- պատասխանեցի նրան և դեռ նամակը  չէի թաքցրել պայուսակի մեջ, երբ ներս մտավ գլխաշորով անծանոթ տղամարդը։
-          Ես տաքսու վարորդն եմ,- հայտնեց նա, հասկանալի պատճառով միայն գլխով արեցի և անխոս հետևեցի նրան՝ մի հայացք գցելով գերմանուհու դատարկ անկողնուն, ինձ հետ տանելով նաև հնդկուհու տված հագուստը։

Комментариев нет:

Отправить комментарий