суббота, 30 марта 2019 г.

Նաթոն(596-րդը)


Վրան մտավ Բաչոն՝ մյուս վրացու  հետ՝ նրա կարճ խուզված, շեկ մազերը համահունչ էին վարդագույն այտերին։
-          Բարև ձեզ,- ռուսերենով բարևեցին նրանք ու անցան։
Հայացքով նրանց ուղեկցեցի մինչև վերջ։ Երբ նրանք անհետացան իրենց բաժին կացարանում, այնտեղից դուրս եկավ երեսունը վաղուց լրացած փոքրամարմին մի կին։ Նա հագին ուներ սև անդրավարտիք, սև, լանջաբաց մայկա։ Թեյնիկը ձեռքին մոտեցավ ինձ։ Հայացքով նրան հետևում էին համարյա բոլոր արաբ տղամարդիկ՝ անգամ աղմկողները մի պահ դադարեցին աղմկել։
-          Թեյ կուզե՞ք,- ռուսերենով հարցրեց նա։
-          Եթե կարելի է,- անկանկալի եկա առաջարկից, քանի որ նա, թեյը եռացնելուց հետո, միշտ անտարբեր անցնում էր իմ կողքով։ Նրա գեղեցիկ խաժ ու խոշոր աչքերը  հոգս ու անհանգստություն էին արտահայտում, և հասկացա՝ նա պարզապես չի նկատում ոչ ոքի։ Այնուհետև Թրիրում ստացած պլաստմասե կարմիր ցանցը մահճակալի տակից դուրս քաշեցի, միջից հանեցի սպիտակ պլաստմասե բաժակը, մեկնեցի նրան։
-          Դուք ընտանիքո՞վ եք,- մինչ թեյը կլցներ՝ հետաքրքրվեցի ես։
-          Այո՛, ամուսնուս և երեք երեխաներիս հետ եմ։
-          Իսկ մյուսնե՞րը,- քանի որ նրաց փակ մահճակալների թիվը հասնում էր չորսի, պարզապես  չհետաքրքրվելն անհնար էր։
-          Վրացի երկու ընտանիքներ ենք, նրանց միացանք Թրիրում սպասելիս։ Ֆրանսիայից էին գալիս, իսկ մենք՝ Թբլիսիից։
-          Թվաց՝ մի ընտանիք եք, քանի որ միշտ միասին եք։
-          Ո՛չ, պարզապես մի երկրացի ենք,- բարեկամական ժպտաց նա, ապա ավելացրեց,- անունս Նաթո է, երբ թեյ ցանկանաք, համեցե՛ք, իսկ ես գնամ, Բաչոն սուրճ էր ուզում, դեռ կզրուցենք։- Երբ նա քայլեց դեպի իր ընտանիքը, ես նույն ցանցի միջից հանեցի Նաիրիի բերած թեյը, որը աչքի լույսի պես փայփայում էի նման օրվա համար և սիրով կարոտս առա վաղուց կարոտած թեյից։

Комментариев нет:

Отправить комментарий