понедельник, 25 марта 2019 г.

Աֆղանների ընտանիքը(596-րդը)


Հիմնականում մարդը մարդու հետ մտերմանում է անհրաժշտությունից ելնելով։ Իմ մտերմությունը  աֆղան ընտանիքի հետ սկսվեց ակամա, երբ անհրաժեշտ էր մեզանից մեկը ճաշարանից բերեր մյուսի սնունդը։
Ամուսնու անունը չեմ հիշում, սակայն կնոջ անունն իր խենթ բնավորության պատճառով անհնար է մոռանալ։ Ֆաթիման մաշկով թուխ էր, նրա աչքերը սև ու նեղ էին, նա  ամուսնուց խոշոր էր,  և երբեք  հնարավոր չէր հասկանալ՝ այդ կինը որպես մուսուլման  գլխաշոր կրու՞մ էր, քանզի նա ավելի անկաշկանդ էր, քան ցանկացած վայրի արարած։ Ֆաթիման առաջին շաբաթը համարյա գիշեր ու ցերեկ քնում էր։ Սկզբում թվում էր ճանապարհի հոգնությունն է պարպում, բայց շատ հետո հասկացա, նա գլխացավ ուներ, որի համար էլ ըստ իր պատմածի եկել էր Գերմանիա։ Նրանց երեք անչափահաս աղջիկներն իրարից  տարբերվում էին դիմագծերով՝ մեկը մյուսին զիջում էր մեկ տարով։ Նրանք  իրար հավասար էին՝ սլացիկ, նիհար, թուխ, ինչպես ծնողները։ Ամուսինները միշտ և բոլորին ժպտում էին, իսկ աղջիկները հաճախ վեճի էին բռնվում, և շատ դեպքերում վերջանում էր ծեծկրտուքով։ Արդյունքում մայրը ծեծում էր երեքին, որպես պատիժ, սակայն ակնհայտ սերը միջնեկ աղջկա հանդեպ տարբերություն էր դնում երեխաների միջև անգամ ծեծելուց։ Բայց նրանք մնում էին նույն վայրին և շարունակում էին իրենց անհոգ օրերն ապրել բազմազգ վրանի տակ։  Ընտանիքի հիմնական հոգսը ամուսնու ուսերին էր։ Նա, առանց տրտնջալու, սիրով կատարում էր, առավելապես, երբ գումարի համար հերթ էր կանգնում կամ առևտրի համար խանութ գնում, երբեմն էլ հավաքված լվացքը՝ մեծ տոպրակով, ժպիտը դեմքին մտնում էր լվացքատուն։ Անմոռանալի է, երբ նա մի ամբողջ օր քաղաք էր գնացել՝ նոր հեռախոս գնելու։ Չնայած, ինչպես միշտ, հաղթեց Ֆաթիման՝ տիրանալով հեռախոսին, բայց այդ օրը նրանց ընտանիքում իսկական տոն էր։ Նրանք առանց դադարի, ժամերով խոսում էին հայրենիքում գտնվող բանրեկամների հետ, և յուրաքանչյուր միտք ավարտվում էր երկար քրքիջով։ Նման դեպքում որքան քիչ բան է պետք մարդուն երջանկացնելու։ Նրանց երջանիկ պահերից ինձ բաժին էր հասնում, երբ ամուսինը ճաշարան գնալիս, վերցնում էր նաև իմ «Essen» քարտը։ Այսպիսով՝ այդ ընտանիքը դարձել էր ինձ համար սիրելի և անհրաժեշտ։ Հերթական անգամ, երբ Ֆաթիմայի ամուսինը բերեց ճաշը, Նաիրին  անկողնուն նստած արդեն ճաշում էր՝ չմոռանալով երգել իր սիրած երգերից, որը ինձ միշտ հիշեցնում էր վատ արտասանություն։ Հիմնականում կատարում էր ռուսական շանսոնյե, իսկ այդ պահին նա կատարում էր՝ ավելի ճիշտ արտասանում էր Հախվերդյանից ինչ որ տողեր։
Իհարկե, նա չէր կարող ճաշել երկրորդ հարկում, իսկ առաջին հարկում, իր հսկա  մարմնով, գրավում էր ողջ մահճակալը, և ինձ մնում էր կուչ գալ անկյունում, ինչն այդ պահին օրենքով աշխարհում իմ միակ տեղն էր համարվում, կամ նստել աֆղանների նստարանին։ Նաիրին արդեն ավարտում էր ճաշելը, երբ ես սկսեցի։ Ինչպիսին էլ լիներ նա՝ ճամբարում նա էր իմ միակ ծանոթ հայրենակիցը՝ հասկանում էր իմ լեզուն, իսկ ես՝ նրա։ Ինձ մնում էր հարմարվել։

Комментариев нет:

Отправить комментарий