среда, 20 марта 2019 г.

Նորից հիվանդանոցում (596-րդը)


Թիկունքիս ցավից դժվարանում էի շնչել, միաժամանակ սրտիս աշխատանքն արագանում էր, ուստի ստիպված էի նաժաճաշից հետո, հերթ կանգնել բուժկետի դռանը։
Միակ բանը, որ ինձ ուրախացրեց՝ անձրևի դադարելն էր, այդպես ավելի հեշտ էր դրսում սպասելը։
Օրվա հերթապահ բժիշկը լիքոտ, շիկահեր երիտասարդ էր։ Նա ևս առաջին անհրաժշտությունը համարեց չափել իմ ճնշումը։ Պարզվեց անհրաժշտությունը տեղին էր՝ այն անցել էր  210-110-ի սահմանը։ Չմոռացա բողոքել թիկունքիս սուր ցավից, իսկ այն ավելի շատ էր նեղում ինձ, քան ճնշումը։ Նա ստուգեց զարկերակս և հարկ համարեց  կանչել շտապ օգնություն։
Րոպեներ հետո արդեն հիվանդանոցում էի՝ հինգ հաղթամարմին տղամարդկանց ուղեկցությամբ, բայց ինչպես հայտնվել  էին նրանք, նույն կերպ էլ աննկատ անհետացան՝ ինձ թողնելով սարքավորումներով հագեցված մի սենյակում։
Համակարգչի առջև նստած էր բժիշկը։ Նրա օգնականը համարյա նույն տարիքի գերմանուհի էր։ Զննող բժշկի արտաքինը հնարավոր չէր շփոթել եվրոպացու հետ։ Նրա սև, խոշոր աչքերը և գանգուրները առաջին հայացքից մատնում էին ծագումը։ Նա երբեք չէր նայում իմ դեմքին և ես, մոռացած իմ վիճակի մասին, մտովի երկու զուգահեռներ էի տանում այն առաջին՝ ճամբարին մոտիկ հիվանդանոցի բարեհամբույր բժշկի և, ահա, այսօրվա, որից ակամա կուչ էի եկել՝ կարծես փորձելով անհետանալ նրա տեսադաշտից։ Բայց հրաշք չպատահեց, այնտեղ մնացի պառկած մինչ ուշ երեկո, և, վերջապես, ինձ տեղափոխեցին հիվանդասենյակ։ Հիվանդներն արդեն քնած էին։ Որքան էլ սոված լինեի, հաղթեց հոգնությունը։
Արթնացա վաղ ծեգին, երբ դեռ մութը չէր նահանջել, բայց պատից կախված ժամացույցը ազդարարել էր լուսաբացը։ Հիվանդասենյակ մտավ հերթապահ բուժքույրը, մոտեցավ  կողքի մահճակալի հիվանդին, գերմաներենով դիմեց նրան։ Կինը պառկած տեղից ոտքի կանգնեց և, առանց պատասխանելու, նեղսրտած ուսերը թոթովեց
-          Ոչինչ չեմ հասկանում,- ռուսերենով արտաբերեց նա։ Լսելով ռուսերենը՝ ինձ զգացի աշխարհի ամենաերջանիկ մարդը, բայց և նույն պահին էլ տխրեցի՝ հասկանալով այդ կնոջը, թե որքա՜ն դժվար է, երբ մարդն անզոր է հասկանալ խոսողին։ Միաժամանակ հաղթեց ուրախության միտքը՝ մտածելով՝ գոնե այդ կինը կհասկանա ինձ՝ որպես զրուցակից, թեկուզ միայն ռուսերենը հազիվ թե պետք գար իմ կարգավիճակում։
Երբ քույրը դուրս եկավ, նստեցի անկողնուս, երկար նայեցի շվարած ու տխրած կնոջը։
-          Ռու՞ս եք,- հարցրեցի նրան։
-          Այո՛,- նույն տրամադրությամբ պատասխանեց նա, ապա ավելացրեց,- իսկ դուք գերմաներեն խոսու՞մ եք։
 Իհարկե, այդ պահին ամեն ինչ կտայի, միայն թե խոսեի գերմաներեն՝ օգնելու այդ կնոջը, բայց իմ պատասխանը նրան ավելի թևաթափ արեց, երբ հայտնեցի, որ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ Գերմանիայում եմ։
-          Շատ ափսոս, ես էլ չգիտեմ, չնայած չորս տարի է, ինչ Գերմանիայում եմ ապրում,- ափսոսանքով ասաց նա, ապա ավելացրեց,- ձեր տեղը ռուս կին էր պառկած, նա խոսում էր գերմաներեն և ինձ շատ էր օգնում։
Նրա ասածից ինձ ավելի մեղավոր զգացի և ափսոսացի, որ ժամանակին դպրոցում մեզ մատուցվող ֆրանսերենի տեղը գերմաներեն չեմ սովորել և, ահա, այսօր չեմ կարող օգնել նրան։ Մինչ մենք սրտնեղում էինք մեր լեզվի անգիտությամբ՝ արթնացավ սենյակի երրորդ հիվանդը՝ ութսունվեցամյա գերմանուհին։ Առանց մեր կողմը նայելու՝ իջավ անկողնուց, պահարանից վերցրեց թարմ հագուստը, մտավ լվացարան, բավականին ժամանակ հետո թարմացած դուրս եկավ,  նորից մեծ դժվարությամբ պառկեց տեղը։
Դուռը բացվեց, նախաճաշի սկուտեղը ձեռքին՝ ներս մտավ խոհարարի օգնականը, որին այդ պահին ամենաշատն էի սպասում։ Նա երեք անգամ դուրս ու ներս արեց և յուրաքանչյուրիս առջև հայտնվեց մեկական սկուտեղ։ Յուրաքանչյուրիս նախաճաշը մեկը մյուսից տարբեր էր, իսկ հիմնականում այն ինձ հիշեցրեց  ճամբարի նախաճաշը, միայն այս դեպքում ձվի տեղը թեյ էր։ Նախաճաշեցի՝ ձեռք չտալով  երշիկին և կարագին, և երբ տարան  սկուտեղը, պարզվեց սոված մնացի։ Նախաճաշի առկայությունն ինձ ստիպեց հիշել Նաիրիի «Essen» քարտի մասին․ այն երեկվանից ինձ մոտ էր։ Այդ պահից իմ վիճակն ամենաքիչը սկսեց մտահոգել ինձ։ Փափագում էի մի հեռախոս՝ տեղյակ պահելու Նաիրիին։ Ռուս հարևանուհուս հեռախոսի վրա զանգ եկավ։ Այնպես ուրախացա, կարծես թե ինձ էին զանգահարում։ Նա երկար ժամանակ խոսում էր հեռախոսով, իսկ այդ ընթացքում փորձում էի ուժ հավաքել իմ մեջ՝ խնդրելու հեռախոսից օգտվել․․․
-          Ներեցե՛ք, կարո՞ղ եմ օգտվել ձեր հեռախոսից,- սկսեցի ես, երբ նա ավարտեց խոսելը։
-          Ի սեր Աստծո, խնդրեմ, կարծես այն մաշվելու է,- նման պատասխանից հետո,  հեռախոսը մեկնեց ինձ։ Այնուհետև խնդիր էր, թե ում զանգահարել, հանկարծ հիշեցի՝ Նաիրիի հեռախոսի համարը թղթի վրա գրված, պայուսակիս մեջ էր՝ «սև» օրվա համար և, ահա, եկել էր այդ սև օրը․․․ Ռուս կնոջ օգնությամբ՝ մի կերպ հավաքեցի համարը։
-          Բարև Նաիրի,- սկսեցի ես, բայց շարունակել չկարողացա, երբ նա հեռախոսի միջից  գոռաց․
-          Ու՞ր եք կորել, ողջ ճամբարը երեկվանից ձեզ է փնտրում։
-          Ինչու՞․․․,- մնացի ապշահար ու թևաթափ։
-          Որոհետև չգիտենք՝ որտեղ եք և ողջ գիշեր փնտրել ենք․․․
-          Հիվանդանոցում եմ, ուզում էի տեղեկացնել քարտիդ համար, երեկ մնացել է ինձ մոտ,- մեղավոր շշնջացի, իսկ այդ պահին պատրաստ հեռախոսը շպրտելու, բայց քանի որ այն իմը չէր, զսպեցի ինձ։
-          Քարտը ոչինչ, վրացիները օգնում են, մի անհանգստացեք, ի՞նչ է պատահել,-  հարցրեց նա։
-          Բայց ինձ շտապ օգնության մեքենան է այստեղ բերել, մի՞թե բուժկետում ոչինչ չգիտեն,- առանց որպիսությանս հարցին պատասխանելու՝ շարունակեցի ես։
-          Չգիտեմ, ես էլ ոչինչ չեմ հասկանում,- գանգատվեց Նաիրին։
Դեռ խոսում էի հեռախոսով, երբ ներս մտավ մի երիտասարդ կին: Նրա հագուստից երևաց՝ բուժաշխատող չէր։
-          Խնդրում եմ, ասե՛ք, ձեր իսկական անուն ազգանունը,- դիմեց ինձ։
Մի քանի անգամ կրկնելուց հետո, երբ ոչինչ չստացվեց, վերջապես խելքս կտրեց անուն ազգանունս գրել թղթի վրա։ Նա կարդաց, ժպտաց ու հեռացավ։

Комментариев нет:

Отправить комментарий