суббота, 23 марта 2019 г.

Աղոթքը կարող է հաղթել ցավին(596-րդը)


Այս անգամ թառեցի պատշգամբի գոգին՝ ոչ այնքան տաքանալու, որքան հիանալու չքնաղ բնության կատարելությամբ։ Այնտեղ էլ շարունակում էի զարմանալ աշնանային կանաչ դրախտով, որ փռված էր անդնդախոր ձորի պռկին կանգնած հիվանադանոցի շուրջը, իսկ կանաչի միջից ծիկրակում էին սպիտակ սնկերը։ Ձորով հոսում էր Մոսսել գետը, նրա ափին, կարծես, մի  շարքով կանգնած էին՝ ինձ համար անհայտ  քաղաքի կամ գյուղի շեները։ Գետում դանդաղ լողում էին հսկա բեռնատար նավերը։ Նրանց մտովի նմանեցնում էի տափակ ու սուր կոշիկների։
Հաջորդ առավոտյան եկավ նույն թարգմանչուհին, ինձ հրահանգեց ոչինչ չուտել։ Այսպիսով՝ ինձ մնում էր միայն սպասելը։ Նման սպասումը  ծանր էր ու անվերջանալի, սակայն օրվա ժամերը խտրականություն չունեն ոչ ոքի հանդեպ և անցնում են միակերպ,  տարբերությունը մարդու ապրումներն են, որոնք ունակ են րոպեները ժամերի վերածելու և հակառակը։
Օրը վաղուց իր տարերքի մեջ էր՝ Վերան և գերմանուհին  նախաճաշել էին, երբ քույրը եկավ իմ հետևից։ Նա ինձ մահճակալով դուրս տարավ և թվաց՝ ժամերով ման է տալիս միջանցքներով, բայց ամենևին այդպես չէր, միայն մի քանի րոպեներ հետո մահճակալով հայտնվեցի փակ դռների առջև։ Սկզբում ցանկացա կարդալ մուտքի գրությունը, բայց երբ հիշեցի իմ հեռավոր բարեկամին, երբ նրան տարել էին վիրահատության այդ նույն գրությունը սխալ հասկանալով, նա վախից ընդմիշտ վաստակել էր շաքարախտը, ուստի աչքերս փակեցի։
Դռները ետ գնացին․ փաստորեն հայտնվել էի վիրահատարանում, որին ամենաքիչն էի սպասում։ Դիմավորողը մի աժդահա գերմանուհի էր, նա ինձ ճնճղուկի թեթևությամբ տեղափոխեց վիրահատական սեղանին։ Երբ ինձ նախապատրաստեց, ուրիշ դռնից ներս մտավ այն նույն խոշոր աչքերով բժիշկը՝ նրա հետ էր նաև թարգմանչուհին։
Այդ պահին ամեն ինչ կտայի, որպեսզի չհայտնվեի այդ սեղանին, բայց որևէ բան փոխելու համար շատ ուշ էր, իսկ իմ վեցերորդ զգայարանը շարունակում էր սարսափել ․․․ Վիրահատության համար բժիշկն ընտրեց իմ ցավացող ոտքը, որի համար մի անգամ հայտնվել էի հիվանդանոցում։
Ուղիղ մեկ ժամ տևած վիրահատությունը չզգացի, բայց վերջում դիվային մի ցավ սկսվեց ինձ մոտ։ Սկզբում սկսեցի տնքալ, բայց, երբ այն դարձավ ծանր ու անտանելի, գազաններից փոխ առա ոռնալը, ցավից սկսեցի ոռնալ, իսկ հաճախ այն ակամա վեր էր ածվում տնքոցի։
Բժիշկին մի կերպ հաջողվեց կանգնեցնել  երակից հոսող արյունը՝ իհարկե, ամբողջ ուժով սեղմելով այն։ Ինչպես Վերան ասել էր՝ չմեռա, բայց և մեռնելը ավելի դյուրին էր, քան ճաշակել նման ֆիզիկական ցավը։ Միայն մխիթարվում էի, երբ գոռալով թարգմանչուհուն նախատում էի․
-          Դուք ինձ խաբեցիք․․․
Նա մի պահ լռում էր, ապա անհանգստացած շարունակում․
-          Ամեն ինչ լավ է, մի քիչ համբերեք․․․
Կարծում եմ պարզապես պետք է ապրել այդ ցավը, կարողանալու  հասկանալ դիմացինին, ուստի միայն ես էի ինձ հասկանում և հազար անգամ ափսոսում հիվանդանոց գնալուս համար։
Հիվանդասենյակը խաղաղ էր, սակայն հանգստանալ չէի կարողանում և շարունակում էի ցավից գոռալ։ Եկավ  բժիշը, նա բռնեց իմ ձեռքը, նյարդերս բավականին հանգստացան, իսկ ցավազրկող ներարկելուց հետո թեթևացա։ Բոլորը դուրս եկան։
-          Նա է վիրահատել ինձ,- խռովածի պես, կարծես գանգատվեց Վերան։
-          Ձեզ նույնպե՞ս ցավացրել է,- ոչ պակաս խռոված, հարց տվեցի նրան։
-          Այո՛․․․
-          Նա նման չէ գերմանացու,- նկատեցի ես։
-          Արաբ է։
Լսածից ակամա լռեցի, մնացի գլխահակ։ Քիչ հետո, նորից եկավ թարգմանչուհին։
-          Ձեր սրտի հետ ամեն ինչ կարգին է, վաղը դուրս կգրվեք։
Տրվեցի ինձ հարազատ դարձած զգացումին՝ զարմանքին, քանի որ դեռ ոտքս շարժել չէի կարողանում, իսկ արյունը չէր մակարդվում, «ի՞նչ դուրս գրվելու մասին կարող է խոսք լինել», մտածում էի ես։
Նորից եկավ քույրը, զննեց իմ վերքը և նորից ավազով, կապույտ տոպրակը դրեց վերքին։
-          Արյունը չի մակարդվում,- ասաց նա, հրահանգեց չշարժվել։
Գուցե իմ մենակությու՞նն էր, որից ծնվում էր ակամա սարսափը։ Ինձ այնքան սարսափելի էր թվում ամեն ինչը, և նորից մնում էի անշարժ՝ հոգուս խորքում դողալով անհայտությունից՝ անգամ երազելով վերադառնալ ճամբար։
Հերթական երեկոն իր հետ բերեց նոր հերթափոխ՝ նորից մեր հիվանդասենյակ եկավ հնդկուհին։
-          Բարի երեկո,- մաղթեց նա, ապա մոտեցավ ինձ, լուռ նայեց, նույն կերպ մատով խաչ արեց նաև իմ ճակատին՝  աղոթք շշնջալով․․․ Իսկապես, կարծես անէացա՝ իսկույն թեթևություն զգալով։ Ցավս մեղմացավ։
-          Իսկապես նա հրեշտակի է նման,- շշնջացի, երբ հնդկուհին դուրս եկավ։
-          Այո, ես էլ եմ նկատել և հիմա ամեն րոպե նրան եմ սպասում, գուցե կրկնի աղոթքը։
-          Ինձ երբեք այսքան լավ չեմ զգացել,- իսկապես իմ ցավը մեղմացավ և չնայած սոված լիելուս՝ ցանկացա  քնել։
-          Նա իսկապես  հրեշտակ է,- նորից երանությամբ կրկնեց Վերան,- կուզեի մեկ անգամ էլ ձեռքը դներ իմ ճակատին,- երախտագիտությամբ շարունակեց նա, բայց այդ օրն այլևս հնդկուհին հիվանդասենյակ չմտավ։
-          Արդեն կարո՞ղ ես քնել,- հետաքրքրվեց Վերան։
-          Այո, մի տեսակ թեթևացած եմ ինձ զգում,-  և իմ ծանր ու մղձավանջային ապրումներից հետո, ծանր հուշով քուն մտա՝ ծանր տոպրակը վերքիս դրած։

Комментариев нет:

Отправить комментарий