воскресенье, 17 марта 2019 г.

ՀԻվանդանոցում (596-րդը)

Ինձ համար, իսկ գուցե և բոլորի՞ օրերն սկսեցին ավելի դանդաղ ընթանալ՝ հետզհետե բոլոր օրերը նմանվելով իրար։ Ճամբարաբնակների հիմնական զբաղմունքը դարձավ ուտելն ու պառկելը, իսկ գիշերները՝ նաև քնելը։ Նման իրավիճակում ինձ զգում էի անպետք  ու որկրամոլ։ Ամենօրյա նույն ուտելիքը սկսել էր ծանր ազդեցություն թողնել ինձ վրա և ձանձրացնել բոլորին։ Շատերը ավելի հաճախ սկսեցին խանութ գնալ՝ հատկապես գումարի օրերին, այսինքն  հիմնականում շաբաթական մեկ անգամ, իսկ աղբամանները սկսեցին մշտապես տնքալ դեն նետվող նախաճաշից, ճաշից և ընթրիքից․․․
Մենակությունը երբեմն կարող է բուժել մարդու հոգին, բայց մշտական մենությունը, եթե այն պարտադրված է՝ հաճախ հանգեցնում է շատ հոգեբանական  բարդություննների։
Ճամբարում, թեկուզ ժամանակավոր, բոլորը գտնում էին ինչ որ մեկին, և շատ արագ մենությունը լքում էր այդ ընդվզված հոգիներին։ Ինձ մոտ ոչինչ չէր ստացվում՝  միայնակ միայն տղամարդիկ էին՝ այլ աշխարհից և այլ կրոնից, իսկ անլուծելի բարդ խնդիրը մնում էր լեզվի չիմացությունը, որի պատճառով հոգեպես ճզմվում էի անտես պատին և այդպես երկար ժամանակ մնում։ Այդ երես առած մենությունը ստիպում էր ժամերով պառկել կամ քայլել, նաև ակամա երեք անգամ սնվել։ Շարունակական նման կյանքը, ինչպես արդեն նշել եմ, մարդուն դատապարտում է դանդաղ և անխուսափելի մահվան՝ առավել ևս, եթե այլընտրանք չունի այդ մարդը՝ տվյալ դեպքում ես։
 Ոտքս անտանելի ցավում էր։ Գիշերները քնել չէի կարողանում, բայց բժիշկներին, ինչպես միշտ, հիմնականում անհանգստացնում էր իմ արյան բարձր ճնշումը։ Երբ ցավը դարձավ անտանելի, հերթական օրվա մի առավոտ հերթ կանգնեցի բուժկետի դռանը։ Բուժկետը գտնվում էր ճամբարի ելքի մոտ՝ այն պահակատնից բաժանվում էր մի բարակ պատով։ Օրվա հերթապահ բժիշկը համբերատար զննում էր բոլորին։ Ժամեր հետո հերթը հասավ նաև ինձ։ Մի կերպ կարողացա բժշկին հասկացնել գանգատս։
Այնուհետև, բժշկի ցուցումով, մնացի նստած նստարանին այնքան ժամանակ, մինչև  ներս մտավ հիսունի մոտ մի կին՝ երկար գանգուրներով, շատ նեղ տաբատով, նայեց ինձ, սիրալիր ժպտաց։ Իհարկե ոչինչ չէի կարող հասկանալ։ Նա բռնեց իմ ձեռքից, և մենք միասին դուրս եկանք։ Դրսում շարունակում էր բարակ անձրև մաղել։ Անծանոթ կինը տաքսու վարորդ էր։ Նրա ուղեկցությամբ նստեցի տաքսին, այնուհետև մի ետ հայացք գցեցի բակ։ Խալեդը կանգնած նայում էր։
Տաքսին կայանեց բարձրահարկ շենքի բակում։ Երբ վարորդի ուղեկցությամբ ներս մտա, միայն այդ ժամանակ հասկացա՝ շենքը հիվանդանոցն էր։ Վերջապես կանգ առանք հարկերից մեկում, այն ինձ այնքան հաճելի ու լուսավոր թվաց ճամբարային ամենօրյա մղձավանջից հետո։ Մի տեսակ ջերմություն անցավ իմ սառած մարմնով։ Կարգապահ աշակերտի պես մնացի կանգնած վարորդի կողքին, երբ նա խոսում էր հերթապահի հետ։
-          Դուք ռուսերեն խոսու՞մ եք,- դիմեց ինձ գեղեցիկ դիմագծերեվ երիտասարդ աշխատակցուհին։
-          Այո՜,- անակնկալի գալով լսածից՝ ուրախացած ծոր տվեցի ես։
-          Այդ դեպքում ձեր բախտը բերել է,- ժպտաց նա։- Նադյան ձեզ կօգնի, նա ազգությամբ ռուս է։
Իհարկե իմ ուրախությանը չափ չկար, քանի որ գոնե մեկ անգամ անգետի պես չեմ նայելու բժշկի դեմքին, և այդ պահին, եթե տարիքս համապատասխաներ ուրախությունից վեր-վեր կթռչկոտեի՝ ուռա գոռալով, բայց հասկանալի պատճառով մնացի տեղում կանգնած։
-          Կարող եմ ձեզ օգնել։-  Մոտեցավ Նադյան։ Նա, բացի սիրունատես լինելուց, նաև բարեհամբույր էր։ Տաքսու վարորդը դուրս եկավ, իսկ ռուս բուժքույրը ինձ ուղեկցեց բժշկի մոտ։
-          Նստե՛ք այստեղ և սպասե՛ք,- սիրալիր առաջարկեց նա, երբ մոտեցանք միջանցքի նստարաններին։
Նադյան անհետացավ դիմացի դռների մեջ։ Իսկ ես զարմացած շարունակ շուրջս էի նայում․․․  Նայում էի հերթի սպասող ծեր զույգերին, քանի որ իմ հայրենիքում հազվադեպ կարելի է հանդիպել երկարակյաց զույգերի և ավելի հազվադեպ է, երբ զույգը ապրում է միասին մինչև խորը ծերություն, իսկ երկար ապրելու դեպքում, որքան էլ ցավալի է, հաճախ զավակները նրանց ներկայությունը հանդուրժում են հանուն թոշակի։  Եվ, ահա, այս շեն երկրի բախտավոր ծերերի շարքում, որ արժանացել են պետության ուշադրությանն ու խնամքին, նստած էի ես, որքան էլ տարիքս չհամապատասխաներ ստատուսին․․․
Երբ հերթն ինձ հասավ, Նադիայի ուղեկցությամբ՝ մտա բժշկի մոտ։ Ի զարմանս ինձ՝ երիտասարդ, ժպտադեմ գերմանացի բժիշկը մոտեցավ, ձեռքով բարևեց, և այդ պահին, երբ ձեռքս մեկնում էի նրան, թվաց, թե նա ձեռքը մեկնում է, ինձ վեր բարձրացնելու իմ մենության անդունդից։
-          Ինչի՞ց եք գանգատվում,- հարցրեց բժիշկը։
-          Աջ ոտքիս և կողքիս ցավից,- պատասխանեցի ռուսերենով և զգացի, թե որքան սիրով  է թարգմանում  Նադյան։
Բժիշկը զննեց, ապա ինձ համար անսպասելի ախտորոշում արեց․
-           Ձեր կոնքը տեղից դուրս է ընկած։
Իհարկե զարմանալի էր նորութունը, բայց երբ հիշեցի իմ հայրենիքի այն մութն ու ցուրտը, ուր ստիպված էի, խոր ձների մեջ թաղվելով, քարշ տալ ծանր ու թաց գերանները՝ կացարանը տաքացնելու, միաժամանակ ուտելիք պատրաստելու Եվրոպայի տված օգնության մթերքով․․․ Հիշեցի ու ցավով լռեցի․․․
Բժիշկը համբերատար, շատ ճկուն ու արհեստավարժ կերպով տեղը գցեց իմ կոնքը։ Այնուհետ չափեց ճնշումս, և ինչպես մյուսները, նա նույնպես մնաց զարմացած։
Իհարկե, շնորհակալությունը քիչ էր նման Մարդու համար, բայց իմ միակ հարստությունը դա էր, և ես, սիրով ու երախտագիտությամբ, հայտնեցի այն, դուրս եկա Նադիայի հետևից։
-          Ահա՛, վերցրեք այս կտրոնը, դեղատունն առաջին հարկում է, այնտեղից կվերցնեք այս հաբերը և կընդունեք, ձեր արյան ճնշումը երկու հարյուր հինգ էր։
Հրաժեշտ տալու փոխարեն  լուռ նայեցի նրան․․․
-          Դեղատան աշխատողը ևս ռուսախոս է, մի ընկճվեք,- ավելացրեց նա՝ կարծես կարդալով միտքս։
Ուրախացած հրաժեշտ տվեցի Նադյաին։
Հիվանդանոցի առաջին հարկում  գտնվող դեղատունը բավականին տարածք էր գրավում։ Բժշկի նշանակած դեղերն այնտեղից վերցնելուց հետո, դուրս եկա բակ։ Տաքսին դեռ չկար, իսկ անձրևը շարունակում էր մաղել։ Սպասեցի ծածկի տակ։ Քիչ հետո եկավ տաքսին և ինձ ետ բերեց ճամբար։ Երբ տաքսին կանգ առավ ճամբարի բակում, անձրևն արդեն դադարել էր։ Սպիտակ ամպերի ծալքերից երևաց երկնքի կապույտը։ Իմ ներկայությամբ՝ բուժքույրը վարորդին վճարելուց հետո, նա ժպտադեմ հրաժեշտ տվեց, իսկ երբ ուզում էի դուրս գալ բուժկետից, բուժքույրը բժշկի նշանակումը և հաբերը ձեռքիցս վերցրեց, դրեց դարակը։ Ակամա տխրեցի և խաբվածի զգացողությամբ  քայլեցի դեպի վրան, մինչև հիմա էլ չհասկանալով՝  ինչու՞․․․
Խալեդը բակում դեռ սպասում էր։ Նրա հագուստի վրայից ջրի կաթիլները գլորվում էին, տեսնելով, միացավ ինձ։
-          Տաքսին քեզ ու՞ր տարավ։
-          Իսկ դու որտեղի՞ց իմացար  իմ տեղ գնալու մասին։
-          Հետևում էի և տեսա։
Իհարկե ուրախ էի, որ կար գոնե մեկը, որի համար գոյություն ունեի ոչ որպես քանակ, այլ նաև որպես մարդ և երախտագիտությամբ միայն ժպտացի նրան։ Որքան էլ նա օտար լիներ թե կրոնով, թե լեզվով, ինձ այնքա՜ն շոյված զգացի։ Այդ արաբ երիտասարդից բացի այլևս ոչ ոք չնկատեց իմ բացակայությունը։

Комментариев нет:

Отправить комментарий