суббота, 2 марта 2019 г.

596-րդը՝ սփոփանք


 Հայրենակիցներիս ծվարած սենյակը փոքր էր, անշուք ու մութ։ Կահույքը բաղկացած էր երկու երկհարկանի և մեկ երկտեղանոց սովորական մահճակալներից։ Բոլորը հայ կանայք էին՝ գզգզված մազերով ու հոգնած դեմքերով, նրանց աչքերում վաղվա օրվա սպասելիք կար, և գուցե տոկում էին օտարության այդ խուլ անկյունում՝ հանուն այդ վաղվա օրվան։
-          Մնացեք մեզ հետ, մի բան կանենք,- առաջարկեց տարեց կինը՝ գլուխը վերմակի տակից հանելով։
Ոչինչ չկարողացա պատասխանել, լուռ նայեցի այդ վեց կանանց և երկու երեխաներին։ Նրանք ծվարել էին այդ փոքրիկ ու անշուք կացարանում՝ փայփայելով աղոտ հույսի փոքրիկ շողքը, որն ավելի շատ խանգարում էր նրանց իրատես լինելուն․․․ Որքան էլ հոգնած ու սոված լինեի, ազնվորեն չնախանձեցի նրանց և հեռացա հույսով՝ ուրիշ տեղ ավելի լավ կլինի։
Նաիրին կուլ տվեց վերջին պատառը, ոտքի կանգնեց, երբ նորից երևաց սևահեր կինը․ ամիսներ հետո իմացա՝ նրա անունը Նելի էր, ազգությամբ հայ։ Նա ամուսնացել էր գերմանացու հետ, աշխատում էր ճամբարում՝ որպես թարգմանչուհի։
-          Սպասե՛ք դրսում,- հայտարարեց նա,- ավտոբուսները շուտով կժամանեն ձեզ տեղափոխելու համար։
Ակամա ոտքի կանգնեցի՝ նախօրոք ճամպրուկս բռնած։ Նաիրին հետևեց ինձ։
-          Բարի ճանապարհ ձեզ,- ռուսերենով մաղթեց կինը և այս անգամ ընդմիշտ անհետացավ մեր տեսադաշտից։ Միայն հասցրի գլխի շարժումով պատասխանել նրա բարեմաղթանքին։
Նաիրիի հետ լքեցինք երկար ժամեր մեզ համար արդեն հարազատ դարձած նստարանը։ Դրսում նույնպես մարդաշատ էր։ Աղմկում էին, առանց կանոնների ֆուտբոլ խաղում, թվում էր՝ նրանք իրենց հուժկու հարվածներով պատժում են կաշվե գնդակին։ Բազմությունը բազմազգ էր և բազմազան։ Ավտոբուսի սպասողներս նորեկներ էինք․ մեծ խմբերով շարվել էինք օգոստոսյան բարկ արևի տակ։ Սուր գլխացավից մեծ ցանկություն ունեի նստել գետնին, բայց հետո մեծ ջանք էր հարկավոր վեր կենալու համար։
Վերջապես բակ մտան չորս  մեծ ավտոբուսներ, որոնցից իմ հայրենիքում տեսել էի միայն  Իրանից և Թուրքիայից եկող և հրապարակում, որը ծառայում էր տուրիստներին ման տալու համար։
Ահա, երանությամբ հերթ կանգնեցի՝ այդ ավտոբուսներից մեկը նստելու՝ այն զգացողությամբ, ասես կատարված էի համարում իմ բաղձալի երազանքներից մեկը՝ հայտնվել տուրիստի կարգավիճակում։
Ավտոբուս բարձրանալու հերթը նաև ինձ հասավ։ Վարորդին ցույց տվեցի իմ նոր փաստաթուղթը, որում նշված էր ազգանունս, ազգությունս, ժամանման ժամանակը։ Անունս նշված չէր։
Տեղավորվեցի անմիջապես վարորդի ետևի նստարանին, Նաիրին միացավ ինձ։
-          Այսպես լավ է, քանի որ մենք ոչ ոքի լեզուն չենք հասկանում,- ասաց նա, հոգնությունից ընկավ կողքիս նստատեղը․․․
-          Իսկ գուցե նրա՞նք մեր լեզուն չեն հասկանում,- իմ արած կատակից  կարողացանք միայն  ժպտալ, այնքան հոգնած էինք։
Տեղերը լրանալուն պես՝ ավտոբուսները շարժվեցին։ Ոչ ոք չէր խոսում։ Հոգնությունը յուրաքանչյուրին ստիպում էր լուռ ննջել։ Անգամ երեխաները, գլուխները թեքած, կիսանինջ ծնողների գրկում, ոչ թե նստել, այլ կախ էին ընկել նրանց հոգնած թևերից․․․

Комментариев нет:

Отправить комментарий