воскресенье, 31 марта 2019 г.

Երբ չես համակերպվում(596-րդը)


Ճաշարանից հետո վերջին վրանը լվացքատունն էր։ Քանի որ այնտեղ աշխատում էին բացառապես ազուլները, ուստի լվացք տանողը կամ պետք է ծանոթ ունենար կամ պարզապես ուժեղի տպավորություն թողներ աշխատողների վրա։ Ըստ իս՝ ոչ մեկն էի, ոչ էլ մյուսը, բայց և այնպես, սուրճը խմելուց հետո վերցրի հավաքված լվացքը, քայլեցի լվացքատուն։ Նրանցից մեկին՝(հետո պարզվեց ազգությամբ ալբանացի էր) քառակուսի դեմքով, մանր աչքերով, լիքոտ, շիկահեր մազերով երիտասարդ կնոջը ցույց տվեցի տոպրակը։ Նա  առանց այլևայլության գլուխը բացասաբար տարուբերեց։
-          Տեղ  չունենք,- ասաց նա երևի իր մայրենիով, որը բավականին հասկանալի էր ինձ համար։
Իհարկե իմ հասկանալը ոչնչով չօգնեց, և տխուր դուրս եկա՝ որոշելով ինչ էլ լինի, այլևս չմտնել այնտեղ։ Նորից խռովեցի աշխարհից և իմ անլվա շորերով քաշվեցի իմ անկյունը։
Հետզհետե մութն իջավ ճամբարի վրա, սկսեց անձրև տեղալ, և թվաց՝ մութն իր հետ անձրև բերեց։
Ինչպես միշտ, գումար ստանալու օրերին վրանում աշխույժ մթնոլորտ էր տիրում՝ արաբ երիտասարդները էլեկտրական վառարանի վրա իրենց ազգային ճաշն էին պատրաստում՝ ոչ հեռու իմ մահճակալից, միաժամանակ աղմկելով ու բարձր ծիծաղելով։ Աֆղան ընտանիքը նոր էր վերադարձել մարկետից, նույն ուրախ մթնոլորտն էր տիրում նաև նրանց մահճակալակացարանում, որտեղ հայրը նստած՝ միշտ շախմատի ձիու կերպար էր ստանում, իսկ երեխաներն  իրար դնգստելով, ըմբոշխնում էին գնված քաղցրավենիքը։ Ֆաթիման ծամոնն արագ ծամում էր՝ փուչիկ անելով բարձր պայթեցնում, ինչը ազդում էր իմ նյարդերին, երբեմն զգուշացնում էի․․․ Մի պահ դադարում էր, ապա բարձր ծիծաղելով շարունակում։
Ինչպես միշտ, Էրմանը ոչնչի չէր խառնվում։ Նա, անկողնուն նստած, անվերջ խոսում էր Ջամիլի հետ, որի կերպարն ինձ աղքատ բարեկամի էր հիշեցնում։
Ինքնազգացողությունս վատ էր։ Անկողին մտա՝ չնայած դեռ վաղ էր։ Սիրտս այնքան արագ էր խփում, թվում էր՝ ուր որ է դուրս կթռչի, բայց այդպես չեղավ, նա մնաց իր տեղում, քանի որ  պառկեցի սրտիս վրա՝ խլացնելով նրա զարկերը, որոք արձագանքում էին ականջներիս մեջ։
Խինդ ու ծիծաղը դեռ շարունակվում էր, իսկ ես աշխատում էի խլանալ ու քնել։

Комментариев нет:

Отправить комментарий