пятница, 15 марта 2019 г.

Էրմանն ու Ջամիլը (596-րդը)

Ամեն անգամ վրան մտնելիս, իմ ուշադրությունը գրավում էր Էրմանը։ Նա ամենատարիքովն էր արաբ երիտասարդների մեջ։ Էրմանն ուներ սև, փարթամ միրուք,  լայն ճակատ, որին ավելի էր վեհացնում վեր սանրված սև ու խիտ  մազերը։ Թվում էր՝ նրան երբեք չէր կարող խանգարել վրանում տիրող աղմուկն ու աղաղակը, երեխաների վազվզոցը։ Միայն նա չփոխեց փայտյա մահճակալը և քնում էր միշտ ոտքերը դուրս ցցված։ Էրմանն ինքնամփոփ էր, չէր շփվում ոչ ոքի հետ, եթե խոսում էր, ապա միայն հեռախոսով։
Նստած էի իմ բաժին մահաճակալին, սպասում էի ճաշի ժամին։ Նա իրեն հատուկ դանդաղ քայլերով եկավ, կանգնեց իմ դիմաց։ Նստած տեղից զարմացած նայեցի նրան, նա ժպտաց, որից նրա նեղ աչքերը համարյա փակվեցին, ապա ինձ մեկնեց երկու կոնֆետ։ Իհարկե, շփոթվեցի և ակամա ընդունեցի կոնֆետներն այնպես, կարծես կյանքում  տեսած չլինեի, որից նա շոյվեց, շարունակեց մնալ կանգնած։
-          Danke,- արտասանեցի իմ մի քանի իմացած գերմաներեն բառերից մեկը, որը նշանակում էր «շնորհակալություն», ոտքի կանգնեցի՝ չիմանալով հետո ինչ անել․․․
-          Bitte,- սիրալիր պատասխանեց Էրմանն ու նույն կերպ վերադարձավ իր տեղը։
Անմիջապես նրա կողքի մահճակալի երկրորդ հարկի Ջամիլը փոքրամարմին էր, ավելի երիտասարդ, սակայն արդեն նկատելի ճաղատ։ Նրա աչքերը, հակառակ Էրմանի, մեծ էին, խաժ և միշտ տխուր։ Նա ևս լուռ էր ու միայնակ։ Նրա ձեռքին կարելի էր միշտ գիրք տեսնել։ Հետզհետե նրան և Էրմանին հաճախ էի միասին տեսնում՝ թե դրսում, թե ներսում, այս անգամ նրա գրքից  ջանասիրաբար օգտվում էր նաև Էրմանը։
Անցան օրեր, երբ մի անգամ հետևի դռնից դուրս էի գալիս, Էրմանն ու Ջամիլը, դարձյալ միասին նստած երկար նստարանին, կարդում էին նույն գիրքը։ Էրմանն ինձ հրավիրեց մոտիկ, մոտեցա․
Ի՞նչ գիրք է,- կարողացա հարցնել ես։ Ջամիլը սիրով ցույց տվեց գրքի  շապիկը․ նրանք «Ղուրան» էին կարդում՝ գիշեր ու զօր։

Комментариев нет:

Отправить комментарий