суббота, 30 марта 2019 г.

Հերթից հերթ(596-րդը)


Առավոտյան Նաիրին արթնացավ բարձր տրամադրությամբ, արագ հագնվեց, լվացվեց, նստեց իմ անկողնու իր բաժնում։
-          Այսօր փողի օր է,- նույն ոգևորությամբ ասաց նա, ոտքի կանգնեց,- տվե՛ք ձեր քարտն էլ, գնում եմ նախաճաշի։
Լուռ նրան տվեցի քարտը՝ ուրախանալով, որ գոնե մեկ անգամ պակաս կհայտնվեմ հերթի մեջ, բայց ճաշարանում չհայտնվելը ոչ մի դրական ազդեցություն չէր կարող ունենալ իմ ինքնազգացողության վրա, քանի որ միևնույն է՝ սնվում էի նույն նախաճաշով, ճաշով և ընթրիքով, ուստի նորից հերթի մեջ էի, եթե ոչ ճաշարանում, ապա բուժկետի մուտքի մոտ։
-          Բարև ձեզ,- ինձ համար անսպասելի՝ հերթի մեջ երևաց Էլչիմը,- վաղու՞ց եք սպասում։
-          Ոչ այնքան,- պատասխանելով նայեցի սպասողներին, իսկ նրանք, ինչպես միշտ, ոչ թե հերթ էին կանգնած, այլ մեծ խումբ էին կազմել։ Էլչիմը ներս մտավ առանց հերթ, քիչ հետո ներս կանչեց նաև ինձ։
Այդ ադրբեջանցի երիտասարդը գերմաներեն խոսում էր վարժ ու արագ և, մոռացած, թե ինչի համար եմ մտել այնտեղ, նախանձով հետևում էի նրա արագ շարժվող շուրթերին։
-          Ձեր ճնշումը նորից անցել է 200-ի սանդղակը, դուք չպետք է քաղցր օգտագործեք, նաև շատ հեղուկ պետք է խմեք,- թարգմանեց նա ռուսերեն։
-          Քաղցր չեմ օգտագործում,- մեղավոր պատասխանեցի ես՝ հիշելով իմ պլաստմասե ցանցում հավաքած քսանհինգական գրամ ջեմերն ու կարագները։
Այնուհետև բժիշկը շարունակեց խոսել  Էլչիմի հետ։
-          Ձեր նյարդերը լարված են, դուք սթրես եք տանում, ուստի լիարժեք բուժում հնարավոր է միայն ճամբարից դուրս գալուց հետո։
Լսածից միայն հուսահատվեցի և մնացի նստարանին գլխահակ նստած։
-          Ձեր հաբերը փոխեցին՝ հույսով, որ նոր հաբի ազդեցությունը դրական կլինի։
 Բժիշկն ինձ մի հաբ տվեց, իսկ քույրը ջուր։ Ես այն տեղում կուլ տվեցի և այդ անգամ ավելի շատ երախտապարտ էի  Էլչիմին, թարգմանության համար, քան բժշկի սրտացավ մոտեցմանը։ Թեթևացած դուրս եկա, քանզի հասկացել էի ասված յուրաքանչյուր բառ, որքան էլ այն մխիթարող չլիներ ինձ համար։
Քայլեցի՝ հերթական անգամ լրացնելու գումարի սպասողների երկար շարքը, ուր, ինչպես միշտ, տղամարդիկ էին և մի քանի սոմալեցի կանայք։ Հեռու՜, շարքի սկզբում նշմարվում էր ալբանացի «սեքյուրիթիի» գլուխը, ակամա անհանգստանում էի՝ կարծելով, եթե հերթն ինձ հասներ, նա թույլ չէր տալու ներս մտնել կամ անձնագիր էր պահանջելու, ուստի ամեն վայրկյան հույսով սպասում էի՝ գուցե մեկ ուրի՞շը փոխարիներ նրան, բայց այդպես չեղավ, և հերթը հասավ ինձ․․․ Ներս մտա մյուս «սեքյուրիթիի» կողքով՝ աշխատելով հեռու մնալ նրանից, թե ինչու՞՝ ինքս էլ չէի հասկանում, բայց զգացածս ներքին վախը չէր լքում ինձ։
Այս անգամ ստացա 32 եվրո և հաջորդ դռնից աննկատ դուրս եկա, անհետացա «սեքյուրիթիի» տեսադաշտից։ Դեռ գումարը չէի հասցրել տեղավորել պայուսակի մեջ, երբ մեկը անգլերենով դիմեց ինձ․
-          Թե՞յ, թե սուրճ,-  գլուխս հանեցի սավանի հետևից՝ Յուսուֆը թեյնիկը ձեռքին կանգնել էր մաճակալի կողքին:
Իհարկե, շփոթվեցի՝ չիմանալով՝ որն ուզել՝ թե՞յը, թե՞ սուրճը, բայց կարողացա պարզապես բաժակը պահել, որպեսզի նա լցներ եռացրած ջրով, սակայն այդքանով չազատվեցի հյուրասիրությունից, նա նորից ետ եկավ՝ սուրճի տարան ձեռքին, և համրացած ժպիտով ընդունեցի նրա սուրճը, վայելեցի՝  անհետանալով մահճակալի մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий