четверг, 28 февраля 2019 г.

Հատված՝ 596-րդը վեպից հատված (Սպասում)


Քանի որ աշխատակիցը զգուշացրել էր զգույշ լինել, ուստի ճամպրուկը տեղավորեցի ոտքերիս մոտ։ Քիչ հետո ինձ միացավ Նաիրին։ Մենք լուռ էինք, հոգնությունը թույլ չէր տալիս անգամ մարդավարի ծանոթանալու և մինչև նոր շրջապատում միակ ծանոթ ու հարազատ դարձած  սևահեր կինը ետ կգար,  ուշադիր նայում էի ամենուր և բոլորին։ Աղմուկը բարձր էր, այն վեր էր ածվել ժխորի, թվում էր՝ աշխարհի բոլոր ազգերը հավաքվել էին այնտեղ՝ աղմկելու։ Երկու երեխաներ վազվզում էին միջանցքով, միաժամանակ քսվելով կեղտից վաղուց գույնը կորցրած պատերին։ Աղմուկը սաստկացավ, երբ վերևի հարկից մի մեծ խումբ դուրս վազեց։ Այնուհետև, բազերիքին հենված, ուժգին ճռճռացնելով, ցած իջան մի այլ խումբ աֆրիկացիներ։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ էի տեսնում այդքան շատ աֆրիկացիների միաժամանակ։
Երբ կիսանինջ հետևում էի ճամբարի անց ու դարձին, նորից երևաց սևահեր ու արագաշարժ կինը՝ ձեռքին երկու կապույտ պլաստմասե ցանցեր։
-          Ճաշի ժամն արդեն վերջանում է։ Ահա՛, սա վերցրե՛ք, շտապե՛ք ճաշ ստանալու,- ռուսերենով հրահանգեց նա՝ մեզ տալով մեկական ցանց՝ յուրաքանչյուրի մեջ արդեն դրված  երկու սրբիչ, մեկական պլաստմասե բաժակ, ատամի խոզանակ և մածուկ, դանակ, պատառաքաղ և մեծ ու փոքր գդալներ․․․
Այս անգամ շուրջս նայեցի՝ ոչ թե ուսումնասիրելու, այլ գտնելու, թե որտեղից պետք է ստանալ ճաշը։ Միջանցքի հակառակ ծայրին երևում էր երկար հերթը։ Ճամպրուկս քարշ տալով՝ մոտեցա․ պատի մյուս կողմից երևաց փոքր փեղկը։ Քանի որ վաղուց ոչինչ չէի կերել, շտապեցի հերթ կանգնել։
Հերթում հիշեցի իմ հայրենիքի մութ ու ցուրտ տարիները, երբ հերթ էինք կանգնում հարյուր գրամ ցամաք հացի համար և այնքան սիրով տանում էինք ու փայփայում միայն երեխաների համար։
Երևացող արագաշարժ ձեռքերն իմ ցանցի մեջ նետեցին  հաց, երկու լոլիկ և մի ամբողջ երշիկ։ Վերադարձա, նստեցի նստարանին։ Այդ պահին իմ միակ օրինական տեղն այդ նստարանն էր։ Սակայն ճաշել չկարողացա, քանի որ և տեղն էր անհարմար և ուտելիքը։ Երշիկից ետ էի սովորել հայրենիքիս անկախացման առաջին տարվանից, քանզի կարիքը թույլ չէր տվել երկար տարիներ համտեսելու նորանկախ երկրիս մսամթերքը, իսկ վերջերս փորձեցի․ այն վեր էր ածվել սպունգի։ Եվ ահա՛, երջանիկ պատահականությամբ, օտար ափերում, իմ զամբյուղի մեջ, հենց այնպես, այն արագաշարժ ձեռքերը նետել էին մի ամբողջ կտոր երշիկ, բայց, ավա՜ղ, ճաշակել չկարողացա։
Նորից երևաց սևահեր կինը, մոտեցավ, ինձ տվեց փոքրիկ թղթի մի կտոր, և այն այդ պահից իմ միակ փաստաթուղթն էր և, իհարկե, այն ավելի մեծ ուժ ուներ, քան իմ երկրի անձնագիրը։
-          Վերցրե՛ք սա և սպասե՛ք այստեղ, շուտով ձեզ կտեղափոխեն ուրիշ ճամբար,- աշխատանքը կատարողի պարտականությամբ անտարբեր արտաբերեց նա։
-          Ու՞ր, ուրիշ ճամբար է՞լ  կա,- շվարած ու աշխարհից նեղացած ծոր տվեցի, այս անգամ ոչ թե նստեցի, այլ ընկա նստարանին։
-          Իհա՞րկե, կա, և որքա՜ն ուզեք,- պատասխանեց նա, նորից անհետացավ, վաղուց գույնը կորցրած դռան ետևում։

Комментариев нет:

Отправить комментарий