воскресенье, 17 марта 2019 г.

Գումարի օրը (596-րդը)


Գլխիկոր նստեցի մահճակալին, որտեղ պառկել էր Նաիրին։ Քանի որ նա չշարժվեց, ստիպված էի նկատելի կուչ գալ իմ անկյունում, նմանվելով շախմատի ձիու։
Ընթացիկ օրը համընկնում էր գումար ստանալու հետ, ինչը, հետզհետե, ինձ համար վեր էր ածվում տհաճ երևույթի միայն այն մտքից, որ նորից պետք է հերթ կանգնեմ աղմկող, ծխող ու ծուխն իմ դեմքին փչող տղամարդկանց մեջ։
Չնայած առավոտից մաղող անձրևը դադարել էր, բայց  արևը խառնվեց մեգին և այդպես մնաց։
Հերթը նույնն էր՝ ուրախ ու զվարթ աֆղաններով, բարձր խոսող արաբներով և ավելի բարձր ծիծաղող աֆրիկացի կանանցով։ Կանգնեցի հերթի վերջում։ Նաիրին մի գլուխ բարձր էր շարքից, նա առաջինն էր։ Չգիտես ինչու, հոգուս խորքում խռովեցի նրանից, թե՞ հոգիս էր աշխարհից խռոված․․․ Չգիտեմ․․․ Ժամեր հետո հերթն ինձ հասավ և, ստանալով իմ երեսունմեկ եվրոն՝ առաջին անգամվանից տասը եվրո պակաս, վերադարձա վրան։
Աֆղան ընտանիքի համար յուրաքանչյուր գումարի օր իսկական տոն էր, և, ահա, նրանք պատրաստվում էին հերթական անգամ սուպեր մարկետ գնալու։ Հոգուս խորքում նախանձում էի այդ ուրախ ընտանիքին,  և մնում նստած մահճակալին։ Թխամաշկ, փոքրամարմին աֆղան-ամուսինը մոտեցավ՝ ընտանիքի անդամների քարտերը ձեռքին, հասկացրեց, որպեսզի իրենց բաժին ճաշը վերցնեմ։ Սիրով հանձն առա՝ ուտել նստելուց զատ գոնե մի բան արած լինելու համար։
-          Բարև՜,- հայերեն բարևեց սիրիացի Արամը, նստեց կողքս։- Ո՞նց ես,- հարցրեց նա՝ Նաիրիից սովորած հայերենով։ Իհարկե շատ ուրախացա նրա հայերենի համար, բայց նույն պահին էլ տխրեցի,  քանի որ նա չէր կարող հասկանալ իմ սրտամոտ պատասխանը։ Այդ բարի երիտասարդը էությամբ այլ էր և ինձ համար անսովոր բնավորությամբ ազգակից։ Հանեց հեռախոսը մեկնեց ինձ, ես ուսերս թոթովեցի։
-          Ալո,- ասաց նա հեռախոսը դրեց իմ ականջին, երևի մտածելով առաջին անգամ եմ հեռախոս տեսնում։
-          Nein, danke,- պատասխանեցի նրան իմ իմացած բառերով՝ միաժամանակ գերմաներենի հերն անիծելով։ Նա ժպտաց և, կարծես անզոր հասկացնելու, ափսոսանքով հեռացավ՝ գլուխը տմբտմբացնելով։
Ճաշարանում մարդաշատ չէր, քանի որ գումարից հետո համարյա բոլորը մարկետ էին գնացել։ Առաջին անգամ ուրախացա՝ այնտեղ մտնելով և ստացա յոթ բաժին ճաշ՝ ներառյալ Նաիրիինը։ Միայն ընթրիքից առաջ վերադարձավ աֆղան ընտանիքը՝ յուրաքանչյուրի հետ մի ծանրոց։ Ստացած ճաշն այլևս չբացեցին, այլ միանգամից շպրտեցին աղբամանը, սկսեցին նոր գնած էլեկտրական եփիչով բուդիկներ տապակել ձեթի մեջ։ Հոտը տարածվեց ամենուր։ Մշտապես աղմկող արաբ երիտասարդները միահամուռ նախատեցին  խեղճերին, և նրանք, մեծ դժվարությամբ, սարքը դուրս տարան, որպեսզի ավարտեն տապակելը։

Комментариев нет:

Отправить комментарий