вторник, 19 марта 2019 г.

Անձրևը (596-րդը)


Սեպտեմբերի կեսերից Ֆրանկֆուրտ Հանում անձրևներն սկսեցին տեղալ առանց դադարի, համարյա գիշեր ու ցերեկ, այնուհետև, օր-օրի վեր ածվելով հեղեղի, լվանում էր թեք ճամբարի աղտոտվածությունը, միայն պատերին մնում էին անձրևից արդեն խմորի վերածված հացի կույտերը։
Եթե գումար ստանալու օրերը հիմնականում աֆղանների համար էր տոն, ապա բացի գումարից, աֆրիկացիների համար տոն էր նաև անձրևը, և նրանք երկար վազվզում էին  դրսում, մինչև ջուրը կաթում էր հագուստներից։ Ես, որ ամենուր և միշտ արհեստականորեն համրացած կարգավիճակում էի, ինձ մնում էր հետևել բոլորին  անկախ ինձանից, նույն կարջավիճակը ստիպում էր միշտ կիսատ ժպտալ կամ զարմանալ։ Այդ երկու զբաղմունքից զատ՝ նաև գրում էի Նաիրիի բերած տետրի մեջ, բայց ինչ էլ անեի, առյուծի բաժինն ընկնում էր նստելուն, որից օրեցօր ինքնազգացողությունս ավելի էր վատանում՝ գլուխս ինչպես միշտ այրվում էր, իսկ սրտիս շուրջը, թե սիրտս, ստույգ չէի կողմնորոշվում միշտ ցավում էր։
Օրը մթնտած էր, և թվում էր՝ ուր որ է սև ամպերը մինչև անձրև դառնալը կփլվեն ճամբարի վրա, բայց այդպես չեղավ, նրանք վերածվեցին անձրևի և հերթական անգամ, վարար առուների դառնալով, հոսեցին ասֆալտով՝ անհետանալով հենց ասֆալտի պռկին, և թվում էր՝ ամեն վայրկյան հեղեղից ծիլ էր առնում կանաչը և, իհարկե, կրկնապատկում իմ զարմանքը։
Տեղացող հորդ անձրևի պատճառով առավոտյան հնարավոր չէր դուրս գալ վրանից, ուստի մնացի նստած անկողնում, ինչը հաճախ էր պատահում։
Արդեն նախաճաշի ժամն էր, բայց Նաիրին դեռ քնած էր, իսկ ես ամառային կոշիկներով հազիվ թե կարողանայի հասնել ճաշարան, ուր մնաց նախաճաշով ետ գայի։ Ճամբարում մենակ ես էի բարձրակրունկ կրող, ուստի բոլորի կողմից այն նկատելի էր և զարմանալի, բայց որքան էլ զարմանային, այլընտրանք չունեի։ Ինձ մնում էր նստած սպասել մինչև  եղանակը  բարեհաճ գտնվեր, բայց աֆղան ընտանիքի հայրն ավելի բարեգութ գտնվեց և, նախաճաշի գնալիս, վերցրեց նաև իմ ու Նաիրիի քարտերը։
Չնայծ հորդառատ անձրևին՝ ներսում անտանելի տոթ էր, քանի որ միացրած էր հսկա տաք օդ փչող տաքացուցիչը, որից մարդը կարող էր պարզապես խեղդվել, բայց խեղդվողներ չէին լինում, և ես, բոլորի հետ, հերթական անգամ իմ պարտքը կատարեցի նախաճաշելով՝ այս անգամ հրաժարվելով ձվից։

Комментариев нет:

Отправить комментарий