вторник, 12 марта 2019 г.

Նոր մահճակալները (596-րդը)


Քանի որ իմ մահճակալը դռանը մոտիկ էր՝ աֆղան ընտանիքից  հետո, ուստի ակամա հետևում էի, թե արաբ երիտասարդները որքան ջանասիրաբար էին աշխատում։ Շուտով նրանց միացավ Նաիրին, ակամա ինձ ուրախություն պատճառելով։ Աշխատանքին չէին մասնակցում մեզ հետ վրան եկած երկու վրացի ընտանիքների տղամարդիկ, սակայն առաջինը նրանց համար մահճակալներ տեղադրվեցին։
Երեք մահճակալ հավաքելուց հետո, Նաիրին միացավ վրացիներին, լքեց աշխատանքը՝ պատճառաբանելով՝ մարկետ է գնում։ Իհարկե, վատ զգացի, հուսահատվելով։
Երբ բոլոր ընտանիքներն ապահովված էին, միայնակ տղաները սկսեցին ավելի արագ աշխատել․ նրանք մահճակալ էին հավաքում նաև իրենց համար՝ հաճախ նայելով շուրջը։
Ճաշի ժամն էր։ Նաիրին դեռ չէր վերադարձել։ Ինձ մոտեցավ երիտասարդներից Մուհամեդը, հասկացրեց՝ ինձ համար էլ մահճակալ կհավաքի՝ բնականաբար այն ուրախացրեց ինձ։
Չորս երիտասարդներ, հազիվ քարշ տալով, ներս բերեցին երկաթյա ծանր երկտեղանոց մահճակալը, դրեցին փայտյա մահճակալի տեղն՝ այն դուրս տանելով։
Երբ աշխատանքն ավարտվել էր, նորից եկավ «շուքրին», աչքերը բազմանշանակ խաղացրեց բոլորիս վրա՝ նայելով թևի ժամացույցին, առանց խոսք ասելու՝ դժգոհած դուրս գնաց։ Իհարկե, տագնապեցի, քանի որ, առաջին հերթին, ինձ չէր հասնում նման «ճոխություն»։
Մի քանի անգամ ներս ու դուրս արեցի՝ Նաիրին չկար ու չկար։ Ճաշի ժամն էր, բայց  ոտքս կախ գցեցի՝ հարդարելով նոր մահճակալը, միաժամանակ սպասելով Նաիրիին։ Ի վերջո ստիպված էի այն կիսատ թողնել, քանի որ  ճաշը վերջանում էր։
Առաջին անգամ ճաշարան մտնելը դժվար էր։  Արտաքինից բոլոր վրանները միանման էին։ Ճաշարանն ամենավերջին վրանն էր։ Ներսից տարածությունն ավելի մեծ թվաց։ Այն երեք մուտք ուներ։ Ավելի հարմար էր ներս մտնել հետևի դռնից և միանգամից հերթ կանգնել, քանի որ ողջ ճաշարանի երկայնքով հերթ էր։ Վերևի պատի տակ շարված էին մեծ էլեկտրական թեյնիկներն ու սրճեփերը, իսկ երկար սեղանի մյուս կողմը նստած էր երիտասարդ գերմանուհին։ Շարքում բոլորը տղամարդիկ էին՝ ես էի կին և մի սոմալեցի։
Սև, պլաստմասե փակ արկղերով ճաշը ներս էին բերում դռան կողքի բաց պատուհանով։ Հերմետիկ փակ տուփերով կիսաֆաբրիկատները շոգեխաշվում էին մեծ վառարաններում, որից հետո բաժանվում էին։
Ճաշի առկայությունը ստիպեց տղամարդկանց ավելի անտանելի բղավել։ Գուցե ոգևորությունի՞ց էր․․․ գուցե․․․ Երեխաներն, ավելի ոգևորվելով, սկսեցին իրար հրմշտել՝ ցավեցնելու աստիճան․․․ Ես համբերատար մնում էի ոտքի վրա՝ ուժերիս ներածին չափով․․․ Երբ հերթը հասավ, քարտը մեկնեցի գերմանուհուն։ Նա ամսաթվի դիմաց խաչ դրեց, առաջացա՝ ստանալով երկու բաժին ճաշ և երկու կտոր սպիտակ հաց։ Այնուհետև շտապեցի դուրս՝ մի կերպ խուսափելով հրմշտոցից․․․
Միայն դուրս գալու ճամփին նկատեցի ճաշարանում տեղադրված երկար սեղաններն ու նստարանները, որոնք զբաղեցնում էին հիմնականում աֆրիկացիներն ու մի քանի այլ մուսուլմաններ։ Արդեն լքված սեղանների վրա ցրված էին ճաշի մնացուկներն ու դատարկ տարաները։ Սեղանի շուրջ նստածները նույնպես աղմկում էին ու իրար հրմշտում։
Վերադառնալով տեղավորվեցի կիսակահավորված մահճակալին, բացեցի ճաշը։ Այն բաղկացած էր երեք մասից՝ կարտոֆիլի խյուսից, մսով սոուսից, իսկ երրորդը կանաչ ոլոռ էր։ Իհարկե, բոլորն էլ համտեսեցի, սակայն դարձյալ համերն անսովոր էին, ուստի հացի օգնությամբ մի քիչ ճաշակելուց հետո, նետեցի արդեն ճաշերով լցված աղբամանը։
Այնուհետև, ինչպես բոլոր միայնակներն, անտեսելով «շուքրիի» հայացքը, շարունակեցի կահավորել  իմ նոր մահճակալը․․․ Այն երեք կողմից փակեցի սավանով և առաջին հարկն ինձ համար դարձրեցի որպես փոքրիկ անկյուն, որտեղ կարող էի առանձնանալ,  անգամ ցերեկները մի պահ անհետանալ՝ մնալով աննկատ։ Համեմատած առաջին մահճակալի, մնացած անհարմարությունները մանրուք էին։

Комментариев нет:

Отправить комментарий