воскресенье, 10 марта 2019 г.

596-րդը (շարունակությունը)


Չնայծ ուշ քնելուն՝ առավոտյան արթնացել էի վաղ ծեգին։ Մի պահ մնացել էի նստած անկողնում և ինքնաբերաբար շուրջս էի նայում։ Վրանում տեղավորվել էին իննը երեխա, տասնմեկ կին և քառասուներեկու տղամարդ՝ հիմնականում Սիրիայից եկած արաբ երիտասարդներ․․․ Մի տեսակ կուչ եկա։ Վրանում մարդը վեր էր ածվել զանգվածի, այնտեղ չկար սեռ, և չէր կարող լինել անձնական՝ ամեն ինչ ընդհանուր էր։ Մուսուլման ամուսինները քնել էին իրար կողքի։ Կանայք գլխաշորերով՝ կուչ եկած։ Մեզ հետ միասին վրան եկած երկու վրացի ընտանիքները զբաղեցնում էին ինը մահճակալներ վրանի ամենավերևի մասում։ Նրանց իրերը մեծ տեղ էին զբաղեցնում՝ թափված այս ու այն կողմ, և ոչ ոք չէր շտապում ոտատակից մի կողմ քաշել։
Վրանը տնքում էր հոգնած մարդկանց մրափից։ Դուրս եկա բակ, քայլեցի։ Մի քանի անգամ ավելի մեծ վրանները, շարված իրար կողքի, իրենց մեջ էին առել տարբեր ազգերի ու հավատքի մարդկանց։  Նրանք անխռով ծվարել էին այդ անկյունում՝ աշխարհի թոհուբոհից հեռու։
Քայլեցի արևածագին ընդառաջ, մնացի կանգնած սպիտակ պաստառով պատած արգելապատի մոտ։ Երկա՜ր նայեցի հեռուն, ուր սաղարթախիտ ծառերի կատարներին կարծես թինկն էր տվել օգոստոսյան արևը, թվում էր՝ մեգը փորձում էր խեղդել նրան՝ պարուրելով  շողքերն իր մեջ, բայց նրանք ջերմության իրավունքով պատռում էին մեգը և խրվում կենարար հողի մեջ։ Քիչ ավելի հեռվից լսվում էր ինքնաթիռների խուլ հռնդյունը։
Լուսաբացը մտավ իր իրավունքի մեջ, վերադարձա վրան։ Երիտասարդները դեռ քնած էին։ Հիմնականում տղամարդկանց անկողիններից դուրս էին ցցված մերկ ոտքերը՝ մահճակալների կարճ լինելու պատճառով, բայց դա չէր խանգարում նրանց՝ ճանապարհի հոգնությունը պարպելու։ Երեխաները վազվզում էին մահճակալների արանքներով՝ հաճախ դիպչելով  դուրս ցցված ոտքերին, միաժամանակ աղմկելով, իսկ նրանց ծնողները քնատ ու ճմրթված փորձում էին կողմնորոշվել՝ ալարկոտ նստելով յուրաքանչյուրն իր անկողնու վրա։
Նաիրին արթնացավ նախաճաշին, նստեց անկողնուն, սկսեց հագնել կոշիկները․
-          Այսօր մեզ գումար են տալու,- ոգևորված սկսեց նա։
Դեռ չէի մարսել 25 գրամ կարագի առկայության զարմանքը, երկրորդ անակնկալը կրկնապատկեց իմ զարմանքը, և մի պահ իմ բերանը մնաց բաց՝ հիշելով հայրենիքում չվճարված չորս տարիների իմ աշխատավարձը, ինչը մեզ  դատապարտել էր սովի․․․
-          Գնում եմ նախաճաշի, գալի՞ս եք,- շարունակեց նա կոշիկները հագնելուց հետո,- եթե ուզու՞մ եք, ձերն էլ կբերեմ,- տեսնելով հապաղում եմ շարունակեց նա։
-          Եթե կարելի է,- նրան տվեցի իմ «Essen» քարտը, որի իմաստը հետո հասկացա՝ «ուտել» է նշանակում։
Հոգուս խորքում շարունակում էի զարմանալ՝ անկողնուս նստած։ Այս դեպքում «անկողին» բառը պետք է հասկանալ ավելի լայն իմաստով, քանի որ այն ծառայում էր նաև որպես աթոռ, սեղան, բազմոց։ Միաժամանակ հայացքով հետևում էի շարունակ վազվզող  ու աղմկող երեխաներին։
Եկավ Նաիրին, բերեց նախաճաշը․ այն ընթրիքի կրկնությունն էր՝ մեկ ձվի տարբերությամբ։ Անկողծորեն, հաճելի էր նորից ստանալ նույն կարագը, և ավելի շատ ուզում էի այն պահել, քան ճաշակել, բայց քանի որ իմ երկրում դելիկատես էր համարվում, որոշեցի տուրք տալ ախորժակիս։

Комментариев нет:

Отправить комментарий