четверг, 21 марта 2019 г.

Իմ զարմանքը(596-րդը)


Կեսօրին նորից հիվանդասենյակի դռները բացվեցին, բերեցին երեք բաժին ճաշ։ Ես և ռուս կինը ինքնուրույն ճաշեցինք, իսկ գերմանուհուն օգնեց քույրը։
-          Անունս Վերա է,- վերջապես ներկայացավ հարևանուհիս։ Իհարկե, ուրախացա, քանի որ դա նշանակում էր՝ մեկ քայլ մոտեցել եմ նրան, թեկուզ՝ որպես զրուցակից։
Քանի որ իմ հագուստը բարակ էր, և բոբիկ էի ամառային կոշիկների մեջ, համարյա միշտ մրսում էի, ուստի տեղավորվեցի լուսամուտի գոգին՝ արևից տաքանալու հույսով, բայց ինչպես գիտենք, ցուրտ անձրևի ժամանակ արև չի կարող լինել։ Մի քանի անգամ տեղս փոխելուց հետո ճաշեցի լրագրերի համար նախատեսված սեղանին։ Ճաշը  յուրահատուկ համ ուներ՝  քաղցր սոուսով միսը անսովոր էր իմ քիմքին։  Որքան փորձեցի երախտամոռ չգտնվել, չստացվեց և նորից սոված մնացի։ Այնուհետև մեկ ժամ հետո մատուցեցին թեյ և սուրճ՝ նայած ով ինչ էր նախընտրում։
Հիվանդանոցում իմ զարմանքը հաճախ փոխվում էր ընկճվածության, և հոգով կուչ էի գալիս այդ կանոնակարգված օրենքի առջև, ակամա ցավով հիշում, թե ինչպես իմ հայրենիքում տասնվեց օր սոված մնացի հիվանդանոցում, և ոչ ոք չփորձեց հացի մի փշուր անգամ տալ։ Հիշեցի, թե ինչպես էի թաքուն մտնում ճաշարան՝ հույսով մի կտոր ուտելիք գտնելու և եթե հաջողվում էր գտնել, ապա աննկատ վերադառնում էի, մտնում անկողին, վերմակը քաշում էի գլխիս, արցունքախառը ծամում ցամաք հացը, իսկ այստեղ, այս օտար ափերում սկուտեղով ուտելիք են մատուցում․․․  Միշտ զարմացած կմնամ, և իմ զարմանքը կխառնեմ երախտագիտությանս մինչև իմ կյանքի վերջը։
Հաջորդ առավոտյան քույրը ներս մտավ անվասայլակով, գերմանուհուն տարավ, իսկ նա արդեն լվացված, հագնված սպասում էր․
-          Ու՞ր տարան ֆրաուին,- հետաքրքրվեցի ես։
-          Օրումեջ նրա երիկամները լվանում են,- պատասխանեց Վերան և խորը հոգոց հանեց։
-          Ինչու՞ տխրեցիք։
-          Տխրեցի, որովհետև մեր երկրում ո՞վ է մեծերին բանի տեղ դնում։
-          Երևի նախկին սովետական բոլոր երկրներում է այդպես, քանի որ մեզ մոտ նույնպես նրանք մնում են անխնամ, ավելի ստույգ Աստծո հույսին։
Դեռ զրուցում էինք, երբ բերեցին գերմանուհուն։ Նա ոչ այնքան հոգնած էր, որքան տանջված, ուստի մի կերպ պառկելուց հետո երկար ժամանակ աչքերը չբացեց։ Կեսօրից հետո նրան այցելության եկավ թոռնուհին՝ ամուսնու և երկու երեխաների հետ։ Կարծես նրանց այցելությունը կյանք տվեց այդ գունատ ու հոգնած կնոջը, նա դարձավ կենսուրախ և ամբողջ ընթացքում խոսում էր ու բարձր ծիծաղում։ Վերջապես, երբ հարազատները գնացին, նա լռեց, դարձավ առաջվանը, գլուխը թեքեց, աչքերը փակեց։
-          Ինչու՞ նա մեզ հետ չի խոսում, ինչու՞ մեր կողմը չի նայում,- մի անգամ հարցրի Վերային։
-          Առաջին օրը խոսում էր ինձ հետ, բայց երբ իմացավ գերմաներեն չեմ խոսում, այլևս լռեց, այդ օրվանից անգամ իմ կողմը չի նայում։
-          Իսկ դուք ինչի՞ց եք բողոքում,- առիթից օգտվելով հետաքրքրվեցի ես։
-          Թոքաբորբ ունեմ, շատ եմ քրտնում, ամեն առավոտ կարծես ջրի մեջ քնած լինեմ։
Մեր զրույցը կիսատ մնաց, երբ ներս մտավ խոհարարը՝ տետրն ու գրիչը ձեռքին, բուժքրոջ հետ։
-          Բարև ձեզ,- բարևեց գերմաներենով, ապա ավելացրեց,- ասեք, թե ով ինչ է նախընտրում վաղվա համար։
Բուժքույրը թարգմանիչի դեր էր կատարում, և ես պատասխանեցի, իհարկե, մի պահ շփոթվելուց հետո․
-          Ամեն ինչ լավ է, միայն խնդրում եմ՝ սոուսներն առանց քաղցրի։
Խոհարարը ժպտաց և հրաժեշտ տվեց։ Դեռ իմ գոհունակության ժպիտը խաղում էր դեմքիս, երբ ներս մտավ ինձ զննող, խոշոր աչքերով բժիշկը՝ թարգմանչուհու հետ։ Բժիշկը սկսեց իր հետ բերած ձեռքի թղթերը մեկ առ մեկ ցույց տալ, որոնց վրա պատկերված էին ինձ համար անհասկանալի պատկերներ։
-          Ձեր սիրտը պետք է ստուգեն,- հայտարարեց թարգմանչուհին։ Անկախ ինձանից բերանս բացվեց, աչքերս կլորացած նայեցի նրան, ապա կմկմալով հարց տվեցի․
-          Իսկ դա ցավո՞տ է․․․,- ինձ համար կարևոր չէր, թե ի՞նչ բնույթի վիրահատություն է՝ կարևորը արդյո՞ք ցավոտ էր լինելու, որից այնքան սարսափում էի։
-          Ո՛չ, այն շատ թեթև վիրահատություն է,- բժշկի բացատրությունից հետո, պատասխանեց ռուս թարգմանչուհին,- իհարկե, կցավազրկեն, դուք անհանգստանալու ոչինչ չունեք,- իր կողմից հաստատեց թարգմանչուհին։
Տարակուսած նայեցի թղթի պատկերներին, ոչինչ չասացի, քանի որ ոչինչ էլ չէի հասկանում։ Բժիշկն, առանց զլանալու, նորից սկզբից մինչև վերջ կրկնեց՝ մտածելով երկրորդ անգամ կարող եմ հասկանալ նրա լեզուն, բայց ավելի խճճվեցի, երբ նա ինձ մեկնեց թղթերից մեկը՝ պահանջելով ստորագրել։ Ստորագրելու հետ մեկտեղ նայեցի թարգմանչուհուն։ Գուցե նա հասկացա՞վ իմ հայացքի հարցականը, ուստի պատասխանեց․
-          Այդ ստորագրությունը նշանակում է՝ դուք համաձայն եք վիրահատության,- հավելյալ բացատրեց նա, որից իմ աչքերն ավելի կլորացան․․․
-          Իհարկե, դուք իրավունք ունեք քսանչորս ժամվա ընթացքում հրաժարվելու,- շարունակեց  նա։
Բժիշկը թարգմանչուհու հետ դուրս եկան, իսկ ես մնացի շվարած կանգնած։
-          Շա՞տ ես վախենում,- հարցրեց Վերան։
-          Ցավի՞ց, այո շատ եմ վախենում, իսկ նրանք ինձ կցավեցնեն, դա զգում եմ,- հուսահատ շշնջացի ես։
-          Բայց չեն սպանի, նրանք նաև թույլ չեն տա, որպեսզի մեռնես,- ռուս կնոջ պատասխանը հուսադրեց, բայց ներքին վախը կախվեց ինձանից և այդպես մնաց։

Комментариев нет:

Отправить комментарий