вторник, 5 марта 2019 г.

596-րդը (շարունակությունը)


Որքան էլ հոգնած ու սոված լինեի, հաղթեց Գերմանիայի գեղատեսիլ բնությունը, ուստի  քնել չկարողացա։ Անհնար էր չհիանալ լեռնային ելևեջներով։ Ավտոբուսն ընթանում էր վերուվար ոլորաններով՝ և որքա՜ն բարեկարգ։ Ողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր  սաղարթախիտ անտառը։ Այդ ամենն իրական էր, միաժամանակ երազ՝ ամռան վերջին օրերին տեսնել բնությունն այդքան կանաչ ու կենդանի։ Նորից իմ հիացմունքին խառնվեց հայրենի աշնանամուտը, որտեղ դեռ ամռան կեսերից բնությունը հագնում էր անապատի ավազի գույնը։ Արևի բարկությունից գետինը ճաքում էր, կարծես հողը բերանը բացած անձրև էր աղերսում երկնքից, բայց, ավա՜ղ, կիսաանապատում ամռանն անձրևները հազվադեպ են լինում։
«Ազուլի» իմ նոր կարգավիճակը խառնված բնության կատարելությանը՝ շարունակում էի հիանալ, երբ հեռվից երևացին սպիտակ բրգաձև գագաթները։ Հիշելով, Թրիր քաղաքի քարաշեն ճամբարի բակում տեղակայված սպիտակ բրեզենտե վրանները, իմ աչքից իսպառ չքվեց բնությունը՝ յուր կատարելությամբ։ Սիրտս մի տեսակ տագնապեց, սակայն փորձեցի ինքս ինձ մխիթարել, գուցե այն ընդամենը երևում է և չի կարող ինձ վերաբերվել, բայց, ավա՜ղ, այն թաքնված վեցերրորդ զգայարանը չխաբեց ինձ։ Ավտոբուսն ուղղություն վերցրեց դեպի հարթանիստ, ցածր բլրի վրայի երևացող վրանները։
Սպիտակ համազգեստով «սեքյուրիթին»՝ անվտանգության աշխատակիցը,  փութաջանությամբ բացեց թիթեղյա, թեթև ցանցե սպիտակ գույնի պաստառապատած դարպասները, և ավտոբուսները կայանեցին անտառապատ ճամբարի բակում․․․ Ուղևորները, «սեքյուրիթիների» հրահանգով, շարվեցին կարմիր պատի տակ։ Ես էլ ճամպրուկս հազիվ քարշ տալով՝ հայտնվեցի շարքի վերջում՝ Նաիրիից հետո։
Շուրջս չէի նայում, գլխահակ էի։ Մեզ շրջապատել էր հետաքրքրասերների մի ողջ բազմություն։ Թվում էր՝ ինձ դատապարտում են։ Ճամբարի՝ իմ առաջին տպավորությունն այդպիսին էր։
Կամաց-կամաց ցրվեցին հետաքրքրասեր «ազուլները», իսկ մեր շարքը հոգնությունից հենվել էր կարմիր շենքի երկար պատին։
Օգոստոսյան արևը հետզհետե դառնում էր անտանելի՝ սողոսկելով մինչև ոսկորներս և անասելի գլխացավ պատճառում։ Անհնար էր պատսպարվել, քանի որ օրենքով իմ միակ տեղն առայժմ այդ շարքն էր։
Չէի հասկանում երկար ժամերով շարք կանգնելու իմաստը, մինչև հերթը հասավ ինձ։ Փոքրիկ փեղկից ինձ էր նայում կանացի մի դեմք։ Նրան տվեցի Թրիրում սևահեր կնոջ տված իմ միակ «փաստաթուղթը», սպասեցի երկար ժամեր տևող րոպեներ։ Այս անվերջանալի ժամերի տևողությունը կարող է զգալ միայն նա, ով գեթ մեկ անգամ հայտնվել է նման իրավիճակում։
Կապուտաչյա գերմանուհին իմ տված փոքրիկ թղթի փոխարեն վերադարձրեց երկու ավելի մեծ թղթեր, որոնցից մեկը կապույտ էր, վրան գրված «Essen», իսկ մյուսը՝ սպիտակ էր՝ վրան պատկերված կարմիր խաչ։
Իմ նոր փաստաթղթերում դարձյալ նշված էր ազգությունս և ազգանունս, փաստաթուղթն ստանալու ժամանակը և 596 թիվը։
Բակում մնացել էինք ես, Նաիրին, երկու վրացի ընտանիքները և մի քանի արաբ երիտասարդներ։ Մնացած բոլորին արդեն տեղավորել էին  տարբեր վրաններում։

Комментариев нет:

Отправить комментарий