суббота, 16 марта 2019 г.

Նոր փախստականները (596-րդը)


Առավոտից ճամբարում եռուզեռ էր։ Աշխատողները նոր փախստականների էին սպասում, և, ահա, լսվեց երեխաների բղավոցները։ Չնայած վարար անձրևին շատերը վազեցին դեպի պահակակետ։ Չցանկացա դուրս գալ, միայն դռնից հետևեցի բակ մտնող ավտոբուսներին, իսկ վրանում այլևս ոչ ոքի տեսնել հնարավոր չէր։ Յուրաքանչյուրն իր բաժին մահճակալը սավանապատել էր՝ վերածելով փոքրիկ կացարանի։ Բոլորը նման կացարանում ուտում, սրճում, զրուցում ու քնում էին։ Միայն երեխաների համար գոյություն չուներ ոչ մի սահման ու կացարան, նրանք ինչպես միշտ, ողջ վրանով վազվզում էին ու աղմկում։
Քանի որ սովորական երևույթ էր ավտոբուսների հաճախ բակ մտնելը, ուստի մոռանալով նրանց գոյության մասին, իմ անկյունից հետևում էի, թե ինչպես էր Էրմանը կիսատ ժպիտով քարոզ կարդում խեղճ Ջամիլի գլխին։ Այդ արաբ երիտասարդը լուռ լսում էր՝ առանց բառ անգամ առարկելու և միայն ժամեր հետո դուրս էր գալիս, երբ ճաշի կամ ընթրիքի գնալու ժամն էր։ Իմ զարմանքը վեր էր ածվում վրդովմունքի Էրմանի հանդեպ, իսկ հոգուս խորքում մի տեսակ խղճում էի Ջամիլին, քանի որ լսելուց բացի, նաև կատարում էր նրա բոլոր պահանջները՝ գնում էր ուտելիքի հետևից, լվացքատուն, խանութ, երբեմն նաև Էրմանի հետ, եթե նրա սիրտը զբոսնել էր ուզում։
Վրանում աղմուկն ու աղաղակը հասել էր գագաթնակետին՝ բոլորը խոսում էին միաժամանակ, ծիծաղում էին միաժամանակ, վիճում էին միաժամանակ և թվում էր՝ նրանց միայն ես եմ լսում, իսկ ես, որ չէի հասկանում ոչ ոքի, պարզապես հետևում էի բոլորին, ակամա ունկընդրում ժխորը, որին ավելի էր նպաստում անձրևի ուժգին հարվածը վրանի տանիքին։
Արդեն մոռացել էի բակ մտած ավտոբուսների մասին, երբ, մի քանի ծանր ու մեծ ճամպրուկներ քարշ տալով, վրան մտավ մի երիտասարդ զույգ, նրանց դեմքերը տեսնել հնարավոր չէր, քանի որ, կինը, բացի ավանդական գլխաշորից, կրում էր նաև անձրևանոց, իսկ երիտասարդը, բացի ծանր իրերը քարշ տալուց, համարյա թրջված էր մինչև շապիկը։ Նա հոգնած էր ու շփոթված․․․ Որքան էլ արաբ երիտասարդները տարված լինեին կատակներ անելով, նկատելով նորեկներին, բոլորը հավաքվեցին նրանց շուրջը, իսկ նրանք պարզապես ընկան միջանցքում դրված նստարանին։ Միայն Էրմանը տեղից չշարժվեց՝ շարունակելով աղոթք մրմնջալ։ Ամուսինները դեռ հևում էին հոգնությունից, երբ անհամբեր հայրենակիցների կողմից սկսվեց հարցերի տարափ տեղալ խեղճերի հոգնած գլխներին։ Կինը վախվորած շուրջն էր նայում, իսկ ամուսինը պատասխանում էր հարցերին՝ հաճախ մաքրելով դեմքից հոսող անձրևի հետքերը։ Ամուսինը բարձրահասակ էր, կնոջից նկատելի տարիքով էր, բայց դեռ երիտասարդ ությունը չէր լքել նրան և չնայած երիտասարդ տարիքին, բավականին ճերմակած էր։ Նրա ճերմակները և ատամնաշարն ավելի արտահայտիչ էին դառնում թուխ մաշկի պատճառով։
Կինն ամուսնու հակապատկերն էր՝ կարճահասակ, նկատելի առաջ թեքված,  երիտասարդ ու գեղեցկադեմ, դեմքը նուրբ էր անգամ ձիգ կապված գլխաշորով։ Նրանց հայրենակիցները սկսեցին  հարց ու փորձ անել ավիրվող հայրենիքից, իսկ նորեկների բերած լուրերից բոլորը մի պահ տխրեցին, բայց երբ ամուսինները տեղավորվեցին իրենց հատկացված երկհարկանի մահճակալի մեջ՝ պարուրելով այն սավանով, ապա անհետանալով սավանի հետևում՝ կարծես պատսպարվելով հետևող հոգնությունից ու տեղացող հարցերից, թվաց բոլորը նույն պահին էլ մոռացան հայրենիքի և նորեկների  գոյության մասին՝ նորից վերածվելով ժիր ու աղմկող ամբոխի, իսկ երիտասարդ զույգը երկար ժամանակ չէր երևում։

Комментариев нет:

Отправить комментарий