пятница, 29 марта 2019 г.

Ավտոբուսները տարան աղմուկը (596-րդը)


Վաղ ծեգից ճամբարը եռռում էր։ Թվում էր՝ բոլորը խառնվել էին  իրար ու ինչ որ տեղ էին շտապում, և միայն ես էի անտեղյակ կանգնած ու շվարած։ Աշխատակիցները վրանների մուտքին էին մոտեցնում բարձր մետաղյա ցանցերը, որոնց իմաստը սկզբում չէի հասկանում, բայց քիչ հետո, երբ ցանցերը լցվեցին օգտագործված սպիտակեղենով, հասկացա, թե ինչի համար էին մետաղյա շարժական ցանցերը։ Յուրաքանչյուր չորս տղամարդ տնքալով հազիվ քարշ էին տալիս ծանր երկաթյա մահճակալները դեպի պահակակետի ետևը։ Այնուհետև երկու հարյուր հոգուց ավելի փախստականներ սկսեցին անթիվ ճամպրուկներով շարվել ելքի մոտ։ Այս անգամ ճամբարը լքում էին հիմնականում ընտանիքները։
Յուրաքանչյուր «transfer»՝ տեղափոխում, մի տեսակ խորթ էր թվում ու կարծես հեռու։ Այն ինձ չէր վերաբերվում, և ամեն անգամ թվում էր՝ դեռ վաղ է ինձ համար լքել ճամբարը։ Միաժամանկ նման օրերին աշխարհը խորթանում էր, դառնում անծանոթ, առավելապես, երբ նորեկները լրացնում էին ճաշարանի և գումար ստանալու հերթը։
Բակ մտան չորս ավտոբուսներ, յուրաքանչյուր ավտոբուսի դռան մոտ կանգնեց տվյալ ավտոբուսի վարորդը՝ ձեռքին բարձր պահած մի թիվ՝ մինչև չորսը։ Ուղևորները, նախօրոք յուրաքանչյուրն իմանալով իր տեղը, շարվեցին ավտոբուսների դիմաց։ Խոհանոցի աշխատողը կանգնած էր վարորդի հետ միասին՝ բաժանում էր ճամբարային վերջին նախաճաշը՝ սպիտակ թղթե տոպրակներով։
Ժամեր հետո ճամբարը դատարկվեց։ Ամեն անկյունում խաղաղություն էր տիրում։ Թվում էր՝ քիչ հեռվում օդ բարձրացող ինքնաթիռներն անգամ սավառնում են՝ առանց աղմկող շարժիչների։ Ճաշարանում հերթ չկար, զուգարանները մաքուր էին մինչև երեկո։ Ճաշից հետո իմ առաջին խնդիրը եղավ  շտապել բաղնիք։
Չնայած բաղնիքի աղբամանը դեռ անցած անգամվա աղբով էր, բայց առավոտյան ինչ մաքրվել էր, դեռ չէր կեղտոտվել։ Ներսում՝ նեղ ու երկար շարժական տնակում տեղադրված էին փոքրիկ խուցեր, որտեղ, բացի ուղիղ կանգնելուց, ոչինչ դնել կամ վերցնել հնարավոր չէր, պարզապես յուրաքանչյուրը ստիպված էր միջանցքում հանվել, հետո միայն մտնել ցնցուցի տակ, իսկ ցնցուղը, որտեղ մտա, արդեն չկար, ուստի ստիպված եղա շատերի պես օգտվել անհարմար ֆշշացող ջրի խողովակից։ Օրվա իմ առաջին խնդիրը լուծված համարելով՝ շտապեցի վրան։ Ցնցուղից հետո գլուխս սկսել էր անտանելի  այրվել, կարծես, դեմքիցս կրակ էր թափվում, մնացի պառկած՝ անգամ չգնալով ճաշի հետևից, այն հերթական անգամ ինձ համար բերեց աֆղան հարևանը։
Ընթրիքին դեռ ժամանակ կար, երբ բակ մտան առավոտվա ավտոբուսները։ Երբ հերթական փախստականներին շարում էին կարմիր պատի տակ՝ պարզապես նայելով անցա։ Կանգ չառա, ինչպես շատերը. այն մի տեսակ օտար ու սարսափելի թվաց։ Օր-օրի իմ մեջ կարծրանում էր այն զգացողությունը, որ ես այդ ճամբարը ոչ թե եկել էի, ինչպես բոլորը, այլ միշտ այնտեղ էի եղել և ոչ մի տեղից էլ չէի եկել, իսկ նրանք՝ բոլոր, այն անթիվ ավտոբուսների մարդիկ, ընդամենը գալիս էին, որպեսզի հետո գնան։
Նորեկների մեջ այլևս հայրենակից կամ հարազատ դեմքեր չէի փնտրում: Արդեն ունեի հին դեմքեր, որոնց պարզապես սովորել էի, իսկ նրանցից կերտել հարազատ դեմքեր մի տեսակ անհնար էր։ Սովորեցի նրանց աղմուկին ու աղտոտելուն։ Հիմնականում, այդ ամենին հետևելով իմ անկյունից կամ քայլելիս, թվում էր՝ մասնակից եմ բոլոր իրադարձություններին։ Ամեն ինչն օր-օրի այնպես էր տպավորվում իմ մեջ, որ հաճախ տպավորություն էր ստեղծվում՝ ես էլ իմ բաժին մեղքն ունեմ աղմկելու և աղտոտելու մեջ։
Ճամբարում բոլոր լեզուները մնացին օտար, իսկ ամենավատը՝ անհասկանալի։ Հետզհետե լռությունը դարձավ իմ անբաժան ընկերը, իսկ իմ մայր լեզվով կարող էի միայն մտածել ու գրել։
Թվում էր՝ այնտեղ խցկվել էի մի նեղլիկ անկյունում, դժվարանում էի շնչել, շարժվել, ժպտալ ու խոսել։ Իմ գտած նոր աշխարհը նեղ էր ցավեցնելու չափ և խուլ լսելու, հասկանալու համար։ Մարմինս հոգուս հետ կծկվում էր, ու իմ էությունն անգամ դառնում էր մի կծիկ և կուչ  էր գալիս մահճակալի փակ մասում։ Այդ ժամանակ իմ հեկեկոցը խլացնում էի՝ այրվող գլուխս մտցնելով բարձի տակ։ Ինձ՝ իմ ավիրված աշխարհից ետ էր բերում, երբ մեկն անցնելիս կոպտորեն դիպչում էր մահճակալին, և ես նորից կախված սավանի հետևից հետևում էի միշտ անհանգիստ զանգվածի վերածված քայլողներին, վազողներին և աղմկողներին։

Комментариев нет:

Отправить комментарий