вторник, 26 марта 2019 г.

596-րդը


Այսպիսով՝ մահճակալը մնաց ինձ, իսկ Նաիրին իմ անբաժան՝ մահճակալ կիսողը։
Ճամբարում օրերը որքան էլ դժվար գլորվելու հատկություն ունենային, միևնույն է, այդ օրերն անցնում էին՝ յուրաքանչյուրին կապելով այնտեղ տիրող բարքերին։ Կենցաղային ազատությունը նրանց վերադարձնում էր վայրի բնազդին, և նրանք դառնում էին անկառավարելի՝ երբեմն անգամ վտանգավոր։ Ուստի ներքին վախը միշտ իշխում էր պասիվ կենվորներին, նրանք էլ իրենց հերթին համարյա չէին խառնվում տիրող իրադրությանը։
-          Դե ի՞նչ, չե՞ք գնում գումար ստանալու,- վրան մտնելով՝ հարցրեց Նաիրին։
Զարմացած նայեցի նրան, քանի որ իմ հաշվարկով հաջորդ օրն էր գումարի օրը։
-          Ինչու՞ եք այդպես նայում, գնացե՛ք, շուտով ժամը կավարտվի,- շարունակեց նա։
-          Իսկ դու՞․․․
-          Ես վրացիների հետ էի հերթ կանգնել․․․
-          Իսկ ինչպե՞ս ես շփվում նրանց հետ։
-          Ինչու՞, ռուսերեն,- զարմացավ Նաիրին։
-          Իսկ ես կարծում էի՝ միայն անգլերեն են խոսում, չնայած դու անգլերեն էլ ես խոսում։
-          Ո՛չ, կարող եք դուք ևս շփվել, լավ մարդիկ են։
Ակամա հիասթափված և ավելի ընկճված դուրս եկա, ուղղվեցի պահեստի կողմը։ Քանի որ շատ էի ուշացել, ուստի հերթ չկար, ուրախացած ներս մտա։
-          Hallo !,-երևի հազարերրորդ անգամ կրկնեց  գանձապահը, բացեց ցուցակը, գտավ 596-րդը։ Նրա կողքի նստած երիտասարդն ինձ տվեց երեսունմեկ եվրո և մի քանի ցենտ։ Չնայծ միայն առաջին անգամը քառասունմեկ եվրո ստացա, սակայն տասը եվրոի պակասը երբեք չազդեց իմ տրամադրության վրա։ Նորից հոգով երախտապարտ մնացի այդ օտար ազգին, եթե անտեսենք ինձ ճանաչելը՝ որպես քանակ և 596-րդ․․․
Իմ լիարժեք ուրախության զգացումին կնախանձեր անգամ ցանկացած չկշտացող միլիարդատեր։
Անցնող օրերի հետ թեթևանում էր նաև ոտքիս ցավը, սակայն, կարծես, այդ նույն օրերի հետ էլ խաթարվում էր առողջությունս, և ստիպված էի նորից ամեն օր հերթ կանգնել բուժկետի դռանը։  Ճնշումս մշտապես 200-ի սանդղակին էր։ Օրական մեկ հաբ ընդունելու ազդեցությունը զրո էր, ուստի վհատվում էին տարբեր հերթապահ բժիշկներ՝ նրանց հետ նաև ես։ Իմ անմխիթար, մենակության դատապարտված կարգավիճակն ինձ ստիպում էր ամենուր և բոլորի մեջ թարգմանիչ փնտրել։ Նաիրին այդպես էլ  հրաժարվեց օգնել՝ գերադասելով թղթախաղը և, ահա, սկսեցի օտարների մեջ յուրային փնտրել․․․

Комментариев нет:

Отправить комментарий