четверг, 14 марта 2019 г.

Խալեդը (596-րդը)


Ճամբարային երկրորդ շաբաթն էր ընթանում։ Դժվարությունները մի տեսակ սկսել էին խառնվել ծանրությանը, կարծես, ինձ ճզմում էին  յուրաքանչյուր անցնելու հատկություն չունեցող օրվա հետ։ Միակ մխիթարությունը մնում էր լացը։ Լացում էի թաքուն, լացում էի ամեն օր, լացում էի երբ մենակ էի, իսկ ես միշտ մենակ էի։
Կային մարդիկ, որ փորձում էին ընդհանուր դարձած առօրյաից գեթ մի պահ կտրվել ու տրվել  ներաշխարհին, սակայն, ավա՜ղ, որքան դժվար էր․ տիրող աղմուկը կտրում էր ցանկացած միտք և ցանկություն։
Շարունակում էի փնտրել՝ նախ ուզում էի անպայման լողանալ, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում, իսկ երկրորդը՝ դուրս գալ սպանող մենակությունից, սակայն լեզվի չիմացությունն ինձ գամում էր հուսահատության պատին և նորից տրվում էի թաքուն մտքերին, որից հորդում էին  արտասունքներս։
Նաիրին, որպես տղամարդ, շուտ գտավ իր տեղն ու շրջապատը։ Նրան կարողանում էի տեսնել միայն նախաճաշին, ճաշին և ընթրիքին, մնացած ժամերին ուրիշ վրանից  ծանոթացած ընկերների հետ էր լինում։
-          Գնում եմ խանութ, ձեզ ինչ որ բան հարկավո՞ր է, կարող եմ բերել,- մի անգամ նա դիմեց ինձ։
-          Մոտերքում խանու՞թ կա,- զարմացա ես։
-          Ո՛չ, ուզում էի ասել  մարկետ։
-          Այդ դեպքում, եթե հնարավոր է տետր, թեյ և անձեռոցիկ,- արագ թվարկեցի, կարծես, վախենալով մտափոխվելուց և նրան տվեցի տասը եվրո։
-          Ճաշը կստանա՞ք,-  փոխարենը հարցրեց Նաիրին, ապա մեկնեց ինձ իր կապույտ քարտը։ Ուրախությամբ հանձն առա, բայց քանի որ ճաշին դեռ ժամանակ կար, ուստի Նաիրիի գնալուց հետո որոշեցի նորից փնտրել լոգարանը։
-          Hallo !,- բոլորը՝ փախստական և աշխատակից, պահակները միայն այդ բառն էին արտասանում իրար կողքով անցնելից՝ անգամ փոքր երեխաները։
Ահա, հերթական անգամ ժպտադեմ մենեջերուհին անցավ բարևելով, իսկ ես երկա՜ր մնացի՝ նրա հետևից նայելով, հոգուս խորքում այնպես ցանկանալով հարց տալ նրան, խոսել, սակայն լեզվի չիմացությունն ինձ դարձնում էր խուլ ու համր, իսկ ակամա պարտադրված լռությունն սպանում էր՝ օրեցօր վատացնելով ինքնազգացողությունս։
Շարունակեցի քայլելով փնտրել, երբ վերջացան զուգարանների շարքը, այս անգամ  ռիսկ արեցի ավելի առաջ գնալ․ ահա, նորից շարունակվեց նույն շարքը։ Մինչ այդ, որ ինձ թվում էր՝ այդ շարունակությունը աշխատակիցների զուգարաններ էին, պարզվեց նաև լոգարանների շարքն էր։
Որքա՜ն հիասթափություն, երբ փորձեցի ներս մտնել։ Իհարկե դժվարությամբ հաջողվեց։ Կանացի կեղտոտ ներքնազգեստը նետած էր հատակին՝  կեղտաջրերի մեջ, քիչ այն կողմ աղբով հագեցած մեծ աղբամանն էր, որից կախ էին ընկած աշխարհի ամենակեղտոտ ներքնազգեստներն ու տակդիրները, հատակը հագեցած էր մազափնջերով, ողջ հատակը դեղնավուն ջուր էր։
Նետվեցի դուրս, հաղթահարելով զզվանքս, մտքում քրքրեցի օրվա ժամերը, թե երբ կարող էր փոքր ի շատե հնարավոր լիներ մտնել այնտեղ, և գտա՝ առավոտյան ժամը երեքից չորսին։
Ցավոտ խնդիրներից մեկը լուծված համարելով՝ վերադառնում էի վրան․․․
-          Եվ դու ես մենակ և ես եմ մենակ, արի միանանք,- ինձ համար անսպասելի լսվեց շատ մոտիկից, վատ ռուսերենով։ Կանգ առա, ետ նայեցի։ Խոսողը կանաչ աչքերով, շիկահեր գանգուրներով, ավելի շուտ մազերը թափված, քան լայնաճակատ, միջին հասակի, արդեն երեսունվեցը լրացած  մի երիտասարդ էր։ Նա շտապում էր միանալ ինձ։ Զարմացած նայեցի նրան, ապա ռուսերենով պատասխանեցի, ինչն իմ իմացած միակ լեզուն էր  մայրենիից բացի։
-          Ինչի՞ց որոշեցիք մենակ եմ։
-          Տեսնում եմ, դու միշտ միայնակ ես  ու տխուր։
Իհարկե ինձ համար խորթ էր անծանոթի անմիջականությունը, սակայն այն համարեցի լեզվի չիմացության հետևանք և իմ մեջ հաղթեց հանդուրժողականությունը։
-          Այստեղ շատերն են միայնակ,- պատասխանի հետ նայեցի առաջին վրանի կողմը,- Դու այնտեղի՞ց ես։
-          Այո՛։
-          Տեսնու՞մ ես՝ մի ամբողջ վրան միայնակներ են։
Նա լռեց, մի պահ ետ մնաց, ապա նորից հավասարվեց ինձ։
-          Անունս Խալեդ է։
-          Սիրիայի՞ց ես։
-          Այո՛, ինչպես բոլորը․․․
-          Ռուսերենը որտեղի՞ց գիտես։
-          Ռուսաստանում երեք տարի աշխատել եմ։
-          Իսկ ինչու՞ հեռացար, չեմ կարծում՝ այնտեղ անտանելի էր, առնվազն քեզ համար։
-          Վատ չէր, աշխատանք էլ ունեի, սակայն անօրինական էի, քսան անգամ դիմեցի, բայց ապարդյուն՝ քսան անգամն էլ մերժվեցի, դե ես էլ վերադարձա հայրենիք։ Որոշ ժամանակ անց եկա Գերմանիա,- մի կերպ կարողացավ բացատրել նա՝ խեղելով ռուսերենը, իսկ ես լարված ոչ թէ լսում էի, այլ աշխատում էի հասկանալ նրան։ Խոսակցությունը կիսատ մնաց, երբ հավասարվեցինք իմ վրանի մուտքին․․․

Комментариев нет:

Отправить комментарий