пятница, 22 марта 2019 г.

Մարդը տարբեր է՝ բարությունը նույնը (596-րդը)


Իմ շվարած պահին ծեր գերմանուհին փորձում էր անկողնուց վեր կենալ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում։ Հակառակ կարծրացած սովորության, որ մարդը պետք է անկախ լինի, և օգնելը կարող է համարվել խղճահարություն, նման դեպքում ինչ էլ համարվեր իմ օգնությունը, մոտեցա կնոջը, երկու ձեռքերից բռնեցի, բարձրացրի։ Նա կանգնեց հատակին և զարմացած նայեց ինձ, ժպտաց։
-          Danke,- ժպիտի հետ շշնջաց նա, մանրիկ քայլերով մտավ լվացարան։ Տևական ժամանակ հետո դուրս եկավ, նորից փորձեց պառկել, ստացվեց ավելի ծանր էր նրա համար, ուստի նորից մոտեցա, օգնեցի պառկել, այնուհետև ուղղեցի ծածկոցը․․․ Նա շարունակում էր զարմանալ, իսկ գուցե հոգու խորքում հարցնում էր․ «Ինչի՞ համար, ո՞վ է այս օտարականը, որ հանդգնում է խախտել երկրի կարգը․․․»
Բայց ինքս բավականին լավ էի զգում, երբ նա սկսել էր բացի իմ կողմը նայելուց,  նաև ժպտալ։ Հասկացա՝ որքան էլ այդ կինը ապահովված էր և «շրջապատված» հարազատներով, միևնույն է՝ նա ջերմության և հոգածության կարիք ուներ։ Ակամա հանգեցի մի եզրակացության՝ մարդու ինքնուրույնությունը լքում է նրան տարիքի հետ։
Իմ վիրահատության սպասելու՝ քսանչորս ժամվա ընթացքում, գերմանուհուն  տեսության եկավ աժդահա մի տղամարդ։ Նրա վրայից փչում էր ծխախոտի և էլի ինչ որ տարօրինակ ծանր հոտ, նա անխնամ տեսք ուներ, խոսում էր բամբ ձայնով և նույն կերպ բարձր ծիծաղում։ Գերմանուհին, ինչպես թոռնուհու, նույնպես այդ տղամարդու հետ աշխուժացել էր ու անվերջ խոսում էր ու խոսում․․․ Ժամից ավել տևած այցելությունից հետո, տղամարդը հրաժեշտ տվեց, դուրս եկավ։
-          Որքա՞ն են հարգում նրան,- նկատեցի ես։
-          Դժբախտաբար այս աշխարհում շատ անգամ սիրո և հարգանքի հիմքում շահն է խոսում։ Մեր օրերում հազվադեպ է ծնողն արժանանում անշահախնդիր սիրո։
-          Ինչու՞ եք այդպես ասում։
-          Պարզապես այդ կինը մի քանի բնակարան ունի, իսկ այդ անխնամ տղամարդը նրա որդին է,- պատասխանեց Վերան՝ ավելի տխրելով։
-          Իսկ ինչու՞ էր այդպես, որքա՜ն տարբեր են մայր ու որդի։
-          Նրա հոբին ձիերն են, ուստի հազիվ թե այլ տեսք ունենար։
Այլևս լռեցի, ընկա մտքերի մեջ, քանի որ բժշկի որոշումն իմ գլխից դուրս չէր գալիս, որքան էլ աշխատեի ցրվել։
-          Guten Tag,- Ներս մտավ սուրճի գույն հիշեցնող մաշկով բուժքույրը։ Նրան առաջին անգամ էի տեսնում, իսկ հագուստը նման չէր մյուս քույրերին։
-          Hallo,- Վերայի հետ պատրաստակամ պատասխանեցինք բարևին՝ իսկ ես այդ ընթացքում   աշխատում էի հարմարվել լուսամուտի գոգին՝ փորձելով  արևի օգնությամբ տաքացնել իմ սառած վերջույթները։ Նա մանրիկ քայլերով, ժպտադեմ, որից երևում էր նրա սպիտակ ատամանաշարը, մոտեցավ ցուցամատը դրեց Վերայի ճակատին մի քանի բառ շշնջաց, ապա նայեց ինձ․
-          Ինչու՞ ես մրսում, շոր հագիր։
Իհարկե շատ կուզենայի պատասխանել, բայց նման դեպքերում միայն նայում էի խոսակցիս։
-          Նա ճամբարից է, ուրիշ հագուստ չունի,- իմ փոխարեն պատասխանեց Վերան։
Լսելով  հնդկուհին նկատելի լրջացավ, ապա, ըստ Վերայի, խոստացավ ինձ հագուստ բերել․․․ Իհարկե ոգևորիչ էր լսածս, բայց դրանից ոտքերս չտաքացան։ Երբ նա դուրս եկավ, Վերան ինձ տվեց մի զույգ սև կիսագուլպա,  իսկույն հագա՝ պատուհանի գոգն ազատելով իմ ծանրությունից։
-          Մի տեսակ թեթևացա,- ասաց Վերան։
-          Ինչի՞ց։
-          Երբ այդ հնդկուհին մատը դրեց իմ ճակատին։
-          Իսկ նա ո՞վ է, նման չէ բոլորին ։
-          Այս հիվանդանոցը նրա պապինն է եղել, և հիմա ինքը այստեղ բաժնետեր է, բայց իրեն ոչ ոքից բարձր չի դասում, իսկ հագուստը՝ նա գթության քույր է։
Լռեցի՝ համեմատելով իմ հայրենիքի սեփականատերերին այդ նիհար ու փոքրամարմին կնոջ հետ․ պարզվեց՝ ոչնչով հնարավոր չէր լցնել այդ անդնդախոր տարբերությունը։

Комментариев нет:

Отправить комментарий