понедельник, 25 марта 2019 г.

Նեդան (596-րդը)


Դրսում քամին խառնում էր տեղացող վարար անձրևի կաթիլները՝ շփելով իմ դեմքին։ Ցրտից կուչ եկա։ Իմ միակ տաք հագուստը ռուս կնոջ տված կիսագուլպաներն էին։
Մինչև Հան, ճանապարհը սպասվածից կարճ տևեց։ Գուցե ոչ ոք ինձ պարտավոր չէր, բայց հոգուս վրա ծանր բեռ էր հնդկուհու օգնությունը․ այն կազմված էր մեծահասկների համար նախատեսված գիշերանոցներից և մի քանի մեծ ու մաշված ջինսե տաբատներից։ Եվ ահա իմ երախտամոռությունը գլուխ բարձրացրեց, երբ հասա Հան։ Առաջին գործը եղավ այդ հագուստից ազատվելը։ Այն խնամքով դրեցի պահակակետի պատի տակ, ներս մտա։ Ինչպես կարգադրված էր, ծրարը հանձնեցի օրվա հերթապահ բուժքրոջը, այնուհետև քայլեցի դեպի վրան։ Չորս օրվա իմ բացակայությամբ ոչինչ չէր փոխվել։ Պարզվեց՝ իմ ներկայությամբ կամ բացակայությամբ ոչինչ չի կարող փոխվել այս անկյունում և ընդհանպես աշխարհում։ Բոլորը նույնն էին։ Թվաց՝ առաջին անգամն եմ մտնում ճամբար և պետք է նոր տողից սովորեի վայրի բարքերին։ Առաջին պահը ծանր էր, սակայն ուրախացա, երբ իմացա, որ, այնուամենայնիվ, վրանում նկատել էին իմ բացակայությունը։ Ինձ տեսնելով՝ բոլորը ժպտացին, և համարյա յուրաքանչյուրը մոտեցավ ու բարևեց ձեռքով, անգամ բարեպաշտ մուսուլման տղամարդիկ, որոնց մոտ ընդունված չէ ձեռքով բարևելը այլ դավանանքի կանանց։ Էրմանը նույնպես բարեպաշտ մուսուլման էր, սակայն մոտեցավ, հարցրեց իմ որպիսիությունը և այնպես ժպտաց, որ նրա աչքերից միայն երկու գծեր մնացին։ Միայն Նարեկը եկավ շատ ուշացած, քանի որ, ինչպես միշտ, տարված էր թղթախաղով։
-          Օ՜, բարև ձեզ,- բացականչեց նա, ապա փլվեց իմ անկողնուն, ստացվեց իմ կողքին։
-          Բարև․․․
-          Ի՞նչ էր պատահել, գիտե՞ք ձեզ որքան ենք փնտրել,- մի տեսակ կշտամբանքով սկսեց նա։
-          Մի՞թե գաղտնի էի գնացել, հարցնեիք բուժկետից,- վիրավորանքս թաքցնելով՝ պատասխանեցի նրան։
-          Ոչ ոք ոչինչ չգիտեր, միայն, երբ Թրիրում ճշտեցին ձեր անունը՝ պարզվեց հիվանդանոցում եք։
Այդ պահին հիշեցի հիվանդանոցի երիտասարդ կնոջը, երբ իմ անունն էր հարցնում։
-          Շատ եմ ցավում բոլորիդ անհանգստություն պատճառելու համար, երկա՞ր եք փնտրել,- իսկապես ափսոսանքով շարունակեցի ես։
-          Այո, մինչ ուշ գիշեր։ Անգամ անտառում ենք փնտրել։ «Սեքյուրիթին» հեծանիվ տրամադրեց ինձ ու վրացի Գիոին, և մենք ամբողջ գիշեր փնտրեցինք, որտեղ հնարավոր էր։ Անգամ ադրբեջանցի Էլչիմը միացավ մեզ։
-          Անչափ զգացված եմ, եթե հեռախոս ունենայի, նման բան չէր լինի, ի՞նչ արած։
Ինձ մնում էր, թե հոգուս խորքում, թե բարձրաձայն ափսոսալ կատարված թյուրիմացության համար, որքան էլ դրանում մեղքի բաժինն իմը չլիներ։
Քանի որ սովորության համաձայն նույն պահին բոլորն էլ մոռացան իմ գոյության մասին, ինձ մնում էր իմ անկյունը քաշված, կիսվել գրչիս հետ․․․ Ոտքիս ցավից դժվարանում էի քայլել, այսպիսով, կա՛մ մնում էի նստած, կա՛մ քայլում էի կաղալով։
-          Բարև ձեզ,- կանացի մի ձայն բարևեց անգլերենով։
Գլուխս հանեցի սավանի արանքից․ փոքրամարմին, գեղեցկադեմ արաբուհին էր։ Իհարկե, ուրախացա, կիսապառկած տեղից ուղղվեցի, ապա նրան հրավիրեցի նստել աֆղան ընտանիքի տեղադրած նստարանին։
-          Ինչպե՞ս եք,- որպես նախաբան, սկսեց նա։
-          Gut, Danke։- Չնայած նա խոսում էր անգլերեն՝ ես էլ դժվարությամբ  պատասխանեցի գերմաներեն, և երկուսով սկսեցինք բարձրաձայն  ծիծաղել։
-          Մենք ընկերներ ենք,- շարունակեց արաբուհին՝ ավելի շատ հասկացնելով ձեռքերի օգնությամբ,- Անունս Նեդա է,- նա բարեկամաբար ձեռքը դրեց իմ ուսին․․․
-          Freundin,- նորից հնչեց իմ կցկտուր գերմաներենը, որից, իհարկե, նա ոչինչ չէր կարող հասկանալ, քանի որ բացարձակ չէր հասկանում գերմաներեն, ուստի իմ յուրաքանչյուր պատասխանից հետո, ստիպված էի կիսել նրա ծիծաղը։
-          Թե՞յ, սու՞րճ,- հարցրեց Նեդան, շարունակելով ծիծաղել, բայց ես լուռ նայում էի նրան, քանի որ իսկապես ոչինչ չէի ուզում։
-          Թե՞յ, սու՞րճ,- կարծելով՝ չեմ հասկանում՝ կրկնեց նա։
Որպեսզի շատ անհասկացողի տպավորություն չթողնեի նոր ընկերուհուս վրա, պատասխանեցի․
-          Թեյ։
Նա տեղից վեր թռավ երեխայի պես, վազեց իր մահճակալակացարանի կողմը։ Քիչ հետո  վերադարձավ՝ երկու բաժակ թեյով, և միասին խմեցինք այն՝ զրուցելով մեր ձեռքերի օգնությամբ, որոնք հաճախ դժվարանում էին պտտվել  մեր ուզած ձևով, և նման դեպքերում մեր միտքը մնում էր չհասկացված մի կողմի համար։
Այդ օրվանից ի վեր նա հաճախ էր մոտենում, նստում իմ մահճակալի մոտ, և մենք  զրուցում էինք՝  իհարկե, երկար ժամերով տանջելով մեր ձեռքերը։

Комментариев нет:

Отправить комментарий