среда, 27 марта 2019 г.

Ճամբարը և կենցաղը (596-րդը)


Հերթական առավոտ արթնացավ ճամբարը յուր վայրի բարքերով, որից հառնում էր աղմուկն ու անտանելի աղտոտվածությունը, իսկ ճաշարանն ինչպես միշտ  տնքում էր երկար հերթից ու միշտ իրար հրմշտող հերթ կանգողներից։ Ետևի դռնից ներս մտավ բավականին գեղեցկադեմ մի երիտասարդ, կանգնեց հերթի մեջ։ Եթե մինչ այդ անչափահասներն իրար միայն հրմշտում էին, ապա նա սկսեց ոտքով հարվածել իր առջևում կանգնած պատանուն՝ ի զարմանս ինձ, հայհոյելով ռուսերեն․․․ Երկար հետևեցի այդ չափահաս չարաճճիին և, դուրս գալով  հերթից, հիասթափությունն ինձ ստիպեց մոռանալ նրան:
Ճաշից հետո, երկար ժամանակ շրջում էի ճամբարով․ այն բացառապես ասֆալտապատ էր, առանց կանաչապատման։ Բացի ճաշարանից՝ ճամբարը կազմված էր մոտավորապես ինը բնակեցված վրաններից, իսկ տասնհինգ  փոքր վրաններ մնացել էին դատարկ՝ անհարմարության և ցրտի պատճառով։ Տեղատարափ անձրևները պարզապես հոսում էին այդ վրանների տակով։ Բնակեցված վրաններից, ինչպես արդեն նշեցի, ամենափոքրը մերն էր։ Մյուս վրաններում բնակիչները նույնպես խառն էին՝ տղամարդ, երեխա և կին, բացառությամբ թիվ մեկ վրանի, որտեղ միայն տղամարդիկ էին:
Իմ քայլերը նորից ինձ տարան դեպի ցանկապատը, որտեղից անմիջապես սկսվում էր կանաչ դրախտը։ Երևում էր մոտակա սաղարթախիտ անտառը, և այն վերջանում էր ճամփեզրի բացատով: Կարծես անմիջապես ծառերի հետևից դղրդյունով վեր էին խոյանում ինքնաթիռները, բայց այն խաբուսիկ էր՝ Ֆրանկֆուրտ Հան օդանավակայանը բավականին հեռու էր գտնվում ճամբարից։
Մեր ճամբարի արևելյան մասով անսահման եգիպտացորենի դաշտերն էին, որտեղից ճամբարաբնակները թաքուն եգիպտացորեն էին բերում և մեծ կաթսաներով խաշում, այնուհետ այդ եփված եգիպտացորենից կարելի էր տեսնել վրանների բակերում՝ ամենուր կիսակրծած: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև աշխատակիցների կողմից փակվեց մետաղյա ցանկապատի բացված ճեղքը:
Բակից երևում էին հսկա, ժամանակից խունացած մի քանի թափուր շենքերը և պատերազմի ժամանակներից մեր օրերին հասած կլոր պահեստները, որոնք թաղված էին  մոլախոտերի մեջ, իսկ բանուկ, լայն ճանապարհից ներքև երևում էին մոտակա գյուղի ցից տանիքները, կարծես, նրանք վիզները երկարացրած՝ միշտ դեպի երկինք էին ձգտում․․․
Ճամբարից դուրս տանող մայթը մարդաշատ էր։ Բոլորն ինչ որ տեղ էին շտապում։ Ես կարողանում էի միայն նայել իմ կողքով շտապող մարդկանց, քանի որ հասկանալի պատճառով անկարող էի հարցնել, թե ու՞ր են շտապում, ուստի ինձ մնում էր երկար նայելուց հետո վերադառնալ վրան։
Ինչպես միշտ Նաիրին կա՛մ թղթախաղի էր, կա՛մ նստած էր իմ բաժին մահճակալին։
-          Չգիտե՞ս, թե ուր են շտապում բոլորը,- հարցրի՝ կանգնելով նրա դիմաց, և մինչ նա կպատասխաներ, ինձ համար ևս մի բան պարզեցի՝  ես ու Նաիրին հասակով հավասար էիք, երբ նա նստած էր։
-          Ներքևում փոքրիկ եկեղեցի կա՝ այնտեղ հագուստ են բաժանում փախստականներին։
-          Իսկ ինչու՞ դու էլ չես գնում։
-          Հերթը շատ է, անհնար է։ Առաջնայինը Սիրիայից եկածներին է,- առանց իմ կողմը նայելու՝ դժգոհ պատասխանեց նա։
Այս դեպքում նա դժգոհում էր եկեղեցու արած հայտարարությունից, որը մեզ զրկում էր օգնություն ստանալու իրավունքից։ Ես լուռ նստեցի նրա կողքին, և ակամա մի հայացք գցեցի իմ ամառային կոշիկներին․ նրանք արդեն սկսել էին պատռվել։ Արդարացի համարելով հայրենակցիս տխրելը, ես էլ տխրեցի, և դուրս եկա վրանից։

Комментариев нет:

Отправить комментарий