суббота, 9 марта 2019 г.

Նոր ճամբարում (596-րդի շարունակությունը)

Այդ պահին մենք ոչ թե սպասում էինք, այլ հոգնությունից և սովից տառապում, հաճախ մեկ ոտքից փոխվելով մյուսին։ Վերջապես մեզ մոտեցավ աշխույժ, փոքրամարմին, կիսաճերմակած մազերով, կապույտ աչքերով, միջին տարիքի մի գերմանացի տղամարդ։
-          Hallo!,- արտաբերեց նա, ապա շարունակեց,- Ես մենեջեր Ալբերտն եմ։
-          Ի՞նչ եք կարծում, նրան չխնդրենք, որպեսզի մեզ նույն վրանում տեղավորի,- Նաիրին դիմեց ինձ։
-          Թո՛ղ այդպես լինի,- համաձայնվեցի, քանի որ իմ իմացած լեզուները ճամբարում հազիվ թե պետք գային, իսկ Նաիրին խոսում էր անգլերեն և, ընդհանրապես, արդեն միևնույն էր, թե ուր կընկնեի և ում հետ։
Ազգակիցս մոտեցավ Ալբերտին։ Կարծում եմ՝ մենեջերի համար ևս միևնույն էր, թե մենք որ վրանում կլինեինք, կամ միասին, թե առանձին, բայց նա մեզ առաջարկեց հետևել իրեն։ Մեզ միացան վրացի  ընտանիքները և արաբ երիտասարդները։
Ծանր ու մեծ ճամպրուկները քարշ տալով Ալբերտի հետևից՝ հայտնվեցինք միջին մեծության մի սրահում․ այն ավելի շատ խանութ էր հիշեցնում։ Բոլորս նորից հերթ կանգնեցինք։ Մեջտեղում դրված սեղանի մյուս կողմից մեզ բաժանեցին նոր, ձյունաճերմակ սպիտակեղեն։ Մնացի շփոթված, քանի որ չկարողացա և՛ ճամպրուկս քարշ տալ և՛ սպիտակեղենը տանել։ Ալբերտը վերցրեց իմ բաժին սպիտակեղենը՝ մեզ ուղեկցելով ճամբարի ամենավերջին  և ամենափոքր վրանը։ Վրանը նոր էր տեղադրված։ Ներսում համատարած շարված էին փայտից ու բրեզենտից պատրաստված ցածր ու չոր մահճակալներ։
 Ինչպես շատերը, տարակուսած շուրջս նայեցի։
-          Եկե՛ք տեղավորվենք դռանը մոտիկ,- առաջարկեց Նաիրին։ Ճամպրուկս քարշ տալով՝ հետևեցի նրան, և մենք գրավեցինք երկու մահճակալ, այնպես, որ երկու կողմից էլ  մնացինք դռներին մոտիկ՝ անկյունում։
Թևաթափ ընկա մահճակալին՝ վերջապես անտանելի բեռ դարձած ճամպրուկս ոտքով հրելով մահճակալի տակ, սակայն խորը շունչ քաշելու փոխարեն, մի տեսակ սկսեց շունչս կտրվել, երկա՜ր ժամանակ մնացի նստած։ Թվում էր՝ զգայարաններս կորցնում են իրենց հատկությունը։
-          Որքա՜ն թանկ եմ վճարել այս մահճակալի համար,- ոչ պակաս տխուր շշնջաց Նաիրին և ընկավ իմ կողքի մահճակալին։ Նշեմ՝ մահճակալները համարյա իրար կպած էին։
Դեռ ուշքի չէինք եկել, երբ նորից ետ եկավ Ալբերտը՝ ինձ ու Նաիրիի համար բերելով ընթրիքը, քանի որ արդեն ուշ ժամ էր։
Ընթրիքը բաղկացած էր մեկական բարակ շերտ ապուխտից, երշիկից, պանրից և 25-ական գրամ ջեմ ու կարագից և, իհարկե, մի քանի կտոր սպիտակ հացից։
Թաքուն զարմանքով երկար նայեցի կարագին, քանի որ իմ երկրի անկախացման տարիներին այն անհասանելի էր դարձել շատերի համար՝ որպես ուտելիք։ Կարագը վերածվեց դելիկատեսի և հիմնականում մատուցվում էր ռեստորաններում խավիարի հետ և հարուստների սեղանին։ Փորձեցի զարմանքս պարպել՝ ըմբոշխնելով այն, սակայն հոգնությունը հաղթեց, իսկ ախորժակս կորցրել էի դեռ Թրիրում։
Թեկուզ դեռ վաղ էր, բայց ընթրիքից հետո բոլորը պառկեցին։ Ոչ ոք չհանվեց։ Ես էլ սկսեցի սպիտակեղենը փռել մահճակալին, պարզվեց՝ ներքնակ չունեմ։ Նայեցի մյուս մահճակալներին՝ բոլորը պառկել էին առանց ներքնակի։ Նորից շվարեցի։ Չնայած հոգնած լինելուս՝ շարունակեցի մնալ նստած, երբ բոլորն արդեն քնել էին։ Ինքս էլ հագուստով պառկեցի։
Երկար ժամանակ քունս չէր տանում, անկողինս ցուրտ էր և նախանձով նայում էի իմ կողքին քնած Նաիրիին և խորը քուն մտած աֆղան ընտանիքին։ Մյուս կողքի արաբ երիտասարդը վաղուց խռմփացնում էր

Комментариев нет:

Отправить комментарий