воскресенье, 31 марта 2019 г.

«Ալլահ ակբար»(596-րդը)


Լսվող տարօրինակ շշուկներն ստիպեցին արթնանալ սովորականից վաղ։ Գլուխս դուրս հանեցի՝ երկու հոգի անմիջապես մահճակալիս մոտ չոքած մրմնջում էին։ Իհարկե, սկզբում վախեցա, բայց երբ կարողացա կիսամթության մեջ զանազանել Էրմանի դեմքը, խաղաղվեցի, մյուսը՝ Ջամիլն էր։ Նրանք նամազ էին անում, բայց ինչու՞ անպայման հենց իմ մահճակալի մոտ։ Գուցե ես արևածագին ավելի՞ մոտիկ էի։ Գուցե։ Մեկընդմեջ նրանց կողմից արտասանվող  «Ալլահ ակբար»-ը զգաստացրեց ինձ, այլևս քնելն անհնար էր։ Չնայած դեռ մութ էր՝ վեր կացա, դուրս եկա։
Աշնան շունչը զգացվում էր։ Այն աննկատ թևերը փռում էր ամենուր, որից հառնում էին խայտաբղետ գույները և մնում կառչած բնությանը, իսկ այդ շնչից մեզ՝ ճամբարաբնակներիս առատորեն բաժին էր հասնում զովն ու մառախուղը՝ հիմնականում հորդառատ անձրևները։ Թվում էր՝ դաշտերն աշնան հետ կռիվ են տալիս միշտ կանաչ մնալու, մարդուն մոլորեցնելու համար՝ պարտադրելով նրան հավատալ հավերժական ամռան գոյությանը։
Դեռ դրսում էի, կանգնած ցանկապատի մոտ, լուսաբացը սկսեց կապույտով ներկել հորիզոնը։ Մնացի դիմավորելու նաև արևածագը։ Երևացին ավելի հեռավոր կանաչ դաշտերը, իսկ նրանցից հետո, հեռվում նշմարվում էին բարձր ծառերի գագաթները․․․ Ամպերն սկսեցին, տարբեր կերպարանքներ առած, վազել հյուսիսից հարավ՝ իրենց ճամփին փակելով արևածագը։ Երկինքը պատեց մեգով, իսկ ամպերը սկսեցին վերածվել անտեսանելի կաթիլների՝ հպվելով դեմքիս։ Թարմության բույրն էր թևածում ամենուր։ Կարողանում էի լիաթոք շնչել։ Չնայած անհնար էր այլևս արևածագը տեսնել, բայց երկար ժամեր վայելում էի երկնային ցողը։

Комментариев нет:

Отправить комментарий