четверг, 28 марта 2019 г.

Բաչոն (596-րդը)


Անցնող օրերի շարանը դժվար էր երկարում, թեկուզ օրվա մեջ քսան անգամ հաշվեի հետևում մնացող շաբաթները։
Վերջանում էր սեպտեմբերը, սակայն վրաններում անտանելի շոգը շարունակվում էր։ Արաբ երիտասարդները միշտ միացրած էին թողնում տաքացուցիչը, և օդը բավականին նպաստավոր էր դառնում խեղդվելու համար, ուստի խեղդամահ չլինելու սկզբունքով ընթրիքից հետո դուրս եկա զբոսնելու, ինչպես միշտ առաջին շրջանը կատարելիս համդիպեցի ալբանացուն, ակամա արագացրեցի քայլես՝ նրան շրջանցելու հույսով։ Նորից մնացի հենված ցանկապատին, որտեղից երևում էր իմ սիրելի տեսարանը՝  երեկոյան Հանը լույսերի մեջ․․․ Բավականին հիանալուց հետո, սկսեցի շրջել փոքր վրանների արանքներով, որոնք թափուր մնալու պատճառով, երեխաների համար դարձել էին թաքնվելու, իսկ երիտասարդ մի քանի զույգերի համար համբյուրվելու տեղ, ինձ համար էլ՝ որպես ժամանակվոր թաքստոց անվերջ տիրող աղմուկից ․․․
Սիրում էի ճամբարի այդ մասը,  թաքնվում էի վրաններից մեկում և երկար ժամանակ մնում նստած, մինչև ներս էին ընկնում երկու երեխա կամ մի երիտասարդ՝ հեռախոսով բարձր խոսելով։ Միայն այդ ժամանակ վերադառնում էի վրան՝ սառած վերջույթներով։
Եվ ահա նորից դուրս եկա վրանից, երբ արդեն մութ էր։ Երկնքում աստղերն անհամար էին ու պարզ, լուսինը դեռ դուրս չէր եկել, սակայն շուրջն անսովոր լուսավոր էր։ Բացի գիշերային լույսերից՝ հեռո՜ւ, ծառերի միջից նշմարվում էր լույսերի մի փունջ։ Առաջ գնացի։ Ծառերի մեջ՝ օդից կախված երևաց մեծ խաչը, որից տեսել էի հիվանդանոցին հարակից բարձր սարալանջին։ Երկար Ժամանակ հիանալով իմ հայտանաբերած գեղեցկությամբ՝ սովորականից ուշ վերադարձա վրան։ Նաիրին արդեն եկել էր։
-          Հինգերորդ վրանում երեք հայ ընտանիքներ կան,- հայտնեց նա։
-          Երևի միշտ նրանց մոտ ես գնում։
-          Ոչ միշտ։ Միշայի մոտ էլ եմ գնում, նաև Էլչիմի։
-          Էլչիմին գիտեմ, իսկ Միշան ո՞վ է։
-          Ռուս է․․․
-          Ա՜, ռու՞ս է․․․ Ակամա ծոր տվեցի՝ հիշելով ճաշարանի երիտասարդին՝ հերթի մեջ արաբ պատանուն ոտքով հարվածելիս՝ ռուսերենով հայհոյելով։
-          Իսկ հայ ընտանիքների հետ բարեկամացե՞լ ես։
-          Ոչ այնքան։
-          Ինչու՞։
-          Նրանցից մեկն է մարդու նման, մյուսներին դժվար է հասկանալը։
Այդ ընթացքում մեզ մոտեցավ ճաղատ, արծվաքիթ, ցածրահասակ, քառասունին մոտ մի տղամարդ։
-          Բարև ձեզ,- հատուկ ակցենտով բարևեց ռուսերեն, ապա տնավարի նստեց աֆղանների նստարանին, ստացվեց իմ դիմաց։
Նաիրին տեղից վեր կացավ։
-          Գնացի՛նք,- քաշեց նոր նստած անծանոթի թևից։
-          Սպասի՛ր,- առարկեց նա, մնաց նստած,- գիտե՛ք՝ մենք հայրենակից ենք, մեր երկրները դարերով իրար բարեկամ ու հարևան են,- հակառակ Նաիրիի ցանկության՝ շարունակեց նա,- անունս Բաչո է, ընտանիքով եմ այստեղ, Վրաստանից ենք․․․
-          Ուրախ եմ,- բարևեցի նրան և իսկապես ուրախ էի։
Վերջապես Նաիրին հաղթեց, համարյա ուժով Բաչոին դուրս տարավ։ Նորից ընկա մտքերի մեջ, հանեցի տետրն ու գրիչը, բայց չհասցրի գրել, քանի որ սկսեցին աղմկել արաբ տղաները՝ բղավում էր չարաճճի, փոքրամարմին Աբու-Սաիդը՝ վրանի մի անկյունից ձայն տալով մյուս անկյունում իր համար պառկած Աբու-Մուհամեդին։ Ոչ ոք ոչինչ ասել չէր կարող, քանի որ ճամբարում բոլոր առավելությունները նրանցն էր։ Ինձ մնում էր պարզապես նայել նրանց։ Նման դեպքերում Աբու-Սաիդը ժպտում էր ու մի պահ լռում, գուցե հայացքս էր աղաչական կամ հոգնած, այդպես էլ չէի հասկանում, միայն մի պահ վայելում էի լռությունը, և շուտով աղմուկը վերագտնում էր աղմկողներին։

Комментариев нет:

Отправить комментарий