четверг, 28 марта 2019 г.

Ալբանացին (596-րդը)


Որքան էլ իմանայի ճշմարտությունը, միևնույն է կանացի բնազդն ինձ տարավ դեպի ելքը։ Մնացի պահակակետի մոտ կանգնած՝ նկատելով,  համարյա բոլորը ճանապարհին էին՝ մի մասը գնում էր դեպի եկեղեցի, մյուս մասն արդեն վերադառնում էր՝ մեծ պայուսակներով և լիքը տոպրակներով։ Անիմաստ համարելով անգամ դարպասից դուրս գալը՝ որոշեցի ետ դառնալ։ Առաջին վրանի բակում ինձ կանգրեցրեց գեղեցկադեմ, սափրագլուխ «սեքյուրիթին»՝ պահանջելով փաստաթուղթ։ Այդ պահին ակամա վերապրեցի ռուսաստանյան տարիները, երբ ոստիկանները չարաշահում էին իրենց դիրքը՝ նվաստացնելով օտարերկրացիներին՝ հիմնականում սևերին, ինչպես ընդունված էր անվանել կովկասցիներիս։ Ահա, նման ապրումով կուչ եկա, մանրիկ քայլերով մոտեցա նրան, մեկնեցի կարմիր խաչով թուղթը։ Նա երկար զննեց այն, զարմանք պատճառելով ինձ, քանի որ այնտեղ համարյա ոչինչ չկար գրված, վերադարձրեց՝ առանց խոսք ասելու, երկար նայելով ինձ։
Ետ ստանալով փաստաթուղթը՝ առաջին միտքը եղավ՝ որքան կարելի էր արագ անհետանալ նրա տեսադաշտից, և ես թաքնվեցի իմ միակ ապաստանում՝ մահճակալի մեջ։ Երկար ժամանակ մոռացա այն փոքրիկ եկեղեցում տրվող օգնության մասին՝ իհարկե միաժամանակ նախանձելով օգնություն ստացողներին։
Այդուհետ ամեն անգամ ակամա հիշում էի այդ «սեքյուրիթիին», երբ հասնում էի բուժկետին և երբ նա անհարկի ինձանից փաստաթուղթ էր պահանջում։ Ողջ ճամբարային  ընթացքում նա ոչ մի անգամ բարիացակամ չգտնվեց իմ հանդեպ։ Միայն շատ հետո իմացա՝ այդ «սեքյուրիթին» ազգությամբ ալբանացի էր։

Комментариев нет:

Отправить комментарий